ԽմբագրականՀՅԴ Մամուլ

ԱԿՆԱՐԿ. ԵՐԲ ԻՆՍՏԱՆԵՐՈՒՄ ՅՈՒՇԱԿՈԹՈՂԸ ԿԱՅ, ԲԱՅՑ ԱՆՈՒՆԸ՝ ԱՂԱՒԱՂՒԱԾ

ՀԱՏԻՍ

 

Վերջին շրջանում սոցիալական հարթակներում եւ որոշ հանրային տեղեկատւական աղբիւրներում նկատւում է մի միտում, որը չի կարող անուշադրութեան մատնւել մշակութային ժառանգութեան պահպանութեամբ հետաքրքրւողների կողմից։ Խօսքը Իրանի հիւսիս-արեւմտեան հատւածում գտնւող պատմական եկեղեցական մի շարք կոթողների ներկայացման մասին է, որոնց ծագումնաբանութիւնն ու ինքնութիւնը ձեւակերպւում են առանց դրանց հայկական պատկանելիութեան յիշատակումների։

Առանձնապէս ուշադրութեան է արժանի այն փաստը, որ նման ներկայացումների թիրախում յայտնւել են Սուրբ Ստեփանոս Նախավկայի եւ Սուրբ Թադէոս Առաքեալի վանքերը՝ հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ սրբավայրեր, որոնք ընդգրկւած են ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգութեան ցանկում՝ որպէս Իրանի պատմական եւ մշակութային բազմազանութեան կարեւորագոյն վկայութիւններ։

Վերջին հրապարակումներում այս յուշակոթողները ներկայացւում են որպէս «ալբանական» կամ «խազարական» կառոյցներ՝ առանց համապատասխան գիտական հիմնաւորումների կամ պատմական սկզբնաղբիւրների յղման։ Միեւնոյն ժամանակ, դարաւոր արձանագրութիւններում, ճանապարհորդական գրառումներում, եկեղեցական մատեաններում եւ միջազգային ակադեմիական գրականութեան մէջ արձանագրւած հայկական ինքնութիւնը ոչ թէ քննարկւում կամ վիճարկւում է, այլ պարզապէս շրջանցւում։

Խնդիրը միայն ակադեմիական բանավէճը չէ։ Աւելի մտահոգիչ է այն, որ «հայ» բառը յաճախ ընդհանրապէս չի յիշատակւում։ Երբ պատմական ինքնութիւնը լռութեամբ դուրս է մղւում հանրային խօսքից, առաջանում է մշակութային յիշողութեան աղաւաղման վտանգ։

Յատկանշական է նաեւ, որ այս բովանդակութիւնները պատրաստւում եւ լայնօրէն տարածւում են յատկապէս սոցիալական ցանցերում՝ պարսկերէն եւ ազերերէն լեզուներով։ Ինստագրամային տեսանիւթերն ու գրառումներն աստիճանաբար ձեւաւորում են հանրային ընկալումներ, որոնք շատ դէպքերում փոխարինում են գիտական եւ մասնագիտական աղբիւրներին։

Իրանի պատմական քաշը հէնց իր բազմաշերտ մշակութային ժառանգութեան վրայ է։ Հայկական համայնքի դարաւոր ներկայութիւնը, նրա եկեղեցական, կրթական եւ մշակութային կառոյցները երկրի ընդհանուր պատմութեան անբաժանելի մասն են։ Իւրաքանչիւր մօտեցում, որը վերաձեւակերպում է այս բազմազանութիւնը, վտանգում է ոչ միայն համայնքի պատմական յիշողութիւնը, այլեւ Իրանի մշակութային հեղինակութիւնը միջազգային հարթակներում։

Մշակութային ժառանգութեան պահպանութիւնը պահանջում է ճշգրտութիւն, պատասխանատւութիւն եւ պատմական յիշողութեան նկատմամբ յարգանք։ Հարցը միայն այն չէ, թէ ինչպէս ենք անւանում յուշակոթողները, այլ այն, թէ ինչ պատմութիւն ենք փոխանցում ապագայ սերունդներին՝ լռութեան, թէ փաստի լեզւով։

Յ. Գ. – Երբ մեկնաբանութիւններում փորձում ես հերքել առանց փաստարկների պնդումները, յաճախ ստանում ես կոշտ պատասխան, որն շեշտում է «խազարական» եւ «թուրքական» տեսակէտները՝ փորձելով վերագրել Ս. Ստեփանոսին եւ Ս. Թադէոսին այդ ծագումը։ Նամակում օգտագործւում է տարածւած պանթուրքիստական լոգիկա՝ նշելով, որ թուրքերը քրիստոնեայ ու մահմեդական եղբայրներ են, իսկ հայերը ոչ թէ ինքնուրոյն, այլ պարզապէս թուրքական ժառանգութիւն ունեն։

Մոնգոլական փափախով ու դիմագծերով Attila-turk օգտատէրը ինձ պատասխանելով նշել է. «Ըստ Մարկօ Պոլոյի, Իբն Սինայի եւ «Գուսթար»-ի հեղինակած «Խազարական կայսրութեան պատմութեան» (՞) մէջ նշւած է՝ «արմէն» նշանակում է թուրքերի երկիր: «Ար» նշանակում է փայլուն մարտիկ, «մէն» նշանակում է զինւոր, ինչպէս «Թուրքմէն»: Սա թուրքերէն անւանում է: Եթէ ուշադիր նայես՝ կը տեսնես, որ թուրքերը մահմեդական եւ քրիստոնեայ եղբայրակցութիւն են: Սակայն քեզ նման մարդիկ, կրօնական ծայրահեղութեան են տանում ամէն բան եւ իրականութիւնից կտրւած են… մտածել սովորէք»:

Իմ պատասխանը՝

«Խորհուրդ եմ տալիս պատմութեան ճշգրիտ եւ հաւաստի ընկալման համար յղումներ անել գիտական ուսումնասիրութիւններին ու փաստաթղթերին, եւ տարբեր մշակոյթների ու կրօնների առանձնայատկութիւնները գնահատել ըստ իրականութեան, ոչ մարկետինգի կամ միթիֆիկացիայի։ Պատմական ճշմարտութիւնը յարգելը միայն հայկականը ամրապնդելու համար չէ, այլ կարող է ամրացնել նաեւ այլ ժողովուրդների մշակութային ինքնութիւնը եւ նպաստել խաղաղ գոյակցութեանը»։

Related Articles

Back to top button