Հայաստան - Արցախ

ՀՀ-ում գործող իշխանական ռեժիմը շարունակում է անբարոյ եւ հակաիրաւական մեթոդներով լայնածաւալ յարձակումը ՀՅԴ-ի նկատմամբ

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը

Հայաստանում գործող իշխանական ռեժիմը շարունակում է անբարոյ եւ հակաիրաւական մեթոդներով լայնածաւալ յարձակումը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նկատմամբ:

Օրեր առաջ խուլիգանաբար ոստիկանական բերետները յարձակւել էին կուսակցութեան Երեւանի Կենտրոնական գրասենեակի վրայ՝ փորձելով ներխուժել գրասենեակի տարածք եւ դիմադրութեան հանդիպելով, խոշտանգել էին ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախագահին, ապօրինի բերման ենթարկել կուսակցութեան բազմաթիւ անդամների:

Ամէն գնով իրենց յանցաւոր մտադրութիւններն իրականացնելու ծրագրի շրջանակներում, իշխանութեան վերահսկողութեան տակ գտնւող որոշ լրատւամիջոցների եւ իրաւապահ մարմինների ներգրաւմամբ, փորձ է արւում կազմակերպել հերթական բեմադրութիւնը, իբրեւ թէ կուսակցութեան ղեկավար մարմնի անդամները նիւթապէս շահագրգռում են համաժողովրդական ընդվզմանը մասնակցելու համար:

Ամբողջութեամբ կեղծ եւ զազրելի այս մեղադրանքը ոչ միայն սին է ու դատարկ, այլեւ վկայում է այն յղացող անձանց արժէքային համակարգի մասին:

Ակնյայտ ապօրինի մեղադրանքներով, այսօր (յունիսի 14-ին) առաւօտեան խուզարկութիւններ են իրականացւել կուսակցութեան Վայոց Ձորի մարզային գրասենեակներում, բերման են ենթարկւել եւ ձերբակալւել մարզային կառոյցի ղեկավար անդամներ: Սա նախորդ տարիներին կուսակցութեան Արմաւիրի եւ Արարատի մարզային կառոյցների նկատմամբ իրականացւած նոյն անպտուղ արարքների շարունակութիւնն է:

134 տարւայ ընթացքում ՀՅԴ-ն բազմաթիւ զրկանքներ ու բանտեր է տեսել, թշնամիների եւ դաւաճանների է դիմագրաւել, չի ընկրկել, յաղթահարել է բոլոր դժւարութիւնները: Վստահ սա էլ կը յաղթահարենք:

Զգուշացնում ենք Հայաստանի Սահմանադրութիւնն ու օրէնքները ոտնակոխ անող իշխանութեանը եւ նրա բոլոր կամակատարներին, օրէնքի ողջ խստութեամբ պատասխանատւութիւնն անխուսափելի է:

Հ. Յ. Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմին

14.06.2024 թ.

Related Articles

Back to top button