Մասնագէտը նշել է՝ ինչպէս կարելի է տարբերել միգրենը գլխացաւի այլ տեսակներից
Ի տարբերութիւն գլխացաւի այլ տեսակների, միգրենն աւելի յաճախ ի յայտ է գալիս դեռահասութեան եւ պատանեկութեան տարիներին։ Ընդորում՝ ի տարբերութիւն փնջային (կլաստերային) գլխացաւի, միգրենն աւելի յաճախ հանդիպում է կանանց մօտ: Այս մասին MedicalXpress-ի հետ զրոյցում ասել է ամերիկացի բժիշկ Ջոն Մեսմերը։
Մասնագէտի խօսքով՝ միգրենը սաստիկ, բաբախուն գլխացաւն է, որը կարող է ի յայտ գալ պարբերաբար (երբեմն ամիսը մի քանի անգամ): Միգրենը կարող է ուղեկցւել այսպէս կոչւած աուրայով, զգայական խանգարումով, որը կարող է ներառել աչքերի առաջ վառ լոյսի կամ սեւ բծերի ի յայտ գալը եւ տեսողութեան այլ խանգարումները: Միգրենը սովորաբար ախտահարում է գլխի մի կողմը եւ կարող է պահպանւել մի քանի օր: Ընդորում՝ ֆիզիկական ակտիւութիւնը սովորաբար էլ աւելի է վատթարացնում վիճակը: Բժիշկը նաեւ յաւելեց, որ միգրենը, ի տարբերութիւն գլխացաւի այլ տեսակների, ի հայտ է գալիս երիտասարդ տարիքում։
Փնջային գլխացաւը որպէս նեարդաբանական խանգարում նոյնպէս բնութագրւում է գլխի մի կողմում կամ մէկ աչքի մօտ տեղակայւած կրկնւող, սաստիկ ցաւով: Բժշկի խօսքով՝ ցաւի այս տեսակը, ի տարբերութիւն միգրենի, աւելի յաճախ հանդիպում է տղամարդկանց մօտ եւ պայմանաւորւած է եռւորեակ նեարդի աշխատանքի խանգարմամբ։
Միգրենի առաջացման յստակ պատճառը յայտնի չէ, սակայն յայտնի է, որ ալկոհոլի եւ սննդամթերքի որոշ տեսակների գործածութիւնը, ինչպէս նաեւ կանանց մօտ դաշտանային ցիկլի որոշակի փուլերն այս խնդրի զարգացմանը նպաստող ամենատարածւած գործօններից են: