ԽմբագրականՀՅԴ Մամուլ

ԱԿՆԱՐԿ. ՏԱՐՒԱՅ ԶԱՒԵՇՏԱԼԻ ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆԸ

ԱՄՆ-ի եւ Իսրայէլի «գործողութիւններն Իրանի դէմ՝ ի աջակցութիւն իրանցի ժողովրդին

ՀԱՏԻՍ

 

Այս ձեւակերպումը հնչում է գրեթէ որպէս չար կատակ․ աւելի ճիշտ՝ ողբերգական ձախողւած բեմականացում։

Պատմութիւնը բազմիցս ցոյց է տւել, որ մեծ տէրութիւնները պատերազմների համար սիրում են գտնել բարոյական փաթեթաւորումներ՝ «ազատագրում», «կայունացում», «ժողովրդավարութեան պաշտպանութիւն»։ Սակայն երբ ռումբերն են սկսում խօսել ժողովրդի անունից, լեզուն ակամայ դառնում է ցինիկ։

Այստեղ կայ մի ակնյայտ հակասութիւն:

Մի կողմից խօսւում է ժողովրդի իրաւունքների մասին, միւս կողմից գործիքակազմը մնում է ռազմական։ Իսկ պատերազմը, որքան էլ ներկայացւի շպարւած յայտարարութիւններով, առաջին հերթին հարւածում է հէնց այն հասարակութիւններին, որոնց համար եկել էր գեղեցիկ դարձնելու իրականութիւնը։

Քաղաքական հռետորաբանութիւնը սովորաբար պարզեցնում է իրականութիւնը: Աշխարհը բաժանում «ռեժիմների» եւ «ժողովուրդների», «բարու» եւ «չարի»։ Դրա ականատեսն ենք եղել նաեւ մենք՝ մեր հայ իրականուեան մէջ:

Սակայն Իրանը, ինչպէս իւրաքանչիւր երկիր, միլիոնաւոր մարդկանց իրական կեանքերի, վախերի, յոյսերի եւ հակասութիւնների մի ամբողջ աշխարհ է։ Այդ աշխարհը չի տեղաւորւում քաղաքական գործիչների ճեպազրուցային խօսքերի մէջ։

Այդ պատճառով էլ «ժողովրդին աջակցելու» մասին խօսքը ռազմական գործողութիւնների համատեքստում աւելի շուտ հնչում է որպէս քաղաքական լեզւի պարադոքս, քան համոզիչ խոստում։ Երբ պատերազմի տրամաբանութիւնը փորձում է խօսել մարդասիրութեան լեզւով, առաջանում է վիճակ, որը մարդկային սթափ դատողութեան ակնոցից ընդունելի չէ։

Եւ հէնց այստեղ է, որ «չար կատակ» արտայայտութիւնը դառնում է գրեթէ ճշգրիտ նկարագրութիւն։ Իսկ եթէ լուրջ յայտարարութիւն է, ապա այն յիշեցնում է միջազգային քաղաքականութեան ամենահին ողբերգանքը՝ ուժի կիրառումը ներկայացնելով հոգատարութիւն։

Related Articles

Back to top button