ԹեհրանՀամայնք

Յատուկ ռեպորտաժ. ՌՄԲԱԿՈԾՒԱԾ ՄԱՋԻԴԻԷ

Արա Շահվերդեանը հանդիպել է ռմբակոծւած Մաջիդիէի վնասւած շէնքերի բնակիչներին

Յարձակման հետեւանքով կայ մէկ զոհ (պարսիկ), վիրաւորւել աւելի քան 15 մարդ, նրանցից 10-ը հայեր են թեթեւ ու միջին ծանրութեամբ վնասւածքներով, իսկ միւսներից 3-ի վիճակը գնահատւում է ծանր (հայեր չեն)

 

«ԱԼԻՔ» – Այսօր՝ հինգշաբթի, մարտի 12-ին, Թեհրանի Մաջիդիէ թաղամասում, ռմբակոծութեան հետեւանքով վնասւած շէնքի մօտ Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը հանդիպեց Թեհրանի 8-րդ քաղաքապետարանի 3-րդ շրջանի քաղաքապետ Զանդիանի հետ։ Հանդիպմանը ներկայ էր նաեւ ԹՀԹ Մաջիդիէի արտակարգ իրավիճակների շտաբի պետը։

«ԱԼԻՔ»-ի լրագրողը հանդիպման վայրից յայտնել է, որ պաշտօնեաներն այցելել են յարակից հայաբնակ շէնքեր եւ բնակիչների հետ զրոյցում ծանօթացել կրած վնասի չափերին։

Թիրախաւորւած շէնքի առաջին երեք յարկերը գրեթէ ամբողջութեամբ աւերւել են եւ հեռւից անգամ թւում է, թե շէնքը դարձել է թափանցիկ։

Պայթիւնի հետեւանքով գրքեր են ցրւել յարակից բակերում եւ փողոցով մէկ ․ դրանց մեծ մասը կրօնական թեմաներով արաբերէն գրքեր են։

Պայթած այդ վեցյարկանի շէնքի դիմաց գտնւող վնասւած հայկական բնակարաններից մէկի բակում, ասես ամբողջական մի գրադարան է թափւել․ գետնին ընկած են տասնեակ գրքեր եւ փետրատւած էջեր։ Նոյն բակում դեռեւս տեսանելի են նաեւ մանկական խաղալիքներ եւ Բարբիի պատկերով փոքրիկ վրանը, որոնք պայթիւնից յետոյ մնացել են աւերակների ու փշրւած իրերի մէջ։

Փողոցի պատերի ներկայ վիճակը կարող է յիշեցնել պատերազմական առաջնագիծ դարձած տների մասին․ պատերի ու դռների վրայ միայն բեկորների հարւածից առաջացած հետքերն են։ Ռմբակոծութեան հետեւանքով կայ մէկ զոհ: Նա յարակից շէնքի պարսիկ բնակիչ էր, որի բնակարանի պատը քանդւել է բեկորների ու պայթիւնի ալիքի հարւածից։

Լուսանկարելու պահը երբեմն աւելի տագնապալից է դառնում, երբ ճգնաժամը հիշեցնող այս պատկերների կողքին քեզ շարունակ հարցնում են՝ ո՛վ ես եւ ի՛նչ ես…

Բակում պաշտօնեաները հանդիպել են նաեւ վիրաւոր մի հայ պապիկի։ Նրա գլխին վիրակապ էր, աչքի տակ՝ կապտուկ, եւ այդ ամէնն ինքնին պատմում էր դէպքի պահին տեղի ունեցածի մասին։ Նրան նոյն հարցերը տալը, որոնք ամէն օր ու օրը մի քանի անգամ է նա պատասխանում, թեթեւամտութիւն կը լիներ։ Պարզապէս փորձում ես հասկանալ՝ տրամադրւած է խօսելու, թէ ոչ։

Ու ինքն է միանգամից սկսում խօսել: Նշում է, որ այս տունը աւելի քան հարիւր կնունք, նշանդրէք ու տարեդարձ է տեսել։ Բոլոր հարազատների ուրախութեան վայրն էր։ «Դեռ ինչքան ուրախութիւն պիտի գար ու յուշ դառնար»,– ասում է նա։

Ասում ես՝ լաւ յիշողութիւնը փրկում է նաեւ իր շուրջ հաւաքւողներին: Ադամանդի պէս՝ այն սեղմւելուց է ծնւում։ Դուք էլ, տունն էլ, դեռ այնքան ուրախութիւն ունէք առջեւում… Ու յանկարծ նկատում ես՝ այդ խօսքերը կարծես ինքդ քեզ համար էիր ասում։ Նա նստած է նոյն աթոռին, իսկ դու գլուխդ կախ աստիճաններով բարձրանում ես՝ վերեւի յարկաբաժինը նկարելու։

Քաղաքապետի հետ հանդիպման աւարտին, կողմերը հազիւ իրենց ուղղւած հեռախօսազանգերի արանքում հասցրեցին երկու բառ փոխանակել, որտեղ պատգամաւոր Արա Շահվերդեանը շնորհակալութիւն յայտնեց քաղաքապետարանի աշխատակիցներին եւ պատասխանատուներին՝ կատարւող աշխատանքների, համագործակցութեան եւ խնդիրների արագ լուծման ուղղութեամբ ձեռնարկւած քայլերի համար։

Այնուհետեւ նա Մաջիդիէի շտաբի պետի ընկերակցութեամբ այցելեց Ի.Ա.Մ.Մ. տարածք, որտեղ վնասւած ու կիսաքանդ շէնքերից բացի ծանր վնասներ են կրել նաեւ կայանւած երեք մեքենաներ։

Միութեան կենտրոնական շէնքի դահլիճում պատերը վնասւել են ու ճաք են տւել, սակայն հայելին, կարծես հակառակ ամէն ինչին, ամուր կանգնած է եւ ասես դատող հայացքով քեզ է նայում քո սեփական աչքերով:

Մեքենաների մօտ գտնւող պատին մանկական մուլտֆիլմերի հերոսներ են նկարւած՝ գունզգոյն փուչիկներով։ Նոյն պատի տակ ծռմռւած ճոճանակներն ու խաղահրապարակի խաղալիքներն են, որոնք կարծես մէկ ակնթարթում կտրւել են մանկական աշխարհից եւ ծերացել՝ կնճիռ դառնալով բակի այս անկիւնում։

Խաղահրապարակի տարածքը, որը նախկինում ծածկւած էր փափուկ փռոցներով, որտեղ երեխաները հանգիստ ընկնում էին գետնին ու վազւզում անհոգ, այսօր ծածկւած է ջարդւած ապակիներով՝ կոշտ ու սուր մակերեսով։

Հանդիպումների ընթացքում Արա Շահվերդեանը բնակիչներին տեղեկացրեց, որ վնասների չափը ճշտելու եւ փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է հետեւել սահմանւած կարգին։

Պատգամաւորը «ԱԼԻՔ»-ին յայտնեց, որ ազգային իշխանութեան համապատասխան կառոյցները եւ հայկական թաղամասերում գործող արտակարգ իրավիճակների շտաբները պատշաճ կերպով կատարում են իրենց պարտականութիւնները եւ հնարաւորինս արագ իրականացնում անհրաժեշտ աշխատանքները։

Թղթակցութիւնը եւ լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

Related Articles

Back to top button