
«ԻՌՆԱ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին երէկ՝ յունւարի 13-ին, եւրոպական երկրներում հաստատւած Իրանի դեսպանների հետ հանդիպմանը յայտարարել է, որ հանրային մեդիայում, տեղական կառավարութիւններում եւ Եւրոպայում հաստատւած իրանցիների համար պէտք է պարզ եւ յստակ ներկայացւի Իրանի ժողովրդի իրաւացի դիրքն ու եղելութիւնների իրական պատկերը։
Սա Իրանի արտաքին գործերի նախարարի առաջին առցանց հանդիպումն էր Եւրոպական Միութիւնում գտնւող իրանական դեսպանների հետ,- նշել է ԻՍՆԱ-ն: Հանդիպման ընթացքում քննարկւել են Իրանի եւ Եւրոպական պետութիւնների միջեւ յարաբերութիւնների ընթացքը, հիւպատոսական ծառայութիւնները, որոնք տրամադրւում են Եւրոպայում ապրող իրանցիներին, ինչպէս նաեւ երկրի ներքին զարգացումների վերջին պատկերը։
Նա յայտարարել է նաեւ, որ յայտնի է ԱՄՆ-ի եւ իսրայէլական ռեժիմի միջամտութիւններն Իրանի ներքին գործերում, եւ վերջին իրադարձութիւնները համարում է 12- օրեայ պատերազմի շարունակութիւնը, որն ուղղւած է Իրանի թուլացմանը եւ անվտանգութեան խաթարմանը։
Հանդիպման ընթացքում Արաղչին ընդգծել է, որ պէտք է յստակօրէն արտայայտւի Իրանի ժողովրդի իրաւացի պատկերը հանրային մեդիայում, տեղական կառավարութիւններում ու Եւրոպայում գտնւող իրանցիների համար, ինչպէս նաեւ պէտք է ներկայացւի իրական պատկեր՝ Իրանի անվտանգութեան դէմ կատարւած ահաբեկչական յարձակման բնոյթի մասին։



