«Ս. Մեսրոպ Մաշտոց»-ի շքանշանի շնորհում թաւրիզահայ Նայիրի Դիլանեանին

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հինգշաբթի, մայիսի 22-ի երեկոյեան ժամը 8:00-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, մեծարանքի յատուկ հանդիսութիւն եւ հայրապետական պարգեւատրման երեկոյ տեղի ունեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանի շնորհմամբ, Թաւրիզում երկար տարիների ուսուցչական վաստակ ունեցող Նայիրի Դիլանեանին:
Թաւրիզի առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» հանդիսասրահում, առաջնորդ Սրբազան Հօր կողքին ներկայ էին Թեմական խորհրդի եւ Պատգամաւորական ժողովի անդամները, պաշտօնական հրաւիրեալներ՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թաւրիզի եւ Ուրմիայի ազգային կառոյցների եւ Կրթական հաստատութիւնների ներկայացուցիչներ, Թեհրանի Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Արգին Մատթէոսեանը, պարուսոյց Կարինէ Մանուչերեանը, մեծարեալի ընտանեկան պարագաները, ինչպէս նաեւ թաւրիզահայ համայնքի ազգային ծրագրերի հաւատարիմ զաւակներ:
Բացման խօսքը կատարեց հանդիսավար Արաքս Առաքելեանը, որը նախագծելով ծրագրի ուղին, ասաց. «Գնահատման այս երեկոն առիթը պիտի ընծայի վերյիշելու եւ բոլորի սեփականութիւնը դարձնելու, թէ՛ ուսուցչական ասպարէզում, եւ թէ՛ ազգային-հասարակական ոլորտում, մեր շատ սիրելի Նայիրի Դիլանեանի քայլած ուղին եւ բեղուն գործունէութեան թողած ոտնահետքերը»:
Մեծարեալի կենսագրականը պատրաստւել էր նկարների եւ բացատրական խօսքի համադրմամբ, որը երաժշտութեան ընկերակցութեամբ ցուցադրւեց հանդիսասրահում, Անի Յակոբեանի միջոցով բնագրի ընթերցմամբ: Սոյն հաւաքածոն, Նայիրի Դիլանեանի շուրջ 30-ամեայ ծառայութեան ուրւագիծն էր պատկերացնում, նրա ազգային ծառայութեան եւ ուսուցչական ասպարէզի պատմական անցեալը մատուցելով հանդիսականներին:
Գեղարւեստական ծրագրի ընթացքին արտասանութեամբ ելոյթ ունեցաւ Փաթրիշիա Դանղեանը, իսկ մեներգով՝ Ռեբեկա Սարգսեանը, նւագակցութեամբ Կարէն Սարգսեանի: Այս առիթով, Կարէն Սարգսեանը, որպէս մանկական դասընկերն ու երկար տարիների գործակիցը, Նայիրի Դիլանեանին պատւեց ծաղկեկողովով: Գեղարւեստական բաժնում պարային ելոյթ տւեց Թաւրիզի ՀՕՄ-ի «Տաթեւ» պարախումբը, որի կազմակերպչական աշխատանքի մէջ մեծ է եղել Նայիրի Դիլանեանի դերը:
Մեծարեալ ուսուցչուհու կրթական աշխատանքի մասին երախտագիտական խօսքով իր զգացական արտայայտութիւնները ներկայացրեց, նրան աշակերտած Արաքս Առաքելեանը, յատկապէս ասելով. «Ընկերներ էինք, բայց միասնական աշխատանքով մեզ հարազատ դարձրեց, նաեւ մեզ տւեց գիտելիքների անսահման պաշար եւ մեզ ուղեկցեց, ազգային կեանք մուտք գործելու համար: Սիրելի՛ Նայիրի, երբեք չենք մոռանում Ձեր սովորեցրած կեանքի ուղին. երախտապարտ ենք եւ հպարտ ենք, որ առաջին շրջանաւարտներն ենք եղել, սրանից 29 տարիներ առաջ, Ձեր նախակրթարանի ուսումնական տարւայ: Հոգուս մէջ ես դու ամէն օր, իմ ուսուցիչ առաջին…»:
Պատգամաւորական ժողովի ատենապետուհի Արմինէ Վահրամեանը թեմի անունից պաշտօնական խօսքով հանդէս եկաւ, հոգեկան ջերմագոյն զգացումներով ներկայացնելով Նայիրի Դիլանեանի երկար տարիների նւիրեալ ծառայութիւնը, թեմի ազգային, կրթական եւ մշակութային կեանքին. «Բոլորս լաւօրէն գիտկցում ենք, որ հայապահպանման ճանապարհը անչափ տատասկոտ է, եւ պահանջում է յոգնութիւն, անձնազոհութիւն, կամք եւ հետեւողականութիւն, որով աշխատանքը դառնում է արդիւնաւէտ եւ ազդեցիկ: Հարկ է նշել, որ սիրելի Նայիրին այս ճանապարհը քայլել է իր գիտակից տարիքից ի վեր: Աշխատել է առանց յոգնութեան, սիրով եւ մեծ նւիրումով, լաւօրէն գիտակցելով ճանապարհի դժւարութիւնը: Նայիրին ինքնանպատակ չի՛ աշխատել, այլ համայնքի եւ հայապահպանմանը նպաստող սկզբունքներով: Մօտ երեսուն տարիներ աշխատել է, որ իւրաքանչիւր փոքրիկ, հայերէն ոսկեղնիկով խօսի, գրի եւ կարդայ, որ ստանայ իր հայկական անհատականութիւնը: Նման անձանց համար, գնահատման երեկոները աւարտ չեն, այլ դառնում են ինչ որ նոր սկիզբ», ասաց նա:
Անի Յակոբեանը ընթերցեց շնորհաւորական նամակներ եւ ուղերձներ ուղարկող միութեանց եւ անհատների անւանացանկը, որոնք իրենց շնորհաւորական խօսքերն էին ուղղել Նայիրի Դիլանեանին: Երկարացանկ շարքից մի քանիսը ամբողջութեամբ ընթերցւեցին, իսկ մնացեալների անւանացանկը ներկայացւեց եւ բոլոր ներկաների ծափողջոյններին արժանացաւ:
Հիւրերի շարքում առաջին խօսք առնողը եղաւ ԻԻԽ-ի պատգամաւորը Արա Շահվերդեանը յատկապէս օրինակելի համարեց Ատրպատականի հայոց ազգային իշխանութեան կազմակերպած գնահատման երեկոները, որոնք յաճախ շարունակական են, ասաց նա, եւ անդրադարձաւ օրւայ մեծարեալի վաստակին, նրան յանձնելով գնահատագիրը՝ ազգային-հասարակական եւ կրթական ասպարէզում, նրա տարիների բազմաբեղուն գործունէութեան առիթով. «Անուրանալի է նախադպրոցական տարիների ուսուցչի աշխատանքը, երբ երեխան աճում է ֆիզիկապէս եւ հոգեպէս», ասաց նա, միաժամանակ յուշանւէրի յանձնումը կատարելով:
Խօսք առնող հիւրերի շարքում էր Սուրիկ Աբնուսեանը. «Նայիրի Դիլանեանը, իր գիտակցական կեանքի եթէ ոչ հարիւր, բայց գէթ ութսուն տոկոսը նւիրել է իր հայրենիքին, իր ազգին, իր համայնքին: Նայիրի Դիլանեանի կեանքը դարձել է թաւրիզահայութեան անբաժանելի մի մասը. մանկավարժ, հասարակական գործիչ, հայ մշակոյթի նւիրեալ, իր տասնամեակների աշխատանքով դարձել է անխոնջ մտածող, գործող եւ անկեղծ մարդկանց խորազգաց գնահատանքի արժանի, եւ այս երեկոն դրա վառ վկայութիւնն է: Մանկապարտէզի ուսուցչուհու իր կոչումը նա վերածել է առաքելութեան, սերմանելով հայեցի դաստիարակութիւն, սէր դէպի մայրենի լեզու, ու ազգային արժէքները: Նրա ջանքերով սերունդներ են փրկւել, ստանալով ոչ միայն գիտելիք, այլեւ հայեցի ոգի, ազգային ինքնագիտակցութիւն», շեշտեց նա:
Հանդիսութեան գլխաւոր բաժնում բեմ բարձրացաւ առաջնորդ Սրբազանը, վեր առնելով սոյն մեծարանքին արժանացած Նայիրի Դիլանեանի անձնւիրութեան խոր գիտակցութիւնը. «Ազգային կեանքում ծառայութիւն մատուցելը, մանաւանդ առանց նիւթական կամ բարոյական գնահատանքի, ոմանց համար արհամարելի գործ է, երբ մասնաւոր շահ չկայ: Նման կարծիքի հեղինակները, ազգային ծառայութիւնը ժամավաճառութիւն են համարում, եւ նոյնիսկ իրենց հասկացութեամբ, խղճալի անձերի տեսակն են համարում նման գործերով զբաղւողներին: Նման կարծիքի տէր անձերը, իրենք են խղճալի, որովհետեւ անձնասիրութեան եւ ինքնակենտրոնացման զոհ լինելով, առանց ծառայութեան եւ միայն շահի հետամուտ լինելով, ողբալի արարածներ են դառնում ազգային կեանքում: Ժամանակ տրամադրել նոր սերնդին, հայ մշակոյթին, հաւաքական կեանքի ծաղկմանը, ինքնին հզօր գիտակցութեան համազօր երեւոյթներ են: Նայիրի Դիլանեանի բախտը այնպէս եղաւ, որ նա ընտանիք չկազմեց. սակայն ուսուցչական ասպարէզը առիթ հանդիսացաւ, որ նա բազմաթիւ «երեխաներ» ունենայ, երբ «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանում դաստիարակեց տասնեակներով մանուկների, հայ կեանքում նետած նրանց առաջին քայլերին ուղեկից հանդիսանալով», ասաց նա: Ապա, վերցնելով Հայրապետական սրբատառ կոնդակը, ասաց.
«Մեր գնահատանքը գործնապէս արտայայտելու համար, ընդառաջելով ՀՕՄ-ի վարչութեան խմբովին ներկայացրած գրաւոր խնդրագրին, Թեմական խորհրդի որոշմամբ եւ անձնապէս Մեր հաւանութեամբ, որդիաբար դիմեցինք Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին, խնդրելով որ հայրական սիրոյ իբրեւ արտայայտութիւն եւ գնահատանք, «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշան շնորհի Նայիրի Դիլանեանին», եզրակացրեց նա:
Առաջնորդ Սրբազան Հայրը բեմ հրաւիրեց Նայիրի Դիլանեանին, եւ ընթերցելուց յետոյ Կոնդակը, շքանշանը ամրացրեց մեծարեալի կրծքալանջին: Նորին Սրբութիւնը գնահատական խօսքերով հայրական ջերմ սիրով իր ուրախութիւնն էր յայտնել սոյն երեկոյի համար, աղօթք մատուցելով առ Աստւած, որ նորանոր յաջողութիւններով եւ ազգի ծառայութեան գործերով հարստացնի մեծարեալի կեանքը:
Օրւայ մեծարեալը իր երախտագիտական խօսքը արտասանեց ներկայ բազմութեան դիմաց, անդրադառնալով ազգային այն նւիրական առաքելութեան, որը իւրաքանչիւր գիտակից հայի պարտաւորութիւնն է լինելու. «Այս պահը իմ կեանքում ամբողջութեամբ առանձնանում է իր բոլոր իմաստներով: Այս օրը, բնականաբար չէի պատկերացնել, որովհետեւ միշտ համոզւած եմ եղել, որ ազգային կեանքը մտնել, այսինքն նւիրաբերում, եւ երդւել եմ, մինչեւ անգամ կեանքս դնել այդ զոհասեղանին: Դա ինձ համար սոսկ գաղափարախօսութիւն չէ. դա ապրելակերպ է եղել ինձ համար: Հայոց լեզուն, գրականութիւն նոր սերնդին փոխանցելը, ինձ համար երազանք էր: Շնորհակալ եմ կեանքին, բախտին, եւ բոլոր նրանց, որոնք ինձ համար բացեցին ուսուցչի ճամբան: Տարիներ առաջ երբ նւիրեալ գաղափարական Նուբար Աբրահամեանը դիմեց ինձ մանկապարտէզի երեխաների կրթութիւնը յանձն առնել, ոսկեղէն տառերով արձանագրելու օր դարձաւ ինձ համար: Մտածեցի, որ Մեսրոպ Մաշտոցի զինւորներից մէկն եմ, որ թերանալու տեղ չունեմ: Ուսուցիչը աշակերտում է իր աշակերտներին: Թէկուզ վեց տարեկան լինեն քո ուսուցիչները, որովհետեւ նրանց պահանջի, նրանց կարիքների, նրանց մտածողութեան, նրանց ժամանակի հետ ուսուցիչ ես դառնում, եւ ուսուցիչ լինելու համար, պիտի դառնաս աշակերտ, ամէն օր սովորես ճիշտը», ասաց նա, նոյն աշխատանքի թափը նաեւ երիտասարդական սերնդի կազմաւորման ընթացքում զգացած լինելով: Այս առիթով, նա իր շնորհակալական խօսքը ուղղեց անցած տարիների ընթացքին իր բոլոր գործակիցներին, տարբեր բնագաւառներում, յատկապէս պարախմբի գեղարւեստական ղեկավար Կարինէ Մանուչերեանին, Ազգային բարերար Էլպիս Արզումանեանին, ինչպէս նաեւ իր ընտանիքի հարազատ անդամներին, հանգուցեալ ծնողաց եւ մինչեւ օրս ամէնօրեայ գործակցին, իր քրոջը՝ Անիին, որ միշտ նրա թիկունքն է պահում:
Հանդիսութեան աւարտին, Թեմական խորհրդի հրաւէրով յատուկ հիւրասիրութիւն մատուցւեց բոլոր ներկաներին, հանդիսասրահի կողքի ընդունարանում, որտեղ բոլոր ներկաները առիթ ունեցան մօտենալու օրւայ մեծարեալին, անձնապէս շնորհաւորելու նրան, Կիլիկիոյ կաթողիկոսութեան մշակութային շքանշանին արժանանալու առիթով: