Բարի եւ մարդամօտ երեխաների սննդաբաժնում ձուկը գերակշռում է

Բրիսթոլի համալսարանի գիտնականները պարզել են, որ աւելի շատ ձուկ ուտելը կարող է բարելաւել երեխաների սոցիալական հմտութիւնները եւ մեծացնել նրանց ալտրուիզմի՝ այլասիրութեան հակումը: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են European Journal of Nutrition ամսագրում:
Ձուկն ու ծովամթերքները պարունակում են օմեգա-3 ճարպաթթուներ, եոդ եւ սելեն, որոնք կարեւոր դեր են խաղում ուղեղի զարգացման եւ կոգնիտիւ ֆունկցիայի մէջ: Պարզելու համար, թէ ինչպէս են նման մթերքներն ազդում երեխաների վարքային յատկութիւնների վրայ, գիտնականները վերլուծել են «90-ականների երեխաները» հետազօտութեան տւեալները:
Այս ծրագրի շրջանակում տեղեկատւութիւն է հաւաքւել 5 969 երեխայի եւ նրանց ծնողների, իսկ յետոյ նաեւ թոռների առողջութեան եւ սննդակարգի վերաբերեալ: Տւեալները գրանցւել են երկու տարւայ ընթացքում եւ ճշգրտւել սոցիալական ու ժողովրդագրական գործօնների համար:
Արդիւնքները ցոյց են տւել, որ այն երեխաները, որոնք յաճախ են ուտում ձուկ, աւելի հաւանական է, որ դրսեւորեն սոցիալամէտ վարքագիծ, որը ներառում է ընկերական փոխազդեցութիւններ, ալտրուիզմ եւ շփում:
Պարզւել է նաեւ, որ երբ սննդակարգում ձուկ չի եղել, 7 տարեկան երեխաների մօտ սոցիալական վարքագիծը 35 տոկոսով աւելի հաւանական է, որ օպտիմալ չի եղել: Իննամեայ տղաների եւ աղջիկների շրջանում այս ցուցանիշը հասել է 43 տոկոսի:
Հետազօտողները նաեւ ուսումնասիրել են 7 տարեկանում ծովամթերքի օգտագործման եւ ինտելեկի գործակցի՝ IQ-ի միջեւ կապը, սակայն ոչ մի առնչակցութիւն չի յայտնաբերւել:
Մեծ Բրիտանիայի Առողջապահութեան ազգային ծառայութեան փորձագէտները նշել են, որ առողջ, հաւասարակշռւած դիետան պէտք է ներառի շաբաթական առնւազն երկու չափաբաժին ձուկ: Միեւնոյն ժամանակ, շաբաթը մէկ անգամ անհրաժեշտ է օգտագործել ճարպոտն տեսակներ՝ սաղմոն, թիւնաձուկ կամ սարդին։
News.am