Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը կարգաւորւած չէ. հերթական ապացոյցը

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼԵԱՆ
Քաղաքագէտ
2025 թ. մարտի 18-ին, Շւէյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունել է «Խաղաղութեան ֆորում Լեռնային Ղարաբաղում. թոյլ տալ հայ բնակչութեան վերադարձը» վերնագրով միջնորդութիւնը:
Նախքան վերին պալատի կողմից նշւած միջնորդութեան ընդունումը երեք ամիս առաջ՝ 2024 թ. դեկտեմբերի 17-ին, Շւէյցարիայի Դաշնային ժողովի ստորին պալատը՝ Ազգային խորհուրդն էր ընդունել նոյն միջնորդութիւնը:
Համաձայն նշւած միջնորդութեան՝ «Դաշնային խորհուրդը պարտաւոր է հնարաւորինս շուտ, բայց առաւելագոյնը մէկ տարւայ ընթացքում կազմակերպել Լեռնային Ղարաբաղում խաղաղութեան միջազգային ֆորում։ Այս ֆորումի նպատակն է թոյլ տալ բաց երկխօսութիւն Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ներկայացուցիչների միջեւ՝ միջազգային հսկողութեան ներքոյ կամ առանցքային միջազգային դերակատարների ներկայութեամբ, որպէսզի բանակցեն տարածաշրջանում սերունդներ շարունակ ապրած հայ բնակչութեան հաւաքական վերադարձի շուրջ։»:
Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի չկարգաւորւած լինելու վերաբերեալ Եւրոպական խորհրդարանի 2022 թ. փետրւարի 17-ի, յունիսի 8-ի եւ Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2023 թ. հոկտեմբերի 12-ի բանաձեւերից յետոյ Շւէյցարիայի օրէնսդիր մարմնի զոյգ պալատների կողմից ընդունւած միջնորդութիւնը, ի հեճուկս օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամի եւ Արցախի Հանրապետութիւնն Ադրբեջանի կազմում ճանաչած Նիկոլ Փաշինեանի, հերթական ապացոյցն է առ այն, որ միջազգային հանրութիւնն Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը համարում է չլուծւած: