Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արման Գրիգորեան. «Մոսկւան Նիկոլի արցունքներին չի հաւատալու»

168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր քաղաքագիտութեան դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորեանին։

Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.

– Թրամփի ընտրութեան կապացութեամբ ԱՄՆ-ում տրամադրութիւնները շատ հակասական են, բայց Թրամփի խոստումներին երեւի թէ շատ հաւատալ պէտք չէ։ Դեմոկրատների ճամբարում Թրամփի ընտրութիւնը համարում են կատաստրոֆա, սպառնալիք։ Ընտրութիւնների արդիւնքները բաւականին անսպասելի էին ոչ թէ Թրամփի յաղթանակի առումով, այլ, որ այս աստիճանի ջախջախիչ էին։ Տատանւող նահանգները բոլորն անխտիր քւէարկեցին Դոնալդ Թրամփի օգտին։ Սա բաւական լուրջ ահազանգ էր, որ ամերիկեան ժողովուրդը չի ընդունում ներկայ ստատուս-քւոն։

– Իսկապէս բաւականին անյաջող թեկնածու էր Քամալա Հարրիսը։ Զարմանալի էր, թէ ինչո՞ւ դեմոկրատները նրա թեկնածութիւնն ընտրեցին, թէպէտ կային աւելի լաւ թեկնածուներ, բայց դա Դեմոկրատական կուսակցութեան պարտութիւնն էր, ոչ թէ Քամալա Հարրիսի։ Դա ամերիկեան էսթաբլիշմենթի, ամերիկեան վարչակարգի ծանր պարտութիւնն էր։ Հետաքրքիր է, որ Հարրիսին աջակցում էին նաեւ Հանրապետական էսթաբլիշմենթի ներկայացուցիչները․ մասնաւորապէս, նրան աջակցում էր Դիք Չէյնիի աղջիկը՝ Լիզ Չէյնին։

– Թրամփի ընտրութիւնը որոշակիօրէն կարող է ազդել ԱՄՆ արտաքին քաղաքականութեան վրայ։ Գլոբալիստական դոկտրինի վերանայում կը լինի։ Այն ցոյց է տւել իր սնանկութիւնը, նրանց գնացքն արդէն ռելսերից դուրս է գալիս։

– Հանրապետական էսթաբլիշմենթի մէջ խորը հակակրանք կայ Թրամփի նկատմամբ, այն դէպքում, երբ հանրապետականների շարքերը համակրում են նրան։

– Թրամփի՝ իշխանութեան գալու գլխաւոր պատճառն այն էր, որ դեմոկրատների էլեկտորատի որոշակի մաս թեքւել էր դէպի Թրամփ։ Ե՛ւ ձախում կայ 2 ճամբար, ե՛ւ աջում։ Ձախում կան նէոլիբերալները կամ հին ոճի, աւանդական ձախերը։ Վերջիններս միշտ քննադատել են ԱՄՆ իմպերիալիստական քաղաքականութիւնը։ Աջում մի ճամբարը շատ ագրեսիւ ինտերւենցիոնիստներն են. դա վոհմակ է, որը շատ չի տարբերւում լիբերալ ինտերւենցիոնիստներից։ Միւս ճամբարն աւելի պահպանողական աջերն են, որոնք հակւած են դէպի մեկուսացում։ Նրանք փոքր կառավարութեան կողմնակից են, չեն ընդունում աշխարհով մէկ սփռւած ամերիկեան 900 ռազմական բազաների գոյութիւնը։ Այս երկու թեւերի թէ՛ նեոլիբերալները, թէ՛ պահպանողականներն իրար աջակից են։

– ԱՄՆ-ում դաժան պայքար է սպասւում։ Նախ, ես վստահ չեմ, որ Թրամփը հետամուտ է լինելու իր խոստումներին։ Նա շատ հարցերում օպորտունիստ է, շատ հարցերի վերաբերեալ մակերեսային պատկերացումներ ունի։ Բայց եթէ անգամ նա ցանկանայ կատարել իր յայտարարութիւնները, հանդիպելու է շատ լուրջ դիմադրութեան։ Չի կարելի թերագնահատել ամերիկեան էսթաբլիշմենթը։ Այսօր ԱՄՆ-ի տնտեսութիւնը շատ լուրջ կախւած է ռազմարդիւնաբերութիւնից։ Գրեթէ չկայ նահանգ, ուր չլինեն ռազմական ինստալիացիաներ։ Դա հեշտ չի լինելու կոտրել։

– Ուկրաինայի պատերազմը կանգնեցնելու փորձեր արւելու էին, եթէ նոյնիսկ Հարրիսը յաղթէր։ Վերջին մօտ 1 տարւայ ընթացքում արդէն յստակ էր դարձել, որ բոլոր հնարաւոր միջոցները, որոնք Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ուղիղ էսկալացիա չէին ստեղծելու, սպառւել էին։ Կուրսկի աւանտիւրան յուսահատ փորձ էր՝ ցոյց տալու, որ Ուկրաինան դեռ կարող է կռւել։ Իրականում այնտեղ կատարեալ աղէտ է, եւ շատ մեծ երեւակայութիւն է պահանջւում մտածելու համար, որ այնտեղ պատերազմի ընթացքը կարող է փոխւել։ Թրամփի պարագայում այլ է։ Նա իր դիրքերից չէր իջնելու, որովհետեւ շատ վաղուց յայտարարել էր, որ պէտք է լեզու գտնել Պուտինի հետ ու կանգնեցնել պատերազմը։ Ես որոշակի լաւատեսութիւն ունեմ պատերազմը կանգնեցնելու բանակցութիւնների վերաբերեալ։ Այն պահին, երբ բոլոր կողմերը նոյն ակնկալիքն ունեն բանակցութիւններից, դրանց մօտենալն աւելի հեշտ է։

– Հայաստանի համար ամենակարեւորն Իրանի խնդիրն է։ Աւելի վտանգաւոր բան Հայաստանի համար, քան ԱՄՆ-Իրան պատերազմն է, ես չեմ պատկերացնում։

– Թրամփը կարող է ընդհանրապէս շատ մեծ ուշադրութիւն չդարձնել Հայաստանի վրայ, որովհետեւ կենտրոնանալու է ԱՄՆ ներքին խնդիրների վրայ, իսկ Հայաստանն իրենից կարեւորութիւն չի ներկայացնում։ Գլոբալիստական իներցիան գուցէ շարունակւի, որովհետեւ այն մի օրում չի վերանալու։

– Վերջին օրերին ես մի սահմռկեցուցիչ յայտարարութիւն կարդացի, որն արել էր ռուսական հետախուզութիւնը՝ «Վաշինգտոնը Հայաստանին դրդում է ազգային ինքնասպանութեան»։

Յիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին հետախուզութեան ծառայութիւնը յայտարարութիւն էր տարածել, որում ասւում էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը նկատելիօրէն արագացրել է Հայաստանում քաղաքացիական հասարակութեան արեւմտամէտ կառոյցների խթանման ուղղութեամբ աշխատանքը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին հետախուզութեան ծառայութիւնը նշել էր, որ Միացեալ Նահանգները ցանկանում է վերջնականապէս Հայաստանը վերակողմնորոշել դէպի զարգացման արեւմտամէտ ուղղութիւն՝ առաջնորդւելով Ուկրաինայում եւ Մոլդովայում փորձարկւած սխեմաներով:

«Միացեալ Նահանգների գլխաւորած, այսպէս կոչւած, քաղաքակիրթ համայնքին միանալու «բարձր նպատակին» հասնելու համար հայ ժողովուրդը, ինչպէս կարծում են Վաշինգտոնում, ստիպւած կը լինի վճարել սեփական աւանդոյթներից եւ ազգային սոցիալական հիմքերից հրաժարմամբ: Այսպիսով, Վաշինգտոնը յամառօրէն Հայաստանին մղում է դէպի ազգային «ինքնասպանութիւն»», -ասւում էր հաղորդագրութիւնում:

– Արեւմուտքից Հայաստանին պատրաստում են վերջին վճռական որոշմանը, ինչպէս նախկինում էլ ասել եմ, Վերսալի կապիտուլեացիայի մոդելով։ Ալիեւի յայտարարութիւնները սրան են ուղղւած, դրանք զգուշացում չեն Արեւմուտքին, որ իբր թէ Հայաստանին պատրաստում են Ադրբեջանի դէմ պատերազմին։

– 2026 թ․ ընտրութիւններին ՀՀ գործող իշխանութիւնները պէտք է փորձեն ժողովրդին գոնէ մի դրական խոստում տալ։ Արդէն տւել են արիւն, աւէր, շատ բան չունեն տալու։ Դա լինելու է «խաղաղութիւնը»։ Ադրբեջանը փորձելու է Հայաստանից կորզել ամէն ինչ, Հայաստանին դնելու են այն վիճակում, որ երբեւէ սպառնալիք չդառնայ Ադրբեջանի համար։ Երկրորդ խնդիրն Ադրբեջանի հասարակութիւնն է։ Եթէ Հայաստանի հետ կայուն խաղաղութիւն լինի, Ադրբեջանի ժողովուրդն ինչո՞վ է կերակրւելու։ Դա խաղաղութեան պայմանագիր չի լինելու։ Դա լինելու է կապիտուլեացիա՝ մաքսիմալ նւաստացուցիչ պայմաններով, եթէ ինչ-որ բան չփոխւի։ Ալիեւը Հայաստան տանկերով մտնելու կարիք չի ունենալու։

– Ես կարծում եմ, որ նոյնիսկ Նիկոլ Փաշինեանի իռացիոնալութեան պարագայում իսկապէս հնարաւոր չէ չտեսնել՝ ինչ է կատարւում շուրջդ։ Թրամփի ընտրութիւնն էլ որոշակի ազդեցութիւն պիտի ունենայ։ Մերձփաշինեանական շրջապատում տեսել եմ, ողբ ու կական է։

– Մոսկւան Նիկոլի արցունքներին չի հաւատալու, ինչ-որ բաներ են ստիպելու անել, գործողութիւններ, որոնք այդ արցունքներն արժանահաւատ կը դարձնեն։ Սրանք ինչ-որ համաձայնութիւնների գնում են, երբ այլեւս այլ ելք չկայ, եւ վատագոյն պայմաններով նոր զրոյց են սկսում։ Յուսամ՝ մեր իշխանութիւններն ինչ-որ բան հասկացել են ու գոնէ այդ ինքնասպանութիւնը չեն գործի։

– Եթէ «լիբերալ» բառը մեռած ու գերեզմանում լինէր, Հայաստանի կեղծ արեւմտամետներին լիբերալ անւանելուց յետոյ գերեզմանում շուռ կը գար։ Այդ մարդիկ ինտերւենցիոնիստ Արեւմուտքի զինւորներն են, ովքեր հաւատացել են, որ Եւրոպան դրախտ է, իսկ դրա այլընտրանքը՝ փտած Ռուսաստանը։ Այդ մարդկանց կենսաապահովումը ուրիշ ապացոյց թերեւս չունի։ Այդ մարդիկ աշխարհը տեսնում են սեւ ու սպիտակ գոյներով։ Նրանց դաւանածը քաղաքականութիւն չէ, կրօնական, աղանդաւորական մօտեցում է։

Յիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին «Վալդայ» ակումբի նիստում ՌԴ նախագահ Պուտինը յայտարարել է, որ Ղրիմի եւ Նովոռոսիայի բնակիչները միջազգային իրաւունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրութեան համաձայն՝ ունեն ինքնորոշման իրաւունք։ Նա նաեւ յիշեցրել է, որ Կոզովոյի հարցով Արդարադատութեան միջազգային դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ ցանկացած տարածք, որը հռչակում է իր անկախութիւնը, պարտաւոր չէ տւեալ պահին հարցնել այն երկրի կենտրոնական իշխանութիւնների կարծիքը եւ թոյլտւութիւնը, որում  ներառւած է այդ տարածքը որոշման  կայացման պահին։ Այսինքն՝ ինքնորոշման իրաւունքի իրացումը լիովին համապատասխանում է այսօրւայ միջազգային իրաւունքին եւ ՄԱԿ-ի կանոնադրութեանը: Արդեօ՞ք Պուտինի այս յայտարարութիւնը կանդրադառնայ նաեւ Արցախի խնդրի վրայ:

– Ռուսաստանը շատ ընտրողաբար է կիրառել ինքնորոշման իրաւունքի սկզբունքը։ Մեծ տէրութիւնները սկզբունքներով չեն առաջնորդւում, նրանք դրանք օգտագործում են իրենց շահերն արդարացնելու համար։ Երբ ռուսների շահերը կը թելադրեն, նրանք Արցախի ինքնորոշման մասին էլ կը խօսեն։

– Մենք պէտք է կենտրոնանանք նրա վրայ, որ այս արկածախնդիր իշխանութիւնը հեռացւի։ Անգամ, եթէ նրանք հիմա ինչ-որ դրական բաներ անեն, պէտք է հեռացւեն։ Պատասխանատւութեան հարց կայ։ Մենք շատ վատ նախադէպ ենք ստեղծում։ 2020 թ.-ից յետոյ այս իշխանութիւնը չպատժւեց։ Չի կարելի այս տեսակ հաշւեկշիռ ունեցող իշխանութիւնը վերարտադրել։

Related Articles

Back to top button