Հայաստան - Արցախ

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը

Յունիսի 12-ի երեկոյեան ՀՀ ոստիկանութիւնը Երեւան քաղաքի Բաղրամեան եւ Դեմիրճեան փողոցների հատման հատւածում, առանց օրինական հիմքերի, յատուկ միջոցների կիրառմամբ բիրտ եւ ոչ համաչափ ուժ գործադրեց խաղաղ ցուցարարների վրայ:

Հարիւրից աւելի քաղաքացիներ, այդ թւում` լրատւամիջոցների ներկայացուցիչներ, վնասւածքներ եւ վիրաւորումներ են ստացել, ապօրինի ձերբակալւել են բազմաթիւ քաղաքացիներ։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը խստօրէն դատապարտում է ոստիկանութեան հակաօրինական գործողութիւնները, քաղաքական մեծամասնութեան՝ բռնաճնշումներն արդարացնող եւ դրանք խթանող դիրքաւորումը։

Տեղի ունեցածի անվերապահ մեղաւորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինեանն է եւ նրա խուլիգանական խմբակը։

Կատարւածը եւս մէկ անգամ փաստում է, որ գործող իշխանութիւնը չունի հանրային նւազագոյն լեգիտիմութիւն։

Միջազգային կազմակերպութիւնների լռութիւնը կարելի է դիտարկել որպէս Հայաստանում աւտորիտար ռեժիմի ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների կազմաքանդման, քաղաքական բռնաճնշումների եւ ոստիկանական բռնութիւնների համար կանաչ լոյս։

Հայաստանի պետականութեան, Հայրենիքի ու արժանապատւութեան այս համաժողովրդական պայքարն անկասելի է, իսկ ՀՀ քաղաքացին իրաւունք ունի իրացնելու իր սահմանադրական իրաւունքները։

Երկրում առկայ ճգնաժամի միակ հանգուցալուծումը Նիկոլ Փաշինեանի հրաժարականն է, խաղաղ ճանապարհով նրա հեռացումը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

13 հունիսի, 2024 թ․

Related Articles

Back to top button