Ռուբէն Գալիչեան. «Հայկական կողմը հէնց դրանով կարող է ցոյց տալ, որ Ադրբեջանն է ներխուժել ՀՀ տարածքից ներս»

«ԱԼԻՔ» – Ադրբեջանը շարունակում է տարբեր հարթակներում բողոքել Հայաստանից, թէ իբր իրեն ականապատման «ոչ ճշգրիտ քարտէզներ է» տւել։ Սրա հետ կապւած՝ Բաքուն հերթական վայնասունն է բարձրացրել՝ կոչ անելով «պատասխանատւութեան ենթարկել Երեւանին՝ «ականազերծմանը խոչընդոտելու համար»։
Բաքուն նաեւ կրկին պնդել է, թէ Հայաստանի տրամադրած ականապատ տարածքների քարտէզների ճշգրտութիւնը կազմել է 25 տոկոս՝ պահանջելով Երեւանից «ճշգրիտ քարտէզներ»։
Երեւանն աւելի վաղ արձագանգել է, որ Հայաստանն ինչ քարտէզ ու տեղեկութիւն ունեցել է, արդէն փոխանցել է Բաքւին։
ՀՀ ԳԱԱ պատւաւոր դոկտոր, քարտէզագէտ Ռուբէն Գալիչեանի խօսքով՝ Հայաստանի տրամադրած քարտէզները չէին կարող ճշգրիտ չլինէին, պարզապէս Ադրբեջանը հերթական անգամ կեղծ տեղեկատւութիւն է տարածում։
«Հայաստանն ականապատում իրականացրել է Արցախում, երբ Արցախն իր վերահսկողութեան տակ էր, դրանց քարտէզը փոխանցել է Ադրբեջանին, չէր կարող կեղծ քարտէզներ փոխանցել, այդքան հեշտ չէ քարտէզներ կեղծել»,- 168.am-ի հետ զրոյցում նշեց Ռուբէն Գալիչեանը։
Ըստ նրա, իհարկէ, այս ամէնի մասին մանրամասն կարող է խօսել Պաշտպանութեան նախարարութիւնը, բայց մասնագիտօրէն կարող է ասել, որ քարտէզները չեն կարող ճշգրիտ չլինել։
«Եթէ Ադրբեջանը մտել է ՀՀ տարածք ու այդ տարածքների ականապատման քարտէզներն է պահանջում, ուրեմն՝ հայկական կողմը հէնց դրանով կարող է ցոյց տալ, որ Ադրբեջանն է ներխուժել ՀՀ տարածքից ներս։
Ինձ թող ցոյց տան, որ 2020 թւականից յետոյ Հայաստանն ադրբեջանական որեւէ տարածք է գրաւել ու ականապատել, չկայ, չեն կարող ցոյց տալ։
Կրկնում եմ՝ Ադրբեջանն իր այս յայտարարութիւնով պատրւակներ է ուզում ստեղծել, ինչպէս, օրինակ, խօսում է ՀՀ սահմանադրութեան մասին, որտեղ նրա տարածքների մասին որեւէ նշում չկայ։ Պարզ է՝ Ադրբեջանը չի ցանկանում «խաղաղութեան պայմանագիրը» ստորագրել, դրա համար էլ պատրւակներ է փնտրում։ Այլ պատճառ չի կարող լինել»,- ընդգծեց Ռուբէն Գալիչեանը։
Յիշեցնենք, որ 2023 թւականին Հաայստանն Ադրբեջանին փոխանցել էր ականապատման քարտէզներ, որի դիմաց Ադրբեջանը հայրենիք վերադարձրեց 32 գերիների։ Դրանից մէկ տարի անց Հայաստանը կրկին քարտէզներ փոխանցեց Ադրբեջանին, որից յետոյ Բաքուն յայտարարեց, թէ դրանք «ճշգրիտ» չեն, որից յետոյ Երեւանն էլ արձագանգեց՝ որ Հայաստանն ինչ քարտէզ ու տեղեկութիւն ունեցել է, արդէն փոխանցել է Բաքւին։