Քաղբանտարկեալ Սամուէլ Կարապետեանի մօտ թոքաբորբ է յայտնաբերւել

«ԱԼԻՔ» – «Սամուէլ Կարապետեանը քաղբանտարկեալ է եւ ապրօրինի հալածւում է իշխնութեան կողմից»,- այս մասին յայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը եւ շեշտել. «Մեզ համար Սամուէլ Կարապետեանի շուրջ տեղի ունեցողը անընդունելի է եւ դատապարտելի: Շատ ուղիղ նա հալածւում է Հայ Առաքելական Եկեղեցուն եւ ազգային ինքնութեանը սատարելու համար»:
Սամուէլ Կարապետեանը համալիր բուժզննում է անցել եւ նրա մօտ երկկողմանի թոքաբորբ է յայտնաբերւել: «Կենտրոն» հեռուստաալիքի համաձայն՝ սակայն քրէակատարողական հիմնարկից յայտնել են, որ նա ոչ մի առողջական խնդիր չունի:
Լուրի համաձայն՝ տնային կալանքի տակ գտնւող Կարապետեանի փաստաբանները յայտնել են, որ իրենց պաշտպանեալը բուժզննում չէր անցել եօթ ամիս, իսկ յայտնաբերւած թոքաբորբը ունեցել է երկու ամսւայ վաղեմութիւն:
Փաստաբան Արամ Վարդեւանեանը ասել է, որ Կարապետեանի վիճակը պահանջում է բժիշկների մշտական հսկողութիւն եւ համապատասխան բուժում:
ՀՅԴ Հայաստանի Գերգոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը, անդրադառնալով Սամուէլ Կարապետեանին ընդգծել է. «Ասում էին 2025 թւականի յունիսի 18-ից, որ Սամուէլ Կարապետեանի նկատմամբ եթէ կալանք մի օրով էլ չկիրառւի Հայաստանի Հանրապետութիւնում երկինքը փուլ կը գայ, իրաւապահ համակարգը կը տապալւի, արեւը դուրս չի գայ, խաղաղութիւն չի լինի: Ահա տիտանական մասշտաբի ողբերգական մի բան պատմեմ՝ այնպէս ստացւեց, որ դեկտեմբերի 30-ից կալանաւորւած չէ Սամուէլ Կարապետեանը: Ես օրինակ առաւօտեան արթնացայ եւ բացեցի պատուհանը տեսնելու համար, որ արդեօք երկինքը փուլ է եկել թէ ոչ, եւ ահա փուլ չէր եկել»:



