ՀամայնքՀայաստան - ԱրցախՆոր Ջուղա

Դատապարտագիր

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ցաւով կրկին ականատես ենք Հայաստանի իշխանութիւնների ղեկին գտնւող քաղաքական խմբի հակաժողովրդավարական գործողութիւններին։ Օրերս, նրանց  միջոցով, արձանագրւեցին հերթական բռնութիւներն ու ապօրինի գործողութիւնները սեփական ժողովրդի նկատմամբ։

Թւականիս յունիսի 12-ին, Հայաստանի Հանրապետութեան իշխանութեան ուղիղ հրահանգով, ոստիկանութեան միջոցով, բռնի ուժ է կիրառւել Հայաստանի Ազգային ժողովի մօտ «Սրբազան Շարժման» շուրջ համախմբւած տասնեակ հազարաւոր խաղաղ ցուցարարների նկատմամբ, մէկ անգամ եւս ապացուցելով, որ ներկայ վարչախմբի գլխաւոր խնդիրն ու առաքելութիւնը ոչ թէ երկրի ու ժողովրդի ազգային շահերի եւ անվտանգութեան ապահովումն է, այլ ամէն գնով իրենց իշխանական աթոռների պահպանումը. մօտեցում, որը ոչ մի աղերս չունի իրենց կողմից այդքան շահարկւող ժողովրդավարական արժէքների հետ։ Այդ օրը ոստիկանական զօրքերի եւ յատուկ ջոկատայինների կողմից կիրառւել են անհամաչափ մարտական միջոցներ, որոնց հետեւանքով վիրաւորւել են հարիւրից աւելի խաղաղ ցուցարարներ եւ շուրջ մէկ տասնեակ լրագրողներ. նոյնիսկ քաղաքացիներ, ովքեր զբօսնելիս են եղել մօտակայ տարածքներում. առեւանգւել եւ առանձնակի դաժանութեամբ ծեծի են ենթարկւել յատուկ թիրախաւորւած մի շարք անհատներ, որոնք ստացել են մարմնական  ծանր վնասւածքներ։ Վիրաւորներից մի մասը դեռեւս գտնւում են հիւանդանոցներում` վիճակը ծանր լինելու պատճառով։ Առանց իրաւական որեւէ հիմքի բերման են ենթարկւել կամ ձերբակալւել են ցոյցին մասնակցող տասնեակ հայրենակիցներ։

Իշխանութիւններին ծառայող իրաւապահ մարմինների կողմից, ապօրինի մեթոդներով եւ կեղծ մեղադրանքներով, ծաւալուն  հալածանք է սկսւել այդ շարժման մասնակից կամ աջակցող կազմակերպութիւնների, Հայոց Առաքելական Ս. Եկեղեցու հոգեւորականների, ազգային  կառոյցների եւ գործարարների դէմ. շինծու եւ սուտ քարոզչական բեմականացումներով իրականցւել են խուզարկութիւններ, ինչու չէ նաեւ զանգւածային ձերբակալութիւններ` Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում։

Արձանագրենք նաեւ, որ ոստիկանութեան կողմից կատարւած ապօրինութիւնների եւ բռնութիւնների կապակցութեամբ Հայաստանի դատախազութեան եւ արդարադատութեան համակարգի կողմից ուժային կառոյցի որեւէ կարգազանց անձ պատասխանատւութեան չի ենթարկւել, ինչն էլ խօսուն վկան է այն իրողութեան, որ այդ համակարգը ուղղակիօրէն ծառայում է նշեալ իշխանախմբի քմահաճոյքին, եւ որի հետեւամքով խախտւում է Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը` պետութեան եռեակ իշխանութիւնների անկախութեան եւ մարդու հիմնարար ազատութիւնների ու իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ։

Դատապարտելով յունիսի 12-ին եւ այնուհետեւ իրաւապահ մարմինների կողմից սահմանադրական կարգի խախտումն ու քաղաքացիների նկատմամբ կիրառւած անհամաչափ գործողութիւնները, ՀՀ իշխանութիւններից պահանջում ենք դադարեցնել հալածանքները սեփական ժողովրդի նկատմամբ, ականջալուր լինել հայրենի ժողովրդի արդարացի պահանջին` յետ կանգնելու Հայաստանի պետականութիւնը,  ինքնիշխանութիւնը եւ անվտանգութիւնը լրջօրէն սպառնացող ու վտանգող ազգավնաս գործողութիւններից, անյապաղ բացայայտել ժողովրդի նկատմամբ բռնարարքներ իրականացնող ուժային կառոյցների պատասխանատուներին եւ գործակատարներին, այլեւ ազատ արձակել անհիմն մեղադրանքներով կալանաւորւած մեր հայորդիներին։

Դիւան ազգային առաջնորդարան

Սպահանի հայոց թեմի

Related Articles

Back to top button