Նւազեցնո՞ւմ են արդեօք մուլտիւիտամինները մահւան վտանգը
Մուլտիւիտամինների կանոնաւոր օգտագործումը, յատկապէս առանց բժշկական խորհրդատւութեան, լուրջ գլոբալ առողջական խնդիր է: Մերիլենդից հետազօտողներն ԱՄՆ շուրջ 400 հազար բնակիչների օրինակով ստուգել են, թէ արդեօք նման դեղամիջոցները նպաստում են մահւան ռիսկի նւազեցմանը:
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Քաղցկեղի ազգային ինստիտուտի քաղցկեղի համաճարակաբանութեան եւ գենետիկայի բաժանմունքի հետազօտողները ձեռնամուխ են եղել պատասխանելու հարցին. ի՞նչ կապ կայ մուլտիւիտամինի ամենօրեայ ընդունման եւ ընդհանուր առմամբ առողջ մեծահասակների մահացութեան միջեւ: Ի վերջոյ, նման դեղամիջոցները, որոնք մէկ չափաքանակում պարունակում են երկու կամ աւելի վիտամիններ, օգտագործում է իւրաքանչիւր երրորդ մեծահասակ ամերիկացի՝ հակառակ տարբեր հիւանդութիւնների կանխարգելման գործում այդ վիտամինների յստակ օգուտների ապացոյցների բացակայութեան փաստի: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են JAMA Network գիտաբժշկական հանդէսում։
Բժիշկները վերլուծել են ԱՄՆ Առողջապահութեան ազգային ինստիտուտի մի քանի հետազօտութիւնների մասնակիցների տւեալները: Համակցւած ընտրանքը ներառում էր 390 հազար 124 մարդու (55,4 տոկոսը՝ տղամարդիկ), որոնց միջին տարիքը 61,5 տարեկան է: Ի թիւս այլ հարցերի, նրանց հարցրել են մուլտիւիտամիններ եւ այլ վիտամիններ ու հանքանիւթեր ընդունելու յաճախականութեան մասին, գրում է Naked Science-ը։ Վերահսկիչ խումբը բաղկացած էր մարդկանցից, որոնք նման յաւելումներ չէին օգտագործում։
Բացի դրանից, համաճարակաբանները հաշւի են առել պոտենցիալ ազդող գործօնները. սեռը, տարիքը, որոշակի էթնիկ խմբին պատկանելը (սպիտակ, ասիացի, իսպանացի, հնդիկ, բնիկ Ալիասկայի, աֆրոամերիկացի, խաղաղովկիանոսեան կղզիների բնակիչ), կրթութեան մակարդակը, վատ սովորութիւնների առկայութիւնը, մարմնի զանգւածի ինդեքսը, ընտանեկան կարգավիճակը, ֆիզիկական ակտիւութեան մակարդակը, սուրճի օգտագործումը, սննդակարգը, քաղցկեղ զարգացման ընտանեկան պատմութիւնը: Մասնակիցներին հետեւել են 1990-ականներից մինչեւ 2020 թւականը:
Ընդհանուր առմամբ, դիտարկւող ժամանակահատւածում մահացել է 164 հազար 762 մարդ, որոնցից 49 հազար 836-ի մահւան պատճառ է դարձել քաղցկեղը, 35 հազար 60 մարդ մահացել է սրտի հիւանդութիւնից, իսկ 9275-ինը՝ ուղեղի անօթային հիւանդութիւնները: Օգտագործելով համամասնական վտանգների մոդելը կամ Քոքսի ռեգրեսիան՝ հետազօտողները ցոյց են տւել, թե ինչպէս է մուլտիւիտամինների ամենօրեայ եւ անկանոն օգտագործումը հետազօտութեան առաջին հինգ տարիներին՝ հինգից մինչեւ 10 տարի եւ 10 տարի անց կապւած բոլոր պատճառներով մահւան ռիսկի հետ:
Պարզւել է, որ դէպքերի գրեթէ մեծ մասում (ընտրութեամբ ստուգւածների աւելի քան 40 տոկոսը) բարձրագոյն կրթութիւն ունեցող կանայք հակւած են եղել օրական մուլտիւիտամիններ ընդունելուն։ Բացի դրանից, մարդիկ, ովքեր օգտագործում էին այս եւ այլ յաւելումներ, ունէին աւելի ցածր մարմնի զանգւածի ինդեքս եւ աւելի առողջ սնունդ են ընդունել: Որեւէ էթնիկ խմբի պատկանելը կամ քաղցկեղի ընտանեկան պատմութիւն ունենալը չի ազդել արդիւնքների վրայ:
«Համախմբւած վերլուծութեան ժամանակ մասնակիցները, ովքեր ամէն օր մուլտիւիտամիններ էին ընդունում, մահւան աւելի բարձր ռիսկ ունէին, քան նրանք, ովքեր չէին ընդունում դրանք. յարաբերական ռիսկը 1,04 էր (4 տոկոս): Սակայն այս ցուցանիշը բոլոր պատճառներով մահացութեան դէպքում՝ սրտային հիւանդութիւններով, քաղցկեղով եւ ուղեղի անօթային հիւանդութիւններով հասել է մօտ 1,0-ի »,- նշել են համաճարակաբանները։
Վերլուծւած ուսումնասիրութիւններից մէկում մուլտիւիտամիններ ընդունելու եւ բոլոր պատճառներով մահւան հաւանականութեան միջեւ կապն աւելի ուժեղ է եղել մինչեւ 55 տարեկան մարդկանց շրջանում, նախկին եւ ներկայ ծխողների եւ բնականոն մարմնի զանգւածի ինդեքս ունեցողների համար. յարաբերական ռիսկը գնահատւել է համապատասխանաբար 1.15, 1.10, 1.09 եւ 1.10:
Ամփոփելու համար. այս սերտախմբային հետազօտութեան մէջ ամենօրեայ մուլտիւիտամին ընդունելը մահւան ռիսկի նւազեցմանը չի առնչւում: Ընդհակառակը, նման դեղամիջոցների օգտագործումը, չօգտագործելու համեմատ, առնչւում է չորս տոկոսմահվան հաւանականութեանը: