Ուփսալայի համալսարան. Ստեղծւել է միջողային ճողւածքի բուժման սպիտակուցային գել
Չինաստանի եւ Եւրոպայի գիտնականները յայտնաբերել են, որ վնասւած միջողային սկաւառակների ապաքինումը ճողւածք ունեցող պացիենտների մօտ կարելի է զգալիօրէն արագացնել մուցին սպիտակուցի սինթետիկ անալոգների ներարկման օգնութեամբ։ Այդ ներարկումները պաշտպանում են սկաւառակները իմունային բջիջների գրոհներից, գրել է շւեդական Ուփսալայի համալսարանի մամուլի ծառայութիւնը։
«Մեր ստեղծած մօտեցումը միջողային ճողւածքի հետեւանքով մէջքի ցաւից տառապող պացիենտներին նոր յոյս է տալիս»,- նշել է համալսարանի գիտաշխատող Եան Խունցզին։ Նա աւելացրել է, որ դա կարող է կանխել հետագայ վնասւածքները սկաւառակների վնասւած հատւածների հեռացումից յետոյ, ինչն էապէս կը բարելաւի այդ պացիենտների կեանքի որակը։
Գիտնականները հանգել են այս եզրակացութեան իրենց թերապիան թեստաւորելուց յետոյ, որը ճնշում է պաթոլոգիկ իմունային ռէակցիաները վնասւած սկաւառակների հեռացումից յետոյ։ Այդ խախտումները իմունային համակարգի աշխատանքում կարող են առաջանալ, երբ իմունային բջիջները սկսեն սկաւառակի դոնդողանման միջուկն ընկալել որպէս խորթ մարմին։
Հետազօտողները ենթադրել են, որ խնդիրը կարելի է լուծել, եթէ սկաւառակի վնասւած հատւածները ծածկւեն գելանման նիւթով մուցին սպիտակուցի սինթետիկ անալոգների հիման վրայ։ Այդ նիւթը յաճախ օգտագործւում է ուռուցքային բջիջների եւ պաթոգէնների կողմից որպէս պատնէշ իմունային համակարգի դէմ, ինչը բժիշկներին մտածել է տւել այն մասին, որ դա կարելի է կիրառել ողնաշարի վնասւած հատւածի պաշտպանութեան համար։
News.am