Քաղաքական

Նախագահ Թրամփն արժանի չէ արտասանելու ցեղասպանութիւն բառը

Նախագահ Դոնալդ Թրամփի 2025 թւականի ապրիլի 24-ի ուղերձը, որում նա խուսափեց յիշատակել Հայոց Ցեղասպանութիւնը որպէս ցեղասպանութիւն, ամօթալի շրջադարձ է Միացեալ Նահանգների տասնամեակների ճանաչումներից: Թուրքական եւ ադրբեջանական շրջանակներն արագօրէն օգտւեցին Թրամփի յայտարարութիւնից: Թուրքական Turkiye Today թերթը ապրիլի 24-ին յօդւած հրապարակեց՝ «Թրամփն ապրիլի 24-ին խուսափեց «Հայոց Ցեղասպանութիւն» եզրոյթից՝ որպէս բարեկամական ժեստ Թուրքիայի նկատմամբ» խորագրով: Ադրբեջանական Azernews լրատւամիջոցը ապրիլի 25-ին յօդւած հրապարակեց՝ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 1915 թւականի յայտարարութեան մէջ խուսափեց «ցեղասպանութիւն» եզրոյթից» վերնագրով:

Միացեալ Նահանգների կառավարութիւնն առաջին անգամ ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը 1951 թւականին այն պաշտօնական փաստաթղթում, որը ներկայացւել է Արդարադատութեան միջազգային դատարան (Համաշխարհային դատարան):

Ներկայացուցիչների պալատը 1975 եւ 1984 թւականներին ընդունել է երկու բանաձեւ, որոնցով ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը: Նախագահ Ռոնալդ Ռէյգանը այն ճանաչել է 1981 թւականի ապրիլի 22-ի իր հռչակագրում:

Ներկայացուցիչների պալատը կրկին ճանաչել է այն 2019 թւականի հոկտեմբերի 29-ին՝ 405 կողմ եւ 11 դէմ ձայների ճնշող մեծամասնութեամբ։ Չնայած նախագահ Թրամփի մի քանի փորձերին՝ այն խոչընդոտելու, ԱՄՆ Սենատը 2019 թւականի դեկտեմբերի 12-ին ընդունել է բանաձեւ, որով միաձայն համաձայնութեամբ (100 կողմ եւ 0 դէմ) ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը։

Այնուհետեւ նախագահ Ջօ Բայդէնը պաշտօնապէս ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը 2021 թւականի ապրիլի 24-ին հրապարակւած գրաւոր յայտարարութեամբ։

Այս բոլոր ճանաչումներից յետոյ հայերին այլեւս չի հետաքրքրում, թէ ինչ է ասել Թրամփը Հայոց Ցեղասպանութեան մասին 2025 թւականին: Անկասկած, Թրամփը պարզապէս հրաhանգ է ստացել իր մտերիմ ընկերոջից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, որով Թրամփն անչափ հիանում է:

Ամիսներ շարունակ Թրամփի հայ կողմնակիցները հպարտօրէն նշում էին, որ նախագահը շրջապատւած է կառավարութեան երեք բարձրաստիճան հայամէտ անդամներով՝ Առողջապահութեան եւ մարդկային ծառայութիւնների նախարար Ռոբերտ Ֆ. Քենեդի կրտսեր, Ազգային հետախուզութեան տնօրէն Թուլսի Գաբբարդ եւ պետքարտուղար Մարկօ Ռուբիօ: Բացի Ռուբիոյից, առաջին երկուսն արտաքին քաղաքականութեան հետ ոչ մի կապ չունեն: Կամ այս երեքից ոչ մէկը չի փորձել ազդել Թրամփի ապրիլի 24-ի յայտարարութեան վրայ, կամ նախագահը պարզապէս անտեսել է նրանց խորհուրդները: Ռուբիօն նոյնիսկ աւելի մեղմ յայտարարութիւն է արել ապրիլի 24-ին, քան Թրամփը․ «Աննկարագրելի կորստի ստւերի ներքոյ հայ ժողովուրդը տոկացել է եւ յաղթել։ Այսօր Մեծ Եղեռնը յիշում ենք ոչ միայն սգալով, այլեւ վճռականութեամբ: Յարգելով անցեալը՝ մենք ակնկալում ենք աշխատել Հայաստանի եւ տարածաշրջանի համար կայուն խաղաղութեան, բարգաւաճման եւ անվտանգութեան ուղղութեամբ»։ Ուշադրութիւն դարձրէք՝ որեւէ յիշատակում չկայ ո՛չ Թուրքիայի, ո՛չ Օսմանեան կայսրութեան մասին որպէս ցեղասպանութեան կազմակերպիչ։

Հայերը նաեւ ստիպւած էին առերեսւել նախագահ Էրդողանի ապրիլի 24-ի խեղաթիւրւած յայտարարութեանը, որը նախատեսւած էր մոլորեցնելու նրանց, որոնք այնքան միամիտ են նման հնարքներով խաբւելու համար։ Էրդողանը «ցաւակցական ուղերձ» էր յղել, որը պատրիարք Սահակ Մաշալեանը պարտաճանաչօրէն ընթերցեց Ստամբուլի Ֆերիքիոյ թաղամասում գտնւող Սուրբ Վարդանանց եկեղեցում։ Հեռու լինելով Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելուց, Էրդողանը կեղծօրէն հաւասարեցրեց Հայոց Ցեղասպանութեան զոհերին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սպանւած թուրք զինւորների հետ։ Աւելի հեռուն գնալով՝ Էրդողանը մեղադրեց հայ զոհերին «ապստամբութիւններին, աւազակախմբերի աճող շարժումներին, զինւած խմբաւորումների կողմից խափանարար գործողութիւններին» մասնակցելու մէջ, բացի այդ, յիշատակեց «պատերազմի տարիներին տեղի ունեցած համաճարակների» պատճառով կորցրած կեանքերի մասին։ Սա ճշմարտութիւնը ժխտելու եւս մէկ նողկալի փորձ է։  

Բազմաթիւ հայերի համար ամենացաւոտը վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ արտգործնախարար Արարատ Միրզոյեանի յայտարարութիւններն են, որ «Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումն այլեւս Հայաստանի արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւն չէ»։  

Աւելին, վերջին ամիսներին Փաշինեանը հարցեր է բարձրացրել Հայոց Ցեղասպանութեան հիմնական փաստերի վերաբերեալ, ինչպիսիք են՝ թէ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է դա տեղի ունեցել, այդպիսով հիասթափեցնելով աշխարհի շատ հայերի, սակայն մեծ ուրախութիւն պարգեւելով Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարներին: Բարեբախտաբար, Փաշինեանը չի մասնակցել Հայոց Ցեղասպանութեան բացայայտ ժխտմանը՝ ապրիլի 24-ի իր հաշտեցման յայտարարութեան մէջ օգտագործելով ե՛ւ Մեծ Եղեռնը, ե՛ւ Հայոց Ցեղասպանութիւնը: Սակայն անհարկի հարցեր տալը միայն կասկածի տակ է դնում Հայոց Ցեղասպանութեան ճշմարտացիութիւնը: Իրավիճակն էլ աւելի վատթարացնելով՝ Փաշինեանը քննադատել է հայ ժողովրդի կողմից Արարատ լեռան պաշտամունքը, աջակցութիւն է յայտնել Հայաստանի Հանրապետութեան զինանշանի եւ օրհներգի, ինչպէս նաեւ Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութեանը: Նրա հակազգային յայտարարութիւնները խրախուսում են ժխտողականներին Ադրբեջանում եւ Թուրքիայում: Անկասկած, Փաշինեանը տեղի է տալիս Ալիեւի եւ Էրդողանի զիջումների պահանջներին՝ Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագիր ստորագրելու եւ Թուրքիայի հետ սահմանը բացելու համար։

Մինչ Փաշինեանը մեղմ դիրքորոշում է որդեգրել Հայոց Ցեղասպանութեան հարցում, նա խստօրէն դատապարտել է այն հայերին, որոնք ապրիլի 24-ին Երեւանում այրել են ադրբեջանական եւ թուրքական դրօշները, նոյնիսկ նախքան այս երկու երկրների կողմից որեւէ բողոք ստանալը։ Իմ կարծիքով, թշնամի երկրի դրօշն այրելու մէջ ոչ մի վատ բան չկայ: Այն բողոքի արտայայտութիւն է Ադրբեջանի եւ Թուրքիայի թշնամական քաղաքականութեան դէմ: Բացի այդ, դրօշներն այրողները ոչ մի օրէնք չեն խախտել։ Փաշինեանը եւս մէկ անգամ ցոյց տւեց, որ շատ աւելի ցանկութիւն ունի գոհ պահել Հայաստանի թշնամիներին, միաժամանակ չափազանց կոշտ վարւելով իր հայրենակիցների նկատմամբ, որոնք համաձայն չեն իր քաղաքականութեան հետ։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button