ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆԱՑՒԱԾ ՊԵՏՈՒԹԻՒՆ. ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ՍԱՀՄԱՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԳՐԱՒԱԿԱՆԸ

«ԸՍԱԾ ԵՆՔ ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ ՄԵՐ ՍՏԱԼԻՆԳՐԱԴՆ Է։ ՄԵՐ ՍՏԱԼԻՆԳՐԱԴՆ Է ԱՅՆ ԻՄԱՍՏՈՎ, ՈՐ ԵԹԷ ՂԱՐԱԲԱՂԸ ԶԻՋԻՆՔ, ՄԵՆՔ ԱՅԼԵՒՍ ՈՉ ՄԷԿ ԿԱՐԵԼԻՈՒԹԻՒՆ ՊԻՏԻ ՉՈՒՆԵՆԱՆՔ ՆԱԵՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ԱՅԼ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ ԻԲՐԵՒ ՊԱՀԱՆՋԱՏԷՐ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ։ ՍԱ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ՍԱՀՄԱՆՆ Է։ ՄԱՀՈՒ ԿԵՆԱՑ ՀԱՐՑ Է»: Արցախեան առաջին ազատամարտի օրերին ասել էր ՀՅԴ Բիւրոյի ժամանակի ներկայացուցիչ Հրայր Մարուխեանը: Այս միտքը, որն այդ ժամանակ յստակ սահմանում էր Հայաստանի եւ հայ ժողովրդի գոյութիւնը եւ ռազմավարական անվտանգութիւնը պաշտպանելու անբեկանելի բանաձեւը, այսօր ուղղակիօրէն արձագանքում է մեր ցաւալի իրականութեանը։ Արցախը, որպէս վերջին սահման, այդ օրերին դիտւում էր ոչ միայն որպէս ռազմավարական նշանակութեան ինչ-որ աշխարհագրական տարածք, այլեւ հայոց պետականութեան գոյութեան պահպանման, հայկական ինքնութեան ու պահանջատիրութեան շարունակականութիւնը երաշխաւորող կենսական պատնէշ: Ստալինգրադի համեմատութիւնը Հրայր Մարուխեանը ընտրել էր ոչ պատահական, որովհետեւ որոշ տարածքներ պարզապէս հնարաւոր չէ զիջել, քանզի դրանց կորուստը չի սահմանափակւում միայն տարածքային կորուստով, այլ մահացու հարւած է հասցնում ազգի գոյութեանն ու պետութեան կենսունակութեանը:
Յետ 44-օրեայ պատերազմի տարիները ցաւալիօրէն հաստատեցին նրա խօսքերի ճշմարտութիւնը։ 2020 թւականի նոյեմբերի 9-ին, երբ Փաշինեանը ստորագրեց կապիտուլեացիայի մասին փաստաթուղթը՝ այդ վերջին սահմանը կորցնելու գործընթացի սկիզբը դրւեց: Արցախը ճանաչւեց Ադրբեջանի ինքնիշխան տարածք, յանձնւեց թշնամուն, հայաթափւեց, եւ արդիւնքում Հայաստանի ռազմավարական դիրքը տարածաշրջանում շեշտակիօրէն թուլացաւ, իսկ հայ ժողովրդի պահանջատիրական հնարաւորութիւնները, ինչպէս Հրայր Մարուխեանն էր կանխատեսել, նւազագոյնի իջեցւեցին:
Սակայն սա միայն խնդրի մէկ կողմն է, ինչպէս ընդունւած է ասել՝ այսբերգի երեւացող մասը միայն: Վտանգաւորն այս բոլորի արդիւնքում ձեւաւորւած դաւաճանական եւ յանցաւոր խորքային քաղաքականութիւնն է, որը «խաղաղութեան դարաշրջան»-ի անւան ներքոյ իրականացւում է ՀՀ գործող իշխանութիւնների կողմից այն դէպքում, երբ յետպատերազմեան բոլոր տարիների ընթացքում Ապշերոնեան թերակղզու բռնապետը՝ Ալիեւը երբեք էլ չի թաքցրել իր ծաւալապաշտական ծրագրերը եւ հրապարակայնօրէն խօսում է Հայաստանի դէմ իր զաւթողական նկրտումների մասին։ Նրա յայտարարութիւնները գալիս են հաստատելու Ադրբեջանի յամառութիւնն այս հարցում, եւ փաստելու, որ դրանք կրում են յստակ հայեցակարգային բնոյթ, որոնք ինչ խօսք, ապագայում Հայաստանի համար ունենալու են անվտանգային բնոյթի չափազանց բարձր ռիսկեր:
Անզէն աչքով անգամ ակնյայտ է, որ Ադրբեջանին բնաւ էլ պէտք չէ Հայաստանի հետ յարաբերութիւնների եւ առկայ խնդիրների վերջնական կարգաւորում եւ կայուն ու անշրջելի խաղաղութեան համաձայնագրի ստորագրում: Ընդհակառակը, նրան պէտք է ձգձգւող գործընթաց, որտեղ նա քայլ առ քայլ կը ստանայ ռազմավարական անշրջելի առաւելութիւն՝ իր վերջնական ծրագիրն իրագործելու համար:
Արդէն գիտենք այն ճշմարտութեան մասին, որ Հայաստանի գործող իշխանութիւնն այդ բոլորին ցաւօք, ինչ-որ բան հակադրելու, դրանք կանխելու փորձ անգամ չի նախաձեռնում: Եւ հէնց այս խիստ մտահոգիչ համայնապատկերի ֆոնին տրամաբանական հարց է առաջանում. իսկ որպէս ազգ մենք ինչպէ՞ս ենք պատրաստւում արձագանքել այս բոլորին, ի՞նչ ենք պատրաստւում հակադրել մեր գոյութիւնը որպէս ազգ-պետութիւն հարցականի տակ տանող այս խիստ վտանգաւոր մարտահարւէրին:
Հռետորաբանական բնոյթի այս հարցի պատասխանին անցնելուց առաջ, նախ նշենք, որ այս փակուղային եւ անելանելի թւացող իրավիճակից դուրս գալու հնարաւորութիւն միանշանակ կայ: Տեսականօրէն հնարաւոր է վերականգնել ամէն ինչ. ոտնատակ տրւած ազգային արժանապատւութիւնը, կորցւած անվտանգութիւնը, յաղթանակած, կայացած ու հզօր ազգ լինելու երբեմնի զգացողութիւնը: Հնարաւոր է նոյնիսկ յետ բերել Արցախը, վերականգնել մեր վերջին սահամանը: Բայց դրա համար մեզ անհրաժեշտ է առաջին հերթին հիմնականօրէն փոխել մեր մտածելակերպն ու մենտալիտետը: Մեզ անհրաժեշտ է արմատականօրէն վերանայել պետականութեան նկատմամբ մեր հայեացքներն ու մօտեցումները, առերեսւել պետականաշինութեան գործում մեր թոյլ տւած բոլոր սխալների եւ բացթողումների հետ՝ անելով անհրաժեշտ հետեւութիւններ, ինչը մեզ թոյլ կը տայ կառուցել գաղափարական եւ բովանդակային իմաստով անցեալ 34 տարիներից, եւ յատկապէս՝ վերջին 7 տարիներից տրամագծօրէն տարբերւող ազգային պետութիւն, որի հիմնական ցուցիչը, ինչպէս բազմաթիւ փորձագէտներ են յուշում՝ կը դառնայ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆԱՑՒԱԾ լինելը:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆԱՑՒԱԾ ՊԵՏՈՒԹԻՒՆ. (իր անհրաժեշտ բոլոր բաղադրիչներով). սա է հայ ժողովրդի միակ փրկօղակը: Պետութիւնը, որը յստակ կը գիտացի թէ ինչպէս է պէտք շարժւել եւ գործել այս թէժ ու հակամարտային տարածաշրջանում: Պետութիւն, որը կը կարողանայ հմտօրէն խուսանաւել ուժակենտրոն, բազմաբեւեռ այս տարածաշրջանի մարտահրաւէրներից՝ դառնալով ազդող սուբիեկտ, այլ ոչ թէ ազդւող օբիեկտ:
Առաջին հայեացքից դժւար հասանելի թւացող նպատակ, որը սակայն նպատակասլաց, անյոգնոյն պայքարի շնորհիւ կարող է վերածւել հայոց ազգ-պետութեան կենսունակութիւնն ապահովող յստակ տեսլականի:



