Գորիլաներն օգնել են յայտնաբերել բուժիչ բոյսերի նոր տեսակներ
Գաբոնի գիտնականները յայտնաբերել են առնւազն չորս նոր բուժիչ բոյսեր, որոնք մինչ այդ անյայտ էին իրենց բուժիչ յատկութիւնների իմաստով,- տեղեկացրել է BBC-ն։
Լաբորատոր հետազօտութիւնները ցոյց են տւել, որ այդ բոյսերի բաղադրութիւնում կայ հակաօքսիդանտների զգալի քանակութիւն, ինչպէս նաեւ նիւթեր, որոնք կարող են պայքարել միկրոբների դէմ։
Ուսումնասիրւած նիւթերից մէկն արդիւնաւէտ է այսպէս կոչւած սուպերբակտերիաների, որոնք կայուն են հակաբիոտիկների հանդէպ, դէմ պայքարում։
Յայտնի է, որ մարդանման կապիկները յաճախ են զբաղւում ինքնաբուժմամբ՝ ուտելով բուժական յատկութիւններ ունեցող բոյսեր։
Միայն վերջերս համաշխարհային ԶԼՄ-ները գրեցին վիրաւոր օրանգուտանգի մասին, որն իր վէրքերն աւելի արագ բուժելու համար օգտագործել էր բուժիչ բուսական մածուկ։
Գիտնականներն իրենց ուսումնասիրութեան ընթացքում սկզբում հետեւել էին, թէ ինչ բոյսեր են օգտագործում հարթավայրային գորիլաները, որոնք ապրում են Գաբոնի Մուկալաբա Դուդու ազգային այգում։
Յետոյ նրանք ընտրել էին չորս «հեռանկարային» բոյս իրենց ուսումնասիրութեան համար՝ բամբակենին (Ceiba pentandra), կրոտոնի ենթատեսակներից մէկը (Myrianthus arboreus), աֆրիկեան տիկը (Milicia excelsa) եւ թզի ծառը (Ficus)։
Այդ ծառերի կեղեւում յայտնաբերւել են քիմիական նիւթեր, որոնք բուժական յատկութիւններ ունեն՝ ֆենոլներից մինչեւ ֆլաւոնոիդներ։
Բոլոր չորս տեսակներն ունեցել են հակաբակտերիալ ակտիւութիւն սուպերբակտերիաների տեսակներից մէկի՝ աղիքային ցուպիկի շտամի դէմ պայքարում։
Հետազօտութիւնում նշւել է, որ բամբակենին «հիանալի է եղել» թեստաւորւած բոլոր շտամների դէմ պայքարում։
«Դա վկայում է այն մասին, որ գորիլաները սովորել են ուտել բոյսեր, որոնք իրենց համար օգտակար են»,- ասել է Դարեմի (Մեծ Բրիտանիա) համալսարանի պրոֆեսոր Ջոաննա Սեթչելը։
Գաբոնի տարածքում աճում են բնաւ չուսումնասիրւած մերձարեւադարձային անտառներ, որտեղ ապրում են վայրի փղեր, գորիլաներ, շիմպանզեներ եւ այլ կենդանիներ, ինչպէս նաեւ աճում են բազմաթիւ անյայտ բուսատեսակներ։
Որսագողերի պատճառով արեւմտեան հարթավայրային գորիլաների տեսակը վայրի բնութիւնում խիստ կրճատւել է։
Այդ տեսակը մտել է Կարմիր գիրք որպէս անհետացման եզրին գտնւող տեսակ։
News.am