Գերմշակւած սննդամթերքը վնասում է վերարտադրողական առողջութեանը

Վերահսկւող սննդակարգային միջամտութիւնը պարզել է, որ գերմշակւած սնունդը կարող է վնասել սրտանօթային եւ վերարտադրողական առողջութեանը, նոյնիսկ երբ այն օգտագործւում է չմշակւած սննդի հետ համեմատելի քանակութեամբ: Մարդկանց վրայ կատարւած ուսումնասիրութեամբ պարզւել է, որ մասնակիցների ճարպային զանգւածն աւելացել է, եւ հորմոնների մակարդակի փոփոխութիւններ են գրանցւել գերմշակւած սնունդ ուտելուց ընդամէնը երեք շաբաթ անց, ինչից ենթադրւում է, որ հէնց մշակման մեթոդներն են այդ փոփոխութիւնների հիմնական գործօնը:
«Planet Today»-ը հաղորդում է, որ գերմշակւած սնունդը «Նովա» դասակարգման համակարգով սահմանւում է որպէս սնունդ, որը պարունակում է սինթետիկ կամ արդիւնաբերական բաղադրիչներ, որոնք սովորաբար չեն օգտագործւում տնային խոհարարութեան մէջ: Դրանք ներառում են արհեստական համեմունքներ, կայունացուցիչներ եւ գունանիւթեր, ինչպէս նաեւ բարձր արդիւնաբերական մշակումից ստացւած բաղադրիչներ: Դրանք կան փաթեթաւորւած նախուտեստներում, գազաւորւած ըմպելիքներում եւ պատրաստի կերակուրներում:
Չնայած այս տեսակի սննդի եւ ճարպակալման ու 2-րդ տիպի շաքարախտի նման հիւանդութիւնների միջեւ կապը լաւ յայտնի է, դեռեւս հասկանալի չէ, թէ արդեօք առողջական այս փոփոխութիւնները պայմանաւորւած են բաղադրիչների բնոյթով, օգտագործւող մշակման մեթոդներով, թէ՞ էներգիայի ընդունման աւելացմամբ: Նոր հետազօտութեանը մասնակցել է 20-ից 35 տարեկան 43 առողջ տղամարդ, որոնք պատահականացւած խաչաձեւ ուսումնասիրութեան շրջանակում օգտագործել են ինչպէս գերմշակւած, այնպէս էլ չմշակւած սնունդ: Իւրաքանչիւր դիետա տեւել է երեք շաբաթ եւ բաժանւել է երեք ամսւայ դադարի ժամանակահատւածով: Մասնակիցները ստացել են նոյնական մակրոտարրերով՝ սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրերի հաւասար քանակութեամբ եւ նոյն քանակութեամբ կալորիաներով սնունդ: Խմբի կէսը սնւել է կալորիաներով հաւասարակշռւած սննդակարգով, մինչդեռ միւս կէսը օրական ստացել է լրացուցիչ 500 կալորիա:
Անկախ էներգիայի ընդունումից, մասնակիցները գերմշակւած սննդակարգի վրայ մօտ մէկ կիլոգրամ աւելի ճարպային զանգւած են աւելացրել՝ համեմատած չմշակւած սննդակարգի հետ: Բացի դրանից, գերմշակւած սննդի օգտագործումը բացասաբար է ազդել սրտանօթային առողջութեան մի շարք ցուցանիշների վրայ:
«Մեր արդիւնքները ցոյց են տալիս, որ գերմշակւած սնունդը, նոյնիսկ չափաւոր օգտագործման դէպքում, վնասակար է վերարտադրողական եւ նիւթափոխանակութեան առողջութեան համար: Սա ենթադրում է, որ հէնց այս սննդի վերամշակւած բնոյթն է դրանք դարձնում վնասակար»,- ասում է հետազօտութեան համահեղինակ Ջեսիկա Փրեթտոնը:
Հետազօտողները պարզել են, որ, քաշի փոփոխութիւններից բացի, գերմշակւած սննդակարգը յանգեցնում է cxMINP կոչւող ֆտալատ միացութեան մակարդակի բարձրացմանը: Սննդի պլաստիկէ փաթեթաւորման մէջ յաճախ հանդիպող այս նիւթը յայտնի է նրանով, որ խաթարում է էնդոկրին համակարգը: Ուլտրամշակւած սնունդ կերած մասնակիցների արեան մէջ cxMINP-ի բարձր մակարդակ է եղել, եւ համապատասխանաբար նւազել է սպերմատոգենեզի համար կարեւոր հորմոնների, մասնաւորապէս՝ տեստոստերոնի եւ ֆոլիկուլը խթանող հորմոնի մակարդակը:
Վերարտադրողական գործընթացներին մասնակցող հորմոն: Տղամարդկանց մօտ FSH-ն խթանում է սերմնահեղուկի արտադրութիւնը՝ խթանելով ամորձիները:
«Մենք ցնցւած էինք, թէ ուլտրամշակւած սննդի ազդեցութիւնը որքան ուժեղ է խախտում օրգանիզմի գործառոյթները, նոյնիսկ առողջ երիտասարդ տղամարդկանց դէպքում: Երկարաժամկետ հետեւանքները մտահոգիչ են եւ ընդգծում են սննդակարգի առաջարկութիւնները վերանայելու անհրաժեշտութիւնը՝ քրոնիկ հիւանդութիւններից աւելի լաւ պաշտպանւելու համար»,- ասել է ուսումնասիրութեան համահեղինակ Ռոմէն Բարը:
Կոպենհագենի համալսարանի NNF Հիմնարար նիւթափոխանակութեան հետազօտութիւնների կենտրոնի եւ Կոտ դ’Ազուրի համալսարանի գիտնականների թիմի կողմից անցկացւած ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ նոյնիսկ առանց աւելորդ կալորիաների ընդունման, ուլտրամշակւած սնունդը կարող է նիւթափոխանակութեան եւ վերարտադրողութեան ռիսկեր առաջացնել:
News.am