Վարդան Օսկանեան. «Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքի հետապնդման խոչընդոտը եղել եւ շարունակում է մնալ ՀՀ կառավարութիւնը»
«ԱԼԻՔ» – «Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքի հետապնդման հիմնական խոչընդոտը զարմանալիօրէն եղել եւ շարունակում է մնալ ՀՀ կառավարութիւնը»: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում հրապարակած տեսանիւթում ասել է Արցախի հարցերով յանձնախմբի համակարգող, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը:
«Չնայած այս հարցի պաշտպանութեան եւ բարձրացման յստակ հումանիտար եւ դիւանագիտական առաւելութիւններին, Փաշինեանը միշտ խուսափել է այս հարցին անդրադառնալուց: Նա պնդում է, որ վերադարձի իրաւունքը Հայաստանի շահերից չի բխում, սակայն ոչ մի հիմնաւորում նա չի տալիս: Այս պնդումը անհասկանալի, կասկածելի եւ շփոթեցնող է, քանի որ բազմաթիւ հիմնաւոր փաստարկներ յուշում են հակառակը: Նախ Հայաստանը պարտաւոր է պաշտպանել վերադարձի իրաւունքը: Հայաստանի կառավարութիւնը ունի բարոյական եւ դիւանագիտական պատասխանատւութիւն՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի իրաւունքները, որոնք բռնի տեղահանւել են: Եթէ Հայստանը չպաշտպանի նրանց վերադարձի իրաւունքը, որեւէ այլ երկիր չի զբաղւի այս հարցով» ,- ասել է Օսկանեանը:
Նա նշել է, որ այս հարցի բարձրացումը կարեւոր գործիք կարող է լինել բանակցային գործընթացում. «Ներկայումս Հայաստան-Ադրբեջան բանակցութիւնների սեղանին չկայ որեւէ հարց, որը նպաստաւոր է Հայաստանի համար, թողնելով Հայաստանը առանց լծակների: Վերադարձի իրաւունքի պահանջով հանդէս գալը Հայաստանի համար կարող է փոխել դիւանագիտական քննարկումներն իր օգտին: Բացի այդ, վերադարձի իրաւունքի համընդհանուր աջակցութիւնը գրեթէ անվիճարկելի է եւ որեւէ չէզոք երկիր չի կարող դեմ լինել դրան որպէս սկզբունք»:
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի յայտարարութեանը, որ Հայաստանը չշտապի խաղաղութեան պայմանագիր կնքելու հարցում, Օսկանեանն ասել է, որ Լաւրովն առաջարկել է, որ Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը կարող է դեռ ծառայել որպէս կոնֆլիկտի լուծման հիմք եւ հնարաւոր վերադարձի ուղի՝ ապահովելով կապ եւ անվտանգութիւն:
«Այս միջազգային արձագանգները ընդգրկում են լայն համակարծութիւն եւ ցուցադրում Հայաստանի ակտիւ մասնակցութեան կարեւորութիւնը: Նոյնիսկ Ալիեւը չի առարկում վերադարձի իրաւունքին, թէեւ իր պայմաններով: Ադրբեջանն, իհարկէ, արցախցիների տեղահանումը ներկայացնում է որպէս կամաւոր, ինչը թէ՛ մոլորեցնող է, թէ՛ բարոյապէս դատապարտելի, բայց միջազգային հանրութեան համար ակնյայտ է, որ տեղահանութիւնը տեղի է ունեցել Ադրբեջանի ագրեսիւ գործողութիւնների հետեւանքով»,-ասել է նա:
ՀՀ նախկին ԱԳ նախարարը շեշտել է, որ այս փաստարկների լոյսի ներքոյ ՀՀ կառավարութեան լռութիւնը ոչ միայն զարմացնող է, այլեւ բացայայտում է բարոյական համոզմունքի, համարձակութեան իսպառ բացակայութիւն, իսկ Արցախի ժողովուրդը, չնայած տեղահանութեանը եւ ծանր պայմանների, վճռական է իր որոշման մէջ՝ վերադառնալու համար:
«Վերադարձի իրաւունքի պաշտպանութիւնը ոչ միայն Հայաստանի շահերից է բխում, այլեւ բարոյական պարտականութիւն է, կառավարութեան գործողութիւնների բացակայութիւնը խարան է նրա խղճին, բացայայտ անգործութիւն եւ թերացում իր ժողովրդի նկատմամբ եւ այնպիսի անհասկանալի եւ անբացատրելի զիջում, որի ուրւականը մեզ յաւերժ հետապնդելու է»,- եզրափակել է Օսկանեանը: