Այլ

Գիտնականները ներկայացրել են պարզ միջոցներ գլխուղեղի կաթւածի կանխարգելման համար

Չինաստանի Հանչժոուի մանկավարժական համալսարանի գիտնականները պարզել են, որ ինտենսիւ ֆիզիկական ակտիւութիւնը (ներառեալ ակտիւ տնային աշխատանքը) եւ հեռուստացոյցի դիմաց անցկացւող ժամանակի սահմանափակումը զգալիօրէն նւազեցնում են գլխուղեղի կաթւածի հաւանականութիւնը։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Stroke ամսագրում:

Հետազօտութեանը մասնակցել է 386,902 կամաւոր, որոնք նախկինում երբեք գլխուղեղի կաթւած չեն տարել: Մասնակիցները գիտնականներին տեղեկատւութիւն են տրամադրել իրենց առողջութեան եւ առօրեայ գործունէութեան մասին՝ ներառեալ վարժութիւնները, աշխատանքային կեանքը, տնային գործերը, քնի տեւողութիւնն ու հեռուստացոյցի էկրանի առջեւ անցկացրած ժամանակը: Տեղեկատւութեան հաւաքագրումից յետոյ գիտնականները շուրջ ութ տարի հետեւել են կամաւորների վիճակին։

Հետազօտութեան ընթացքում կամաւորների շրջանում գրանցւել է իշեմիկ ինսուլտի, հեմոռագիկ ինսուլտի եւ ենթաոստայնային արիւնազեղման 6983 դէպք: Գործօնների համակցւած վերլուծութիւնը ցոյց է տւել, որ ֆիզիկական ակտիւութեան դէպքում գլխուղեղի կաթւածի վտանգը 17%-ով ցածր է լինում:

Այս յարաբերակցութիւնն առաւել յստակ է նկատւել այն մասնակիցների մօտ, որոնք կանոնաւոր եւ ակտիւօրէն կատարում էին տնային գործերը եւ ունէին աւելի շատ քայլելու սովորութիւն: Նշւում է, որ աշխատատար տնային գործերը ներառում են յատակը մաքրելը, ապակիները մաքրելը, ինչպէս նաեւ մեքենան ինքնուրոյն լւանալը:

Գիտնականները նաեւ պարզել են, որ չափից շատ քնելը, մեքենաներից եւ հասարակական տրանսպորտից յաճախակի օգտւելն ու երկար ժամանակ հեռուստացոյց դիտելը 43%-ով բարձրացնում են գլխուղեղի կաթւածի հաւանականութիւնը:

Related Articles

Back to top button