Սերգէյ Շահվերդեան. «Լռելն այսօր բացարձակապէս վայել չէ զինւորականի պատւին»

«ԱԼԻՔ» – Արցախի Հանրապետութեան հասարակական, քաղաքական շրջանակները եւս տարակուսած են զինւորական ուղի անցած անձանց լռութեամբ, որ չեն արձագանգում ազատագրական պայքարը վարկաբեկող, արցախցու դերը նսեմացնող գործող իշխանաւորների յայտարարութիւններին։
«Զարմանալի չէ Հայաստանի բարձրաստիճան պաշտօնեաների մօտեցումը, որովհետեւ այդ քայլերն իրականացւում են գործող իշխանութիւնների քաղաքականութեան շրջանակներում ու միտւած է արցախցիների հանդէպ յատուկ բացասական վերաբերմունք ձեւաւորելուն»,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասել է Արցախի բռնազաւթւած տարածքներում մշակութային ժառանգութեան պահպանութեան պետական խորհրդի քարտուղար, «Արցախի մշակոյթի եւ զբօսաշրջութեան զարգացման գործակալութիւն» ՀԿ նախագահ Սերգէյ Շահվերդեանը։ Փոխարէնը, նրա խօսքերով՝ զարմանալին այն է՝ Արցախի ՊԲ-ի 2023 թ.-ին պատասխանատու պաշտօններ զբաղեցրած զինւորականների լռութիւնը։
«Ոչ մի պաշտօնեայ չի խօսում, չի ժխտում Հայաստանի իշխանաւորների ասածները։ Իմ խօսքերը միայն ՊԲ վերջին հրամանատար Կամօ Վարդանեանին չի վերաբերւում, այլ նաեւ նրա տեղակալներին»,- ասել է նախկին նախարարը։
Նրա գնահատմամբ՝ նման պահւածքը յարիր չէ պատերազմի բովով անցած անձանց։ «Լռելն այսօր բացարձակապէս վայել չէ զինւորականի պատւին, վայել չէ պատերազմի բովով անցած մարդուն, անյարգալից վերաբերմունք է պատերազմում զոհւած նահատակների յիշատակի հանդէպ։ Ինձ համար անընդունելի է կաշկանդւածութեան որեւէ գործօն, պատրւակ, որի պատճառով կարող են իրենք լռել։ Երբ քո երեսին ուղղակի շպրտում են հանիրաւի մեղադրանքներ, դու որքան էլ կաշտկանդւած լինես օրւայ ծառայութեամբ կամ այլ խնդրով, ապա լռութիւն պահպանելով յարգանքը ոչ միայն նւազում է, այլեւ կորչում իսպառ»,- արձանագրեց Շահվերդեանը՝ աւելացնելով. «կաշկանւածութիւն բոլորս էլ ունենք, հիմա թոյլ տանք, որ արցախցիներին վիարաւորե՞ն, լռե՞նք։ Ինչպէ՞ս է կռւել, արցախցի զինւորը լա՞ւ է կռւել, թէ՞ վատ, ի՞նչ պայմաններում է կռւել, ով մենակ թողեց, ինչի՞ գնով հրադադարը որոշւեց, ողջ ինֆորմացիային տիրապետողն իրենք են ու լռում են»,- ամփոփել է Շահվերդեանը: