Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արթուր Խաչատրեան. «Եթէ որեւէ մէկին մեղադրում են գործակալ լինելու մէջ, պէտք է յարուցւի քրէական գործ, ոչ թէ գրպանը բան գցեն»

«ԱԼԻՔ» – ՀՀ ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանելիս ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը մեկնաբանել է  Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութիւնները, ըստ որոնց ԱԱԾ աշխատակիցներն էլ են ներգրաււում պատարագներում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունի հնչեցումը «կրճատելու» կամ «զեղչելու» հարցում հոգեւորականների հետ տարւող քննարկումներում։ Հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները:

Լրագրողի դիտարկմամբ՝ եթէ կիրակի օրը Փաշինեանը ներկայանալու է Գիւմրու Սուրբ Եօթ վէրք եկեղեցում պատարագին, ապա դա նշանակում է, որ արդէն գտնւել է մի քահանայ, որը պատրաստ է պատարագի ժամանակ չյիշատակել Վեհափառի անունը, ինչը հետագայում տւեալ հոգեւորականներին կարող է դարձնել քննադատութեան թիրախ։

Պատգամաւորը, արձագանքելով հարցին, նշել է. «Եթէ որեւէ մէկին մեղադրում են գործակալ լինելու մէջ, կամ պետական դաւաճանութեան մէջ, ապա պէտք է յարուցւի քրէական գործ։ Սա տրամաբանական է։ Նիկոլ Փաշինեանը 2018 թւականի օգոստոսի 17-ին յայտարարեց, որ Մարտի մէկի գործը սկզբունքօրէն ամբողջովին բացայայտւած է, սակայն մինչ օրս դատախազութիւնը նման յայտարարութիւն չի արել։ Եթէ մեղադրանք կայ, պէտք է լինի նաեւ իրաւական գործընթաց։ Նման գործեր՝ ո՛չ պաշտօնեաների, ո՛չ զինւորականների, ո՛չ եկեղեցականների նկատմամբ այստեղ գոյութիւն չունեն»։

Խաչատրեանը նաեւ արձագանքել է ԱԱԾ-ի հնարաւոր ներգրաււածութեանը. «Բռնակալական երկրներում իրաւապահ համակարգը դառնում է քաղաքական իշխանութեան գործիք։ Այդ երկրներում ուժային կառոյցներին ուղարկում են, որպէսզի «զրուցեն» թէ՛ եկեղեցականների, թէ՛ լրատւամիջոցների հետ։ Հիմա մենք տեսնում ենք նոյնը։ Այո, հնարաւոր է գտնւեն այնպիսի հոգեւորականներ, որոնք համաձայնում են փոփոխութիւններ անել՝ գուցէ ճնշման տակ։ Բայց եթէ մարդը չի կարողանում կատարել իր պարտականութիւնները, կարող է դիմել Վեհափառին, հրաժարւել ծառայութիւնից եւ զբաղւել այլ գործով։ Հոգեւորականի կոչումը պարտաւորութիւն է, եւ եթէ այդ պարտաւորութիւնը հնարաւոր չէ կրել, ապա դա նոյնպէս որոշում է, որ պէտք է ընդունել»։

Նրա խօսքով՝ մեղադրանքները, թէ «ցենզուրա» է իրականացւում կամ ճնշում է գործադրւում եկեղեցու վրայ, պէտք է հիմնաւորւած լինեն իրաւական ընթացակարգերով, ոչ թէ միայն հրապարակային յայտարարութիւններով. «Չի կարող լինել իրավիճակ, երբ ասում են՝ այսինչը գործակալ է, բայց քրէական գործ չկայ։ Սա ընդամէնը վիրաւորանք է եւ վնասում է ոչ միայն եկեղեցուն, այլեւ ժողովրդին»։

Related Articles

Back to top button