Մշակոյթի օրը նշանաւորւեց Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» համերգասրահում
«ԱՐԱՐԱՏ»-ի ԱՐՒԵՍՏԻՑԻ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՄԵԾ ՆՒԱՃՈՒՄԸ
«ԱԼԻՔ» – Երբեմն մի քանի երնէկ մի տեղում ունենալը միայն երազանք է: Իսկ երազանքով ապրելու հարցում մշակոյթի մշակները միւսներին գերազանցելու մեծ ունակութիւն ունեն: Նրանք գիտեն, որ երազանքին հասնելու առաջին գրաւականը երազանք պահելն է: Դրա վկան՝ իւրաքանչիւր նահանջի կամ տեղեկատւութեանը յաջորդած շրջանն է, որում մշակոյթն ու արւեստը յոյս ներշնչելով առաջ է մղում ժողովրդին:
Իսկ հայ մշակոյթի այդ համայնապատկերի փոքրիկ հատւածը կազմող թեհրանահայ համայնքում կարծես նոր ծիլեր են երեւում: Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միւթեան ջանքերով կեանքի կոչւած «Արւեստի դպրոցը», իհարկէ, եթէ հնարաւոր է այդպէս անւանել, արդէն իսկ տւել է իր արդիւնքները: Հազիւ իրենց 10-ը կամ 15-ը բոլորած երեխաների մասնակցութեամբ՝ երաժշտական, երգարւեստի, եւ թատերախմբի փոքրիկները բարձր ինքնավստահութեամբ բեմն իրենցով են անում միաժամանակ գրաւելով հանդիսատեսի սիրտը:
Հանդիսատեսն այդօրինակ մի զգացողութեամբ թողեց դահլիճը հինգշաբթի, հոկտեմբերի19-ին Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ՝ Հայ մշակոյթի օրւան նւիրւած ձեռնարկը դիտելիս:
Ձեռնարկին մաս էին կազմում՝ Հ.Մ.Ա.Կ.-ի մանկա-պատանեկան երաժշտա-թատերական խումբը եւ «Արարատ» պարախումբը:
Ծրագիրը մեկնարկւեց Մեղրի Սարխոշեանի բացման խօսքով, որից յետոյ երաժշտական խումբը ներկայացաւ հայկական ազգային եւ էստրադային համարներով: Մատնանշելի է, որ հայ ազգի մեծանուն երաժիշտ Արամ Խաչատրեանի ծննդեան 120-ամեակի առիթով, խումբը ներկայացրեց կոմպոզիտորի «Գարուն Երեւան» ստեղծագործութիւնը: Երաժշտական բաժնի պատասխանատու Երեւանի Կոմիտասի անւան կոնսերւատորիան աւարտած փորձավարներն են՝ Արմէն Ասատրեանը եւ Մեղեդի Նազարեանը:
Ծրագիրը շարունակւեց «Արարատ» պարախմբի ելոյթով: Այս պարախմբի մասին խօսելիս գուցէ դժւար լինի որեւէ փայլ աւելացնել եղածին, սակայն արժէ նշել, որ «Արարատ» պարախումբը համարւում է իրանահայ համայնքի պարարւեստում իր ուրոյն հետքը թողած խմբերից մէկը:
Յիշեցնենք, որ պարախումբը վերջերս Գիւմրիում տեղի ունեցած Համահայկական խաղերի բացման հանդիսութեանը հանդէս եկաւ իր անկրկնելի ելոյթով:
Այժմ «Արարատ» պարախմբի աւագ ուսուցիչն է Լինետ Սարգսեանը, ում ընկերակցում է ուսուցչուհի՝ Ալմարա Շամիրեանը: Խմբի փորձավարներն են՝ Էլին Դանիէլեանը եւ Նարէ Մնացականեանը, իսկ որպէս փորձավարի օգնական է հանդէս գալիս Նարէ Տէր-Մկրտչեանը:
Պարախմբի առաջին կատարումներից յետոյ, ելոյթով հանդէս եկան մեներգչուհիներ՝ Էլենի Առաքելեանը եւ Փոլետ Սարուխեանը: Շնորհաշատ պատանի երգչուհիների կատարմամբ հնչեց «Անունս Արցախ է» եւ «Հայրենիք» երգերը:
Ծրագրի երկրորդ կէսին թատերախումբը բեմ դուրս եկաւ «Մի կաթիլ մեղր» հեքիաթի հիման վրայ բեմադրւած թատերական ներկայացմամբ: Ներկայացումը իւրայատուկ էր յատկապէս իր նորաոճութեամբ եւ երեխաներին անգնահատելի խաղարկութեամբ: Չկար բեմական կահաւորում, սակայն դրա պակասը բնաւ չէր էլ զգացւում, քանի որ դերակատարներից իւրաքանչիւրը բեմադրողի գրագէտ կոմպոզիցիայի արդիւնքում, իր վրայ էր վերցնում խաղն ու կապը հանդիսատեսի հետ:
Յիշեցնենք, որ մանկա-պատանեկան երաժշտա-թատերական խմբի թատերական բաժնի ղեկավարն է անւանի թատերական գործիչ-դերասան Էրւին Գալստեանը:
Նիւթը կազմելիս օգտագործւել է նոյն առիթով կատարած Հ.Մ.Ա.Կ.-ի հանրութեան հետ կապի հրապարակումը:
Ծրագրի հանդիսատեսը, որի զգալի մասը կազմւած էր փոքրիկներից, ընթացքում հաղորդավարուհու կողմից բեմ էր հրաւիրւում եւ հանպատրաստից ասմունքներով ու քաղցր զրոյցով աւելի հետաքրքիր էր դարձնում երեկոն:
Հանդիսատեսի շարքերն էին համալրել՝ Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, ինչպէս նաեւ Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչները, որոնց բալիկները եւս բեմ դուրս եկած երեխաների շարքում էին հանդէս գալիս:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԱՏԻՍԻ