Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ Արաղչի-Լաւրով բանակցութիւնների օրակարգի մասին

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի ԱԳՆ յայտարարել է, որ Իրանի Իսլ. Հանրապետութեան ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին չորեքշաբթի՝ դեկտեմբերի 17-ին, պաշտօնական այցով կը գտնւի Մոսկւայում, որտեղ տեղի կունենայ ՌԴ արտաքին գործոց նախարար Սերգէյ Լաւրովի հետ նրա հանդիպումը։
ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած հաղորդագրութեան մէջ նշւում է, որ կողմերը բանակցութիւնների ընթացքում կը քննարկեն ընթացիկ միջազգային հարցեր, այդ թւում՝ Իրանի միջուկային ծրագրին առնչւող թեմաները, ինչպէս նաեւ կը փոխանակեն կարծիքներ փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Նշւում է նաեւ, որ հանդիպման ընթացքում յատուկ ուշադրութիւն կը դարձւի ռուս-իրանական երկկողմ յարաբերութիւնների օրակարգին, որոնք ընթացիկ տարւայ սեպտեմբերին՝ Համապարփակ ռազմավարական համաձայնագրի ուժի մէջ մտնելուց յետոյ անցել են նոր որակական մակարդակի։
Աւելի վաղ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալութիւնը, վկայակոչելով Իրանի ԱԳՆ խօսնակ Էսմայիլ Բաղայիին, հաղորդել էր, որ Արաղչին Բելառուս կատարած այցից յետոյ կը մեկնի Ռուսաստան։ Ըստ նոյն աղբիւրի՝ Իրանի ԱԳ նախարարը երեքշաբթի, դեկտեմբերի 16-ին, Մոսկւայում կը հանդիպի ՌԴ Պետդումայի մի շարք պաշտօնեաների հետ, իսկ չորեքշաբթի կը կայանայ նրա հանդիպումը Սերգէյ Լաւրովի հետ։



