Հայաստան - Արցախ

ՅՈՒՆԻՍԻ 12-Ի ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ՕՐԸ

Ճշմարտութիւնը յաղթելու է ստին, արժէքային եւ հոգեւոր Հայաստանը՝ հակարժէքային ու սնանկ Չհայաստանին

«ԱԼԻՔ» – Ինչպէս նախապէս յայտարարել էր «Տաւուշն յանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը, երէկ՝ յունիսի 12-ին Երեւանի Բաղրամեան պողոտայում, ՀՀ ԱԺ շէնքին յարող տարածքում տեղի ունեցաւ շարժման հաւաքը, որին մասնակցում էին հազարաւոր քաղաքացիներ:

Անհրաժեշտ է արձանագրել, որ յունիսի 12-ը դարձաւ «Սրբազան պայքարի» կարեւոր եւ շրջադարձային օրերից մէկը:

– Ստի ու կեղծիքի մունետիկ, ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինեանն ու նրա գլխաւորած կառավարութիւնը նախօրէին հրաժարւել էին կատարել ժողովրդի պահանջը, ինչի պատճառով, հազարաւոր քաղաքացիներ հաւաքւել էին ՀՀ ԱԺ շէնքի դիմաց՝ կրկին անգամ պահանջելու ՀՀ գործող իշխանութիւնների հրաժարականը:

– Ազգային ժողովում, Փաշինեանի մասնակցութեամբ ՀՀ կառավարութեան հարց ու պատասխանին, վերջինիս խրոնիկ վախերը փարատելու նպատակով, ՀՀ ոստիկանութիւնը հազարաւոր զօրքեր, յատուկ տեխնիկա եւ փշալարեր էր կուտակել ԱԺ շէնքին յարող փողոցներում, իսկ շէնքի բակում Փաշինեանի անվտանգութիւնն ապահովում էին ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեան հարիւրաւոր զինւած յատուկ ջոկատայիններ եւ դիպուկահարներ:

– Սակայն, ինչպէս միշտ, այս բոլորը բաւարար չէին, որպէսզի Փաշինեանը կարողանայ յաղաթահարել իր ներքին վախերը, եւ նա իր սովորութեան համաձայն, կորցնելով հոգեկան հաւասարակշռութիւնը, վէճ ու կռիւ սադրեց ԱԺ նիստի ընթացքում:

– Նոյն պահին, ՀՀ ոստիկանապետ Արամ Յովհաննիսեանի անմիջական հրահանգով, ոստիկաններն աննախադէպ դաժանութեամբ, ռետինէ մահակներով, ձայնային, լուսային ու բեկորային նռնակներով յարձակւեցին քաղաքացիների վրայ:

– Տեղի ունեցած բախումների հետեւանքով մի քանի տասնեակ քաղաքացիներ մարմնական տարբեր աստիճանի վնասւածքներ են ստացել: Ցաւօք, բեկորային նռնակի պայթիւնի հետեւանքով, նրանցից մէկի ձեռքը ծանր վնասւել է: Բժիշկները ստիպւած են եղել նրա ձեռքը դաստակի հատւածից անդամահատել:

– Ուշագրաւ փաստ. խաղաղ քաղաքացիների դէմ իրականացւած անհամաչափ գործողութիւնների ընթացքում, ոստիկանները միտումնաւոր եւ յատուկ թիրախաւորել են իրադարձութիւնները լուսաբանող լրագրողներին, որի հետեւանքով մարմնական վնասւածքներ են ստացել  մօտ 10 լրագրող, փչացւել է նրանց տեխնիկան:

– Տեսնելով, որ ոստիկանների սադրանքները եւ բիրդ ուժի կիրառում չի վախեցրել ժողովրդին, ակնյայտ սարսափած ՔՊ-ական պատգամաւորներն արագ աւարտել են նիստը, որից յետոյ Փաշինեանն արագ փախել է ԱԺ շէնքից:

– Տեղեկութիւններ ստանալով, որ նա հնարաւոր է պատսպարւել է ՀՀ կառավարութեան շէնքում, քաղաքացիները Բագրատ Սրբազանի գլխաւորութեամբ քայլերթով շարժւել են դէպի կառավարութեան շէնքը: Լուրը սակայն չի ճշտւել: Աւելի ուշ, քաղաքացիները Փաշինեանի աւտոշարասիւնը նկատել են Երեւանի Լաւովեան փողոցում, ինչը առիթ է տւել ենթադրելու, որ նա կրկին թաքնւել է ՀՀ ՊՆ բունկերում:

– Ուշ երեկոյեան, Բագրատ Սրբազանն այցելել է տարբեր հիւանդանոցներում հոսպիտալացւած քաղաքացիներին, որոնք տուժել են ոստիկանական ուժերի վայրագութիւններից:

– Ինչպէս պատկերւած է հրապարակւած տեսանիւթերում, տուժածները մարտական են տրամադրւած, եւ շեշտում են, որ յետ դարձ չկայ, իրենք մարտական են տրամադրւած եւ պայքարելու են մինչ յաղթանակ:

Related Articles

Back to top button