Ոտքի ելած «ամբաստանեալները»

«Ոտքի՛ կանգնէք, ամբաստանեալներ». դատարանի դահլիճում այս հրահանգով է սկսւում դատավարութիւնը։ Բաքւում, սակայն, 2023 թւականի Սեպտեմբերից ի վեր հայ կալանաւորների նկատմամբ իրականացւող գործընթացը վաղուց դուրս է եկել սովորական դատական գործընթացի շրջանակներից. գրում է Բոստոնի «Հայրենիք»-ն իր խմբագրականում:
Ադրբեջանը Արցախի նախկին քաղաքական եւ ռազմական ղեկավարներին մեղադրում է ծանրագոյն յանցագործութիւնների մէջ՝ ահաբեկչութիւնից ու պատերազմի յանցագործութիւններից մինչեւ մարդկութեան դէմ յանցագործութիւններ եւ անգամ՝ «ցեղասպանութիւն»։ Մինչդեռ միջազգային իրաւապաշտպաններն ու մասնագէտները բազմիցս հարցականի տակ են դրել այդ դատավարութիւնների անկախութիւնն ու արդարութիւնը։
Օգոստոսի 5-ին Ադրբեջանի վերաքննիչ դատարանը մերժեց հայ կալանաւորների բողոքները՝ անփոփոխ թողնելով առաջին ատեանի դատավճիռները եւ երկարատեւ ազատազրկման պատիժները։ Այս որոշումը եւս մէկ անգամ ցոյց է տալիս, որ Բաքւում իրականացւող գործընթացը դժւար է ընկալել որպէս անկախ դատական քննութիւն։
Աւելին՝ հայ կալանաւորների հարցը գնալով դուրս է գալիս Երեւան-Բաքու յարաբերութիւնների շրջանակից։ Եւրոպական խորհրդարանի վերջին քննարկումները, ինչպէս նաեւ Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախկին կոչերը վկայում են, որ խնդիրը միջազգային հանրութեան համար դառնում է մարդու իրաւունքների, արդար դատաքննութեան եւ միջազգային իրաւունքի հարց։
Այստեղ է նաեւ խաղաղութեան գործընթացի հիմնական հակասութիւնը։ Երեւանն ու Բաքուն շարունակում են խօսել վերջնական խաղաղութեան համաձայնութեան մասին, մինչդեռ Արցախի նախկին ղեկավարները շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։
Խաղաղութիւնը միայն սահմանների, հաղորդակցութեան ուղիների կամ դիւանագիտական փաստաթղթերի մասին չէ։ Այն առաջին հերթին վստահութեան խնդիր է։ Իսկ վստահութիւն չի կարող ձեւաւորւել այն պայմաններում, երբ մարդկանց ճակատագրերը վերածւում են քաղաքական ճնշման կամ բանակցային գործիքի։
Հայաստանի իշխանութիւնների համար հայ կալանաւորների հարցը գուցէ առաջնային նշանակութիւն չունի, սակայն հայ հասարակութեան եւ Սփիւռքի համար այն այդպիսին լինել չի կարող։ Աւելին՝ Արցախի հայութեան վերադարձի հարցի կողքին այն մնում է խաղաղութեան գործընթացի ամենազգայուն խնդիրներից մէկը։
Որքան էլ խօսւի խաղաղութեան մասին, քանի դեռ Բաքւի բանտերում հայեր կան, այդ խաղաղութեան անկեղծութիւնն ու վստահելիութիւնը դեռեւս ապացուցման կարիք ունեն։



