ՀՕՄ-ի Ուրմիայի կրթարանի աշնանային հանդէսը
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հինգշաբթի, նոյեմբերի 14-ին, յետմիջօրէի ժամը 4:00-ին կայացաւ ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի «Նայիրի» մանկապարտէզ-նախակրթարանի աշնանամուտին նւիրւած ծրագիրը, բարձր հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի: Սոյն ծրագրին ներկայ էին Ուրմիայի Գործխորհրդի անդամները, ՀՕՄ-ի եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչակազմերը, ինչպէս նաեւ մի շարք ազգային մարմիններ եւ հրաւիրեալներ, ծնողներ եւ ուրմիահայ հանդիսականներ։
Բացման խօսքով ներկաներին ողջունեց եւ բարի գալուստ մաղթեց կրթարանի տեսչուհի Ռոնիկ Մեջլումեանը։ Նա երախտագիտութիւն յայտնեց բոլորին, ովքեր օգնել եւ օժանդակել էին ծրագրի իրականացմանը։
Գեղարւեստական բաժնի սկզբում, երեխաները բեմի վրայից արտասանեցին «Տէրունական» աղօթքը: Մանկապարտէզի սաները ներկայացրեցին աշնան ամիսները, ունեցան խմբային ասմունք, ապա անհատական ասմունքներ եւ խմբային երգ, բոլորն էլ նւիրւած ոսկէ աշնանը: Երեխաների ելոյթները ղեկավարում էին եւ նրանց առաջնորդում ուսուցչուհիներ Օֆելիա Սայեադեանը եւ Ռուզան Մուրադեանը:
Նախակրթարանի երեխաները ներկայացրեցին «Ա» տառին նւիրւած քառատող բացատրական, ապա պարսկերէն լեզւով ասմունքեցին աշնանը նւիրւած բանաստեղծութիւն, ինչպէս նաեւ սրտից բխած խօսքեր արտասանեցին, նւիրւած բոլոր ծնողներին, ե՛ւ հայերէն, ե՛ւ պարսկերէն լեզւով։
Գեղարւեստական ծրագրի աւարտին, տեսչութեան հիւրընկալութեամբ, բոլոր ներկաները հիւրասիրւեցին սուրճով, թէյով, խմորեղէնով եւ Ուրմիայի այգիներից քաղւած անուշահամ մրգերով։ Ծրագրի վերջում տեղի ունեցաւ վիճակախաղ, որին մեծ խանդավառութեամբ մասնակցեցին բոլորը, իսկ բախտաւորները ստացան իրենց գեղեցիկ նւէրները։
Փակման խօսքով հանդէս եկաւ ՀՕՄ-ի վարչութեան ատնապետուհի՝ Լալա Ֆարհադեանը: Նա երախտիքի եւ գնահատանքի խօսքերն ուղղեց թէ՛ Կրթարանի տեսչուհուն, թէ՛ ուսուցիչներին, եւ թէ՛ բոլոր ներկաներին, իրենց քաջալերական մասնակցութեան համար։
Ծրագիրն անցաւ ուրախ եւ հաճելի մթնոլորտում։