ԻրանՔաղաքական

Սոցհարցումները յուշում են. Ընտրութիւնների ելքը՝ երկրորդ «խաղակէսում»

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Խորհրդարանի «Հասարակութեան կարծիքի հետազօտական ազգային ինստիտուտ»-ի վերջին հարցման արդիւնքներից պարզ է դարձել, որ 14-րդ նախագահական ընտրութիւններին մասնակցութեան ցուցանիշը աճ է արձանագրել նախորդ շաբաթւայ տւեալների համեմատ:

Tasnim-ն այս մասին տեղեկացնելով՝ յաւելել է, որ  «Մելլաթ» հետազօտական ինստիտուտը 18 եւ բարձր տարիքի քաղաքացիների հեռախօսային հարցումների երեք ալիք է անցկացրել ամբողջ երկրում՝ 14-րդ ընտրութիւններին  մասնակցութեան ցուցանիշը չափելու նպատակով: Տւեալների հաւաքագրման համար կիրառւել է պարզ պատահական ընտրանքի մեթոդ այնպէս, որ ընդգրկւած լինի երկրի ողջ բնակչութիւնից ներկայացուցիչներ։

Աղբիւրի համաձայն՝ անցկացման առաջին երկու ալիքներում ընտրանքի չափը կազմել է 1000 նմուշ՝ 3.1% առաւելագոյն սխալով, իսկ վերջին ալիքում՝ 850 նմուշ՝ 3.4% առաւելագոյն սխալի չափով։

Հարցւածների ժողովրդագրական բնութագրերը

Հարցւածների 50.3%-ը տղամարդիկ են, իսկ 49.7%-ը՝ կանայք: 40.1%-ը 18-ից 35 տարեկան (երիտասարդ), 46.1%-ը՝ 36-ից 60 տարեկան տարիքային տիրոյթում ( միջին տարիքի) եւ 13.8%-ը 60-ից բարձր: Հարցւածների 40.3%-ը բնակւում է նահանգային կենտրոններում, 36.9%-ը՝ ենթակայ քաղաքներում, իսկ 22.8%-ը՝ երկրի գիւղական համայնքներում։

14-րդ նախագահական ընտրութիւններին մասնակցութեան ցուցանիշը

14-րդ նախագահական ընտրութիւններին մասնակցելու քաղաքացիների որոշումը չափելու համար հարցւածներին տրւել է «ընտրելո՞ւ ես» հարցումը, ինչին պատասխանողների 45.5%-ն ասել է, որ անպայման մասնակցելու է, 31.8%-ը տատանւում է, իսկ 21.4%-ը նշել է, որ հաստատ չի մասնակցի այս ընտրութիւններին։ Կանխատեսւում է, որ 14-րդ նախագահական ընտրութիւնների ժամկէտին մօտենալով մասնակցութեան ցուցանիշի աճ արձանագրւի:

Ընտրութիւններին անպայման մասնակցողների քւէների պատկերը

«Անպայման» մասնակցելու եմ ընտրութիւններին» պատասխանողների  20,7%-ն ընտրել է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, 18.9%-ը՝ Մասուդ Փեզեշքեանին, իսկ 18.2%-ը՝ Սաիդ Ջալիլիին։

Հարցւածների 4.6%-ը տւել է Ղազիզադէ Հաշեմիի անունը, իսկ 2%-ը՝ Ալիռեզա Զաքանիի, եւ 1.8%-ը՝ Մոստաֆա Փուր Մոհամմադիին է տեսնում Իրանի նախագահի պաշտօնում: Յաջորդիւ նշւել է նաեւ անվաւէր քւէների պատկերը: Այսպիսով հարցւածների 2.7%-ն ասել է, որ քւէատուփ է գցելու սպիտակ քւէաթերթիկ, իսկ 7.26%-ը դեռ տատանւում է եւ առայժմ չի կողմնորոշւել, թէ ում է տալու իր ձայնը:

Նախնական այս պատկերը յուշում է, որ ընտրութիւնների երկրորդ փուլն անխուսափելի է լինելու:

Related Articles

Back to top button