Պատմաբանը՝ Փաշինեանի էժանագին աճպարարութեան մասին. «Պաթոլոգիկ շեղում է 4-րդ դարի վաղմիջնադարեան հասարակութեան 20-21-ամեայ երիտասարդի հետ 21-րդ դարում ապրող մօտ 50-ամեայ անձի ինքնանոյնականացումը»
«ԱԼԻՔ» – Պատմական գիտութիւնների թեկնածու, պատմական ժողովրդագրութեան մասնագէտ Միքայէլ Մալխասեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինեանի կողմից Պապ թագաւորի մասին հերթական էժանագին յայտարարութիւններին: Նրա գրառումը հրապարակել է 168.am-ը։
«Երկու ամիս շարունակ ՀՀ իշխող թիմը ՀՀ քաղաքացիներին համոզում էր, որ իրենց քաղաքական գիծը «Իրական Հայաստան» կառուցելն է (29.743 քկմ. տարածքով), որը կը ձերբազատւի պատմական Հայաստանի վերաբերեալ ընկալումների բարդոյթներից։
Եւ այդ ֆոնին իրենց թիմի ղեկավարը գերագոյն օրէնսդիր մարմնում յայտարարում է, որ իրենց քաղաքական գիծը Պապ թագաւորի երազանքի Հայաստանը կառուցելն է։
Ստախօսութեան եւ էժանագին աճպարարարութեան հերթական օրինակը… Չէ՞ որ պատմական կերպարը որպէս ոգեշնչման եւ նոյնականացման օրինակ օգտագործելը ցոյց է տալիս, որ հէնց ինքն է հեռու իր իսկ նշած «Իրական Հայաստանից» եւ մնացել է պատմական Հայաստանի հեռաւոր մի դրւագում, այն էլ՝ եղծելով Պապի գահակալութեան շրջանի վերաբերեալ պատմագիտութեան իրական պատկերացումները եւ նրա սպանութիւնը՝ չհիմնւելով որեւէ սկզբնաղբիւրի վրայ, կապելով Եկեղեցու հետ։
Անհրաժեշտ է ֆիքսել, որ առհասարակ պաթոլոգիկ շեղում է 4-րդ դարի վաղմիջնադարեան հասարակութեան 20-21-ամեայ երիտասարդի հետ 21-րդ դարում ապրող մօտ 50-ամեայ անձի ինքնանոյնականացումը։
Յ. Գ. – Ի դէպ, Պապը վերջին թագաւորներից մէկն էր, որի ժամանակ Մեծ Հայքի թագաւորութեան տարածքը տատանւում էր 300-330 հազար քկմ. միջակայքում։ Իսկ նրա սպանութիւնը, ինչպէս նշում է հռոմէական իրականութեան յոյն պատմիչ Ամմիանոս Մարկեղինոսը, կազմակերպւել է Մեծ Հայքի ռազմավարական դաշնակից Հռոմթական կայսրութեան կայսր Վաղեսի հրամանով՝ Հայաստանում գտնւող իրենց զօրամասում՝ զօրքերի հրամանատար Տրայանոս զիրավարի կողմից»,- գրել է պատմաբանը։
Յիշեցնենք, որ մայիսի 22-ին ՀՀ ԱԺ-ում կառավարութեան հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինեանը յայտարարել էր, թէ այսօրւայ Հայաստանի Հանրապետութիւնը Պապ թագաւորի երազանքի իրագործումն է։
«Նրանք, ովքեր ուզում են ՀՀ–ն տեսնել 29743 քառ կմ. լեգիտիմ տարածքից դուրս, ցանկանում են, որ մենք դառնանք լեգիտիմ թիրախ ուրիշների համար։ Ինչո՞ւ են ուզում մեզ դարձնել լեգիտիմ թիրախ ուրիշների համար, որպէսզի լինեն երկրներ, որ ասեն՝ ՀՀ–ն ի վիճակի չէ անկախ լինել, պէտք է կիսաֆորպոստային լինի։ Մենք ձեր փոխարէն արտաքին քաղաքականութիւն, անվտանգութիւն կը վարենք, ձեզ ինչո՞ւ է պէտք խորհրդարան, կառավարութիւն, քանի որ կան թեմեր, 10 մարզի փոխարէն կը լինի 10 թեմ։ Հայ ժողովուրդը ունեցել է այդ փորձը, որ գնում էին, Կեսարիայում օծւում էին, գալիս, Հայաստանում դառնում էին ազդեցութեան գործակալ»,- ասել էր նա։
Ըստ Փաշինեանի՝ սա այն խօսակցութիւնն է, որն ընդհատւել է Պապ թագաւորի սպանութեամբ։
«Պապ թագաւորն այլեւս չի սպանւելու։ Դա ես երաշխաւորում եմ. ինչ վեղար էլ ուզում են հագնեն, քանի կիլոգրամանոց խաչ ուզում է, դոշներից կախեն, Պապ թագաւորը չի սպանըելու։ Այսօրւայ ՀՀ-ն Պապ թագաըորի երազանքի իրագործումն է, եւ էդ երազանքն այլեւս չի կարող սպանըել, սա է մեր քաղաքական առաքելութիւնը»,- յայտարարել է Փաշինեանը։