Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ընկնելով պատմութեան յետեւից

ԱՐԱ ԱՅՒԱԶԵԱՆ

ՀՀ նախկին ԱԳ նախարար

Դիւանագէտների Համահայկական խորհրդի հիմնադիր անդամ

 

Վերջին տարիներին շատերիս մօտ ամրապնդւում է այն միտքը, որ պատմութիւնը կրկնւում է: Գուցէ՞ նախորդ տարիների մեր ցաւագին փորձն է առաւել ցայտուն դարձրել մեր հաւաքական գենետիկ յիշողութիւնը, իսկ կարո՞ղ է անցեալը կրկնւում է, որովհետեւ ինչ-որ պահի մոռացել ենք պատմութեան դասերը: Պատմութիւնն անցեալի զուտ ժամանակագրական նկարագրութիւն չէ, այն կենդանի եւ դինամիկ գիտութիւն է, մշտապէս առանցքային լինելով ներկայի ըմբռնման համար: Միայն անցեալը կարող է լուսաբանել եւ պարզաբանել այն գործօնները եւ միտումները, ինչպէս նաեւ քաղաքական, տնտեսական եւ ռազմավարական շրջանակները, որոնք կերտում են ներկան եւ, անշուշտ, կոչւած են ձեւաւորելու ապագան: Անցեալ-Ներկայ-Ապագայ շարունակական եւ անխափան եռամիասնութեան գիտակցումը անշեղօրէն ուղղորդել է բազմաթիւ ականաւոր գործիչների՝ իրենց պետութիւններն ու հասարակութիւններն առաջնորդելու առաքելութիւնում՝ պատմութեան ինչպէս խաղաղ, այնպէս էլ ճակատագրական փուլերում: Մինչդեռ այսօրւայ Հայաստանում պատմութեանը վերաբերւում են ճիշտ հակառակ կերպ:

Հայոց Ցեղասպանութեան 110-րդ տարելիցի նախաշեմին թուրքական լսարանի համար ականջահաճոյ յայտարարութիւն արւեց առ այն, որ «անցեալում մնալը շատ հեշտ» մոլորութիւն է եւ ճիշտը` նայելն է դէպի ապագայ, թողնելով անցեալը անցեալում: Սոյն մօտեցման սերուցքը այսպէս կոչւած «գաղափարական տրանսֆորմացիան» է, որը տարանջատել եւ հակադրել է Պատմական եւ Իրական Հայաստանը, Հայրենիքն ու Պետութիւնը, Ազգայինն ու Պետականը, Արցախն ու Հայաստանը: Անցեալն անցեալում թողնելու ջատագովներն բառացիօրէն ընկել են պատմութեան յետեւից, անդրդւելիօրէն ձգտելով վերբեռնել մեր հաւաքական յիշողութիւնն ու աշխարհընկալումը: Հայ ժողովրդի պատմութեան, Հայոց Ցեղասպանութեան եւ Արցախեան ազատամարտի նենգափոխման տխրահռչակ միտումներին վերջերս աւելացել է Հայրենական մեծ պատերազմի «նորարարական» վերաիմաստաւորման փորձը։ Սեփական պատմութեան եւ ազգային գաղափարական հիմքերի այս հետեւողական եւ անխնայ քայքայումն, իմ կարծիքով, ունի տարբեր պատճառահետեւանքային նախադրեալներ, սակայն կը ցանկանայի առանձնացնել հետեւեալ երեքը.

ա/ Պատմութիւնը բացայայտել է յեղափոխութիւնների երկաթեայ օրէնքը. յաջողութիւն հասնելու համար կենսական է տիրանալ մարդկանց մտքերին ու սրտներին: Նոր գաղափարախօսութիւնների յաղթարշաւի շնորհիւ տեղի ունեցան Ֆրանսիական եւ բոլշեւիկների յեղափոխութիւնները, ինչպէս նաեւ նացիստների իշխանազաւթումը Գերմանիայում եւ բազմաթիւ այլ օրինակներ: Ժողովրդական էյֆորիան՝ լցւած պայծառ ապագայի ակնկալիքով, անհրաժեշտ միջավայր էր ստեղծում նախկին իշխանութիւններից ազատւելու համար՝ դրա հետ մէկտեղ արմատախիլ անելով նախկին վարչակարգերի օրօք հասարակութեանը միաւորող եւ պատմական փորձից ձեւաւորւած արժեհամակարգն ու գաղափարախօսութիւնը։ 2018 թւականը լեցուն էր անհիմն խոստումներով, բայց զուրկ էր գաղափարական լուրջ հիմնաւորւածութեամբ զինւած պետութեան զարգացման այլընտրանքային տեսլականից: Կոռուպցիայի դէմ պայքարը, ժողովրդավարութիւնը, արդարութիւնը եւ խաղաղութիւնը որքան կարճաժամկէտում գրաւիչ կարող էին լինել զանգւածների համար, այնքան պէտք է անխուսափելիօրէն ցոյց տային միջնաժամկէտում իրենց սնանկութիւնը՝ պետութեան ռազմավարութեան տեսանկիւնից: Ամփոփելով կարելի է ասել, որ 2018-ին տեղի ունեցաւ իշխանափոխութիւն եւ, չնայած Եկեղեցու եւ Արցախի վրայ որոշակի երկչոտ յարձակումներին, նոր իշխանութիւնները դեռ պատրաստ չէին հարւածելու մեր պատմական եւ գաղափարական արմատներին։

բ/ 2020 թւականից յետոյ անցած տարիները ցոյց են տւել, որ հակառակորդին հետեւողականօրէն յաջողւում է մեզ պարտադրել իր կամքը, ինչը ցանկացած պատերազմում ամենադժւար նպատակն է։ Ամենավտանգաւորն այն է, որ Հայաստանի գործող իշխանութիւնները արդէն իսկ ընդունել են «յաղթողների» կամքը՝ թաքնւելով պատրանքային խաղաղութեան հետեւում: Անցած ժամանակաշրջանում միակողմանի զիջումները եւ խօսոյթը յիշեցնում են պատմական այն հաստատումը, որ «ուժեղն անում է այն, ինչ կարող է, իսկ թոյլը տառապում է այն, ինչ պէտք է»: Մենք հասել ենք մի օրհասական կէտի, երբ մեր հաւաքական գիտակցութիւնն ու դիմադրողականութիւնը ցանկանում են ենթարկեցնել թշնամու քմահաճոյքին, եւ այս նպատակով սկսել են վերանայել մեր պատմութեան ամենանւիրական փուլերը, որոնք սնուցում են մեր ազգային կամքն ու տոկունութիւնը։ Ինչպէս 1938 թւականին Մեծ Բրիտանիայի վարչապետ Նեւիլ Չեմբերլէնն էր յայտարարում, որ բերել է պատւաբէր խաղաղութիւն, որը «խաղաղութիւն է մեր ժամանակի համար», այնպէս էլ Հայաստանում յայտարարում են, որ լուծել են ռազմավարական մարտահրաւէրն ու պատերազմ չի լինելու: Բրիտանիան եւ ողջ Եւրոպան չվայելեցին խաղաղութիւնը, քանի որ պատմութեան եւ արտաքին քաղաքականութեան սխալ ընկալման պատճառով արեւմտեան ղեկավարներն ակամայ քաջալերեցին նորանոր պատերազմներ մղելու Հիտլերի վճռականութիւնը: Հայատեացութեան մէջ թաղւած Ադրբեջանը չի պատրաստւում Հայաստանի հետ խաղաղ գոյակցութեան՝ չնայած միջազգային ոգեշնչող յայտարարութիւններին։ Որքան անշրջելի լինեն մեր զիջումներն ու թուլանայ ազգային կամքը, այնքան սաստկանալու են Բաքւի պահանջներն ու աճելու է աշխարհաքաղաքական ախորժակը:

գ/ Առաջիկայում սպասւում են համապետական ընտրութիւններ: Ցանկացած կառավարութեան խնդիրն է պահպանել իշխանութիւնն ու վերարտադրւել: Իշխանութիւնը պահպանւում է քարոզչութեան միջոցով, որն ապահովում է հանրութեան հետ քիչ թէ շատ ներդաշնակ եւ համերաշխ համակեցութիւնը, իսկ վերջինիս տապալման պարագայում օգտագործւում է ուժը: Ինչպէս Քիսինջերն է նշել, յեղափոխութիւնից յետոյ նոր իշխանութիւնները «պէտք է ապաւինեն բիրտ ուժի՝ ինքնահաստատւելու համար», որի միջոցով ընդունւում է իրենց հեղինակութիւնն ու լեգիտիմութիւնը: Վերջին տարիներին Հայաստանում ականատեսն ենք եղել մի իրողութեան, թէ ինչպէս պաշտօնական քարոզչութեան ձախողման պայմաններում օրւայ իշխանութիւնները պարբերաբար դիմել են ուժային միջոցների: Նման դժւարին ժամանակներում անհրաժեշտ է փոփոխւող միջավայրին մեր նպատակներն ու միջոցները յարմարեցնող հմուտ եւ խոհեմ առաջնորդութիւն։ Յատկապէս ժողովրդավարական պետութիւններում իմաստուն ղեկավարութիւնը միաւորում է իր քաղաքացիներին համոզիչ եւ խելացի պատմութիւն-տեսլական հաղորդելու կարողութեամբ: Առաջնորդութիւնը փոխյարաբերութիւնների մասին է, այն իմաստ ունի միայն հետեւորդներ ունենալու պարագայում: Եւ վերջապէս, եթէ ​​քաղաքական գործիչները ձախողւում են ներքին քաղաքականութիւնում, նրանք կորցնում են հեղինակութիւնը արտերկրում. նրանց արտաքին քաղաքականութիւնն ու ռազմավարութիւնը ուղղակիօրէն դառնում են հանրային աջակցութեան պատանդը: Գործող իշխանութիւնների հետեւորդների երբեմնի ստւար բանակը անխուսափելիօրէն փոշիանում է, ինչը նշանակում է, որ առաջիկայ ընտրութիւններում միայն ուժին ապաւինելով յաղթելու հաւանականութիւնը խիստ կասկածելի է: Հետեւաբար, մեր բոլոր դժբախտութիւնների եւ սխալների «բուն պատճառների»` մեր պատմութեան, արժէքային համակարգի եւ աշխարհընկալման «խմբագրումը» վերջին յուսահատ փորձն է հասարակութեանը համոզելու ընդունել այսպէս կոչւած «գաղափարական վերափոխումը», ինչի արդիւնքում կը վերականգնւի իշխանութիւն-հետեւորդներ կապը եւ կերաշխաւորւի յաղթանակը յաջորդ ընտրութիւններում:

Որպէս վերջաբան. պէտք է գիտակցել, որ պատմութիւնը երբեք չի ներկայացնում անցեալի, ներկայի եւ ապագայի փոխկապակցւածութիւնը գծային տրամաբանութեամբ, ուստի հարկաւոր է զգուշանալ արհեստական եւ մակերեսային պատմական անալոգիաներից։ Պատմութիւնը եւ այն կերտող Ժողովուրդը միշտ ապացուցել են, որ աւելի իմաստուն ու համբերատար են, քան ցանկացած քաղաքական, հասարակական գործիչ եւ կարող են պատմական ապտակ տալ նրանց, ովքեր ընկնում են անցեալի յետեւից ու նենգափոխում են այն՝ յարմարեցնելով իրենց կարճաժամկէտ նպատակներին: Պատմութիւնը լի է այդպիսի օրինակներով:

«Այլընտրանքային» նախագծեր խումբ

Related Articles

Back to top button