Հայաստան - Արցախ

Արփի Դաւոյեանի 2024 թւականի յայտարարագիրը. Կամ՝ ինչպէս յաղթահարել աղքատութիւնը գլխում ու ոչ միայն

ՀՀ ԱԺ իշխանական խմբակցութեան պատգամաւոր Արփի Դաւոյեանը, բոլոր ՔՊ-ականների նման, 2018 թւականի թաւիշից յետոյ նայել են իրենց առաջնորդի օրինակին ու աղքատութիւնը հանել իրենց գլուխներից եւ ոչ միայն։ Յամենայն դէպս, այդ մասին վկայում է պատգամաւորի կողմից ներկայացւող յայտարարագրերի տարեցտարի բարելաււող պատկերը։

Կարճ ծանուցում, թէ ով էր Արփինէ Դաւոյեանը՝ մինչեւ «յեղափոխութիւնը», եւ ով է՝ դրանից յետոյ

Մանկավարժ-հոգեբանի կրթութիւն ստացած Արփինէ Դաւոյեանը մի քանի տարի աշխատել է՝ որպէս աւագ դպրոցի հոգեբան, ապա հաշւապահի օգնական եւ հաշվապահ, իսկ 2017-2018 թթ.՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցութեան գործավար։ 2018 թւականին այժմեան իշխանութեան ներկայացուցիչը թաւշեայ խրոնիկայում աչքի է ընկնում Հանրապետութեան հրապարակում յուզառատ վիճակում մի աղաւնի ձեռքին պահելով, իսկ յետոյ արդէն՝ թաւշեայ իշխանութեան առաջնորդի՝ Նիկոլ Փաշինեանի օգնականի դերը ստանձնելով։

Աւելի ուշ, նա արդէն դառնում է պատգամաւոր եւ ցայսօր օրէնսդիր մարմնում է՝ հիմնականում աչքի ընկնելով բարոյախրատական յորդորներով եւ ընդդիմադիրներին ուղղւած հաթաթաներով։

Արփի Դաւոյեանը 2024 թւականին Կոռուպցիայի կանխարգելման յանձնաժողով է ներկայացրել պաշտօնատար անձի՝ 2023 թւականի գոյքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի յայտարարագիրը։ Յայտարարագրում նշւում է 2021 թւականին գնւած «Հիւնդա»-ի մակնիշի մեքենայի մասին։

Յանձնւած եւ վերադարձւած փոխառութիւնների մասին տողից էլ տեղեկանում ենք տւեալ տարւայ սկզբում առկայ՝ 25 միլիոն 197.496.9 դրամ փոխառութեան մասին, որը տարեվերջին արդէն զրոյացւել է։

Տւեալ տարւայ ընթացքում վերադարձւած փոխառութիւնների ընդհանուր գումարը կազմել է 28 միլիոն 360,000 դրամ. պարտապաններից մէկը Խաչեկ Պօղոսեանն է, որը բնակելի տներ է կառուցում, իսկ միւսը՝ «Միկշին» ընկերութիւնը, որը զբաղւում է կառուցապատմամբ։

Ի դէպ, պաշտօնեաների յայտարարագրերի ուսումնասիրութիւնից պարզ է դառնում, որ մի շարք պաշտօնեաներ այդ ընկերութիւնից բնակարան են ձեռք բերել։

Նշենք, որ դեռ 2023 թւականին ներկայացրած 2022 թւականի յայտարարագրում պատգամաւոր Դաւոյեանը հիփոթեքի առարկայ բաժնում մատնանշել էր անշարժ գոյքի մասին։

ՔՊ-ականը նաեւ յայտարարագրել է տպաւորիչ դրամական միջոցներ, շարժեր․ նրա բանկային հաշիւների մնացորդները տարեսկզբին կազմել են 865.119 դրամ, տարեվերջին աճել է՝ կազմելով 3 միլիոն 995.010 դրամ եւ 1 միլիոն 458.162 դրամ, իսկ տարեսկզբի կանխիկ 1 միլիոն 200.000 դրամից էլ տարեվերջին մնացել է 58.000 դրամ։

Արփի Դաւոյեանի հաշւետու տարւայ յայտարարագրւած 71 միլիոն 479.797 դրամ եկամուտը գոյացել է ԱԿԲԱ բանկից եւ Ֆինանսների նախարարութիւնից ստացւած այլ եկամուտներից՝ համապատասխանաբար՝ 3.000,000 եւ 2.421.027 դրամ, Սերգէյ Էդգարի Էյլազեանի կողմից տրւած գոյքային իրաւունքներից ստացւած եկամուտից՝ 56.063.000 դրամ եւ ԱԺ աշխատակազմից ստացւած՝ 9.995.770 աշխատավարձից։

Ի դէպ, 2018 թւականին, երբ նա ստանձնում էր վարչապետի օգնականի պաշտօնը, այդ օրւայ դրութեամբ յայտարարագրել էր յանձնած փոխառութիւնները՝ 93.581 դրամ, 130.100 դրամ, 170.995 դրամ։ Նրա դրամական միջոցները կազմում էին 161,143 դրամ, տարեկան եկամուտը՝ 576,360 դրամ, որը ստացւել էր աշխատավարձից։

Յիշեցնենք նաեւ՝ մամուլը նախորդ տարի Արփինէ Դաւոյեանին առնչւող մի աղմկայարոյց դրւագ էր հանրայնացրել՝ տեղեկացնելով, որ ՔՊ-ական պատգամաւորն անցնում է քրէական գործով. նախնական տեղեկութիւններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետութեանը:

«Ժողովուրդ» օրաթերթն էր հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտէ հետեւեալ բովանդակութեամբ. «Յարգելի՛ պարոն Քիարամեան, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկութիւններ ունի՝ առ այն, որ 2018 թւականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչութիւնում քննւել է մի գործ, որով անցել է Արփի Դաւոյեանը: Նախնական տեղեկութիւններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետութեանը: Նա 2018 թւականի ապրիլից յետոյ ՊԵԿ քննչականում անգամ հարցաքննւել է: Հաշւի առնելով այդ իրողութիւնը, համաձայն ՀՀ Սահմանադրութեան 27 եւ 27.1 յօդւածների եւ «Տեղեկատւութեան ազատութեան մասին» ՀՀ օրէնքի 6-րդ յօդւածի, խնդրում եմ տեղեկացնել.

Ի՞նչ գործ է եղել յարուցւած, որով անցել է Արփի Դաւոյեանը:

Ի՞նչ կարգավիճակ է նա ունեցել քրէական գործով:

Եթէ քրէական գործ յարուցւած չի եղել, ի՞նչ քննութիւն է տարւել:

Ի՞նչ փաստական հանգամանքներ են պարզւել Արփի Դաւոյեանի գործունէութեան մասով»:

ՀՀ քննչական կոմիտէից, ի պատասխան այս գրութեան, տրւել էր հակիրճ արձագանգ. «ՀՀ ՊԵԿ քննչական վարոյթում քննւած քրէական վարոյթով Արփինէ Դաւոյեանը հարցաքննւել է որպէս վկայ։ Նկատի ունենալով, որ ներկայումս շարունակւում է յիշեալ քաղաքական վարոյթի նախաքննութիւնը՝ ուստի հարցման մէջ բարձրացւած միւս հարցերի պատասխանները հրապարակման ենթակայ չեն, քանի որ հանդիսանում են նախաքննական գաղտնիք»:

168.am

Related Articles

Back to top button