Հայաստան - Արցախ

Դէպքից՝ լուսանկար ընկած տարածութեան մասին

(Մայիսի 28-ի առիթով՝ այլ ակնոցով)

ՀԱՏԻՍ

 

Յաղթանակները յաճախ իրենց լուսանկարով են յիշատակւում: Պարտութեան դէպքում՝ միայն ու միայն պարտութիւն բերողի դիմանկարով…

Առաջինի դէպքում ծառն այնքան խիտ է ճիւղերով, որ ինչքան ասես ստւեր ու հով կայ փռւած շուրջը, ինչքան ասես լուսանկար ու հերոսի պատկեր: Իսկ երկրորդի դէպքում, չորացած ու անպտուղ մի ծառ, որի արմատը հող է ցամաքեցնում, դարձնելով այն դժգոյն ու ոչ մի բանի պէտք ձիւնածածկ կոնդ ու գագաթ… մէկում ազգի գոյատեւումն ու պատմութիւնն է խօսում, միւսում՝ մի ամբողջ անհայրենիքների ինքնութեան սովն է ու մեղմ ասած՝ անբանութիւնը:

Պտմութեան ինքնապտոյտը բնորոշ է, յատկապէս,  պատմութիւնից դասեր չքաղած ժողովուրդներին: Նրա կրկնւելուց խուսափելու համար պէտք չէ հանճար լինել, գլխով մտածելն էլ բաւարար կը լինի:

Ընտրութիւնները չընտրութիւնների չվերածելով, կամ ունեցածն ու ժառանգածը գնահատելով… մի խօսքով, սեփական որոշումներն ու անցեալը եւս պատմութեան մի մասը գնահատելով:

Պատմութիւնը գիտակցելու կարեւորութեան մասին միայն այսքանը, որ յաղթանակներ յիշելու եւ յիշեցնելու պատկերաւոր հնարաւորութեան գոյացնողն են նաեւ լուսանկարիչներն ու դէպքերը պատկերագրողները: Իսկ այն մասին, թէ մեր իմացած պատմութիւնը պատկերագրողի աչքին այսօրւայ հայկական պետականութիւն հասկացութիւնն իր բոլոր չափսերով ու քառակուսիներով ինչ իմաստ կարող էր ունենալ, պէտք է հարց տալ Ռուբէն Մանգասարեանին, Գագիկի Յարութիւնեանին, Գերման Աւագեանին, Հրայր Բազէին եւ նաեւ ուրիշներին, ովքեր, յատկապէս, Հայաստանի վերանկախացումից յետոյ ներկայ եղան բոլոր իրադարձութիւնների կիզակէտում, ցոյցեր, ցասում, Արցախեան յաղթանակներ, եւ՝ յեղափոխութիւն անւանւած շարժումը, որով պետականութիւնը մաս մաս թուլացւում ու փոքրացւում է, ծւէն-ծւէն է լինում՝ դառնալով այն յուսահատութեան խորհրդանիշ …

Հայաստանի Առաջին Հանրապետութեան Կերտման ամեակի առիթով ինչքան ասես ճառ ու խօսք կարելի է ասել: Սակայն առիթը չփախցնելով, փորձենք կենտրոնանալ հէնց պատմութիւնը վաւերագրելու կարեւորութեան վրայ:

Եթէ թւարկածս անուններից շատերն այսօր իրենք եւս պատմութիւն են դարձել, ապա նրանց թողած աւանդը՝ ֆոտոլրագրութիւնն ու վաւերագրական լուսանկարչութիւնը շարունակում է ապրել նրանց դաստիարակած ու վարժեցրած սերնդի ու նոր անունների գործերում:

2018 թւականին նրանք բոլորն էլ «ասֆալտին» էին: Լուսանկարում ու լուսաբանում էին ամենուր. հրապարակը, փակած խաչմերուկները, պողոտաների՝ խորովածի կրակով փակւած վիճակը…

Դա, յատկապէս, օգնեց նոյնիսկ սակաւ թւով քաղաքացիներով (հիմնականում պատանիներ) ցոյցերին տալ միջազգային մեդիայում վերնագրային առիթներ: Այդպէս նաեւ արագացւում էր իշխանափոխութեան, յեղաշրջման կամ յեղափոխութեան (ոնց կուզէք անւանէք, բառի ընտրութիւնը թողնում եմ ձեզ, մէկ է արդիւնքը դրանից չի փոխւելու այլեւս) գործընթացը: Այլեւս չկայ Արցախի Հանրապետութիւնը, Հայաստանի տարածքները ծւէն-ծւէն են դառնում, օրինականացւում է պատմութիւնն ու հայրենի հողի օտարումը, պետական առաջին դէմքի մակարդակով Ցեղասպանութեան հատուցման ուրացում եւ ինչքան ասես նման գործընթացներ…

Շարունակ բողոքողի տպաւորութիւն չգործելու համար նշեմ, որ սրանով նաեւ պատրաստւում էի գործընկերներին հարց ուղղել, թէ ո՞ւր կորան 2018-ը մեկնաբանող լուսանկարիչներն ու վաւերագրողները: Քանի որ նրանք որոշակի նրբանկատութեամբ ու զգայունութեամբ էին լուսաբանում 2018 թւականի բողոքի բոլոր ակցիաները, սակայն նրանց տեսախցիկը լռում է այսօրւայ բողոքի ցոյցերին, կամ անտարբեր է սահմանային ողբերգութիւնների նկատմամբ։

Պատկերացրէք նոյն հարցով եմ դիմել երեւանաբնակ լուսանկարիչ ընկերներիցս մէկին, Ռուբէն Մանգասարեանի լաւագոյն աշակերտներից՝ «…եան»-ին, առանց պատասխանի ակնկալիքի, քանի որ ներսում եղած դժգոհանքիս մասին անկեղծանալու սովորութիւն ունեմ:

Երկու ժամ չանցած ստացայ պատասխան.

«…Եթէ կարճ, ապա հայաստանեան լրատւամիջոցների ակտիւիստներն ու առհասարակ անկախ լուսանկարիչները 2018-ի քաղաքացիական ակցիաների լուսաբանումից եւ դրան յաջորդած (եւ նոյնիսկ դրանից առաջ) լաւ էինք զգում մեզ ստեղծւած եկամտով աշխատելու առիթների ու նաեւ տարբեր դրամաշնորհների համար: Այս գործընթացը շարունակւեց, յատկապէս իշխանափոխութիւնից յետոյ, արեւմտեան լրատւամիջոցների կողմից ստացած պատւէրների տեսքով, ինչն իր հետ լաւ եկամուտ էր ենթադրում: Իսկ հիմա արդէն կեանքդ ես կապակցել աշխատանքիդ բնոյթի հետ: Պատւէրներն ու պատւիրատուն եւս իր մօտեցումներն ունի: Չես համաձայնելու՝ չունես եկամուտ:

Պատւիրատուներին ամէն բան չէ, որ հետաքրքրում է: Այսօրւայ ցոյցերը բացարձակապէս թեմա չեն նրանց համար: Ճիշտ ես: Լռեցնելու մեղմ գործիք է… լրագրողների ու լուսանկարիչների մեդիա գործունէութիւնը սահմանափակումների է հանդիպելու հէնց նման գրանտների կամ փախցրած առիթների պատճառով: Ստացածդ գրանտն էլ կա՛մ երեսովդ են տալու, կա՛մ լաւագոյն դէպքում կորցնելու ես աշխատելու առիթներն ու կապերը…»:

Պարզ է չէ՞: Ժողովրդավարութեան «բաստիոն»-ը կաշին փոխել է արդէն: Պոպուլիզմի ծնած ժողովրդավարութեան այս մոդելն ունի բոլոր միջոցները բռնատիրութիւն դառնալու, եւ դրան օրինական երանգ տալու համար: Յատկապէս վերջին տարիներին այն կիրառւել է հայրենասիրական եւ ազգային հայեացքներով շարժումներին ու քաղաքաիցներին լռեցնելու նպատակով։

Նոյնը կարելի է նկատել նաեւ տնտեսութեան ոլորտում: Եթէ գլուխդ մտնել չյաջողւի, ապա գրպան մտնելը դժւար չէ իշխանութիւնների համար: Մէկ այլ տրամաբանութեամբ էլ  գաղտնիք չէ, որ ռազմական գործողութիւնները փոխկապակցւած են տնտեսութիւնների անկման հետ։ Մէկի զարթնելը, միւսի քուն մտնելու հետ է տեղի ունենում:  Հէնց այս  յարաբերակցութեամբ էլ կարելի է բացատրել գործարարներից որոշների ժպտացող հայեացքն ուղղւած Փաշինեանի գործողութիւններին: Նոյն անկեղծութեամբ ու առանց ածականների՝ երբեմն գործարարների համար շահոյթն ու տնտեսական աճն աւելի նախընտրելի է, քան երկրների ու ժողովրդի անվտանգութիւնը։

Ի լրումն այս բոլորի, պասիւանալու կարեւոր գործօններից է ժողովրդի եւ ակտիւիստների յուսալքւածութիւնը, ինչը գործող իշխանութիւնների եւ նրանց աջակցող կառոյցների առանցքային գործիքն է իշխանութիւնը զաւթած պահելու համար:

Related Articles

Back to top button