Վարդան Ոսկանեան. «Տիգրանաշէնը Հայաստանը Իրանին կապող ռազմավարական նշանակութեան ճանապարհի հանգոյց է»
Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր «Ֆէյսբուք»-եան էջում գրել է․
«Երբ մենք յստակօրէն արձանագրում ենք, որ Հայաստանի եւ Բաքւի բարբարոսական վարչախմբի միջեւ իրականում երբեւէ չի եղել, չկայ եւ չի լինելու առանձին վերցրած Արցախի, Նախիջեւանի, ինչ-որ սահմանազատման կամ մէկ այլ «տեղային» խնդիր, եւ պայքարը աւելի լայն խորապատկեր ունի, սա ոչ միայն նախապայման է պատրանքներից ազատ Հայաստանի տեսլականի ձեւակերպման համար, այլ, նաեւ, այդ տեսլականի իրագործման ճանապարհին հնարաւորութիւն ձեռք բերելու դաշնակիցներ։ Փորձեմ բերել շատ պարզ երկու օրինակ:
Երբ մենք տրւում ենք այն մոլորութեանը, որ Հայաստանի Տաւուշի մարզի գիւղատեղիների խնդիրը Հայաստանի եւ արհեստածին Ադրբեջանի միջեւ զուտ ինչ-որ տեղային սահմանազատման հարց է, ապա այն դադարում է հետաքրքիր լինել, դիցուք, Վրաստանին։ Մինչդեռ, եթէ խնդիրը ձեւակերպւի որպէս Տաւուշի մարզով Հայաստանը եւ Վրաստանը միմեանց կապող եւ Վրաստանին դէպի Իրան ու Պարսից ծոց դուրս բերող ռազմավարական նշանակութեան ճանապարհի հանդէպ Բաքւի բարբարոսական վարչախմբի նկրտում, ապա այս հարցով համագործակցութեան տիրոյթ կարող է բացւել Վրաստանի հետ։
Գրեթէ նոյն կերպ խնդիրը պէտք է ձեւակերպւի, ասենք, Տիգրանաշէնի պարագայում։ Այն Հայաստանի անքակտելի մաս ինչ-որ առանձին վերցրած գիւղ չէ միայն, որի նկատմամբ ծաւալապաշտական նկրտում ունի արհեստածին Ադրբեջանի ներկայիս վարչախումբը։ Տիգրանաշէնը Հայաստանը Իրանին կապող ռազմավարական նշանակութեան ճանապարհի հանգոյց է՝ ճանապարհ, որն Իրանի համար ապահովում է ելք դէպի Սեւ ծով, եւ որը կարող է դառնալ կարեւոր օղակ նաեւ հնդկական Հիւսիս-Հարաւ տրանսպորտային միջանցքի համատեքստում»։