Ինչպէս պաշտպանւել մոծակների խայթոցից. խորհուրդներ բժշկից
Մոծակների համար մարդու գրաւչութիւնը կախւած է նրանից, թէ ինչ մանրէներ են ապրում նրա մաշկի վրայ։ Այս մասին, ինչպէս գրում է 78.ru-ն, ասել է ալերգոլոգ-իմունոլոգ Էլւինա Դաւլիատովան։
Այս միջատների համար մարդու գրաւչութեան վրայ ազդող ամենակարեւոր գործօններից մէկը ջերմութիւնն ու ածխաթթու գազն են, որոնք մարդիկ արտազատում են քրտնելիս։ Երեխաներն աւելի քիչ են քրտնում, ինչի շնորհիւ էլ աւելի քիչ են գրաւում մոծակների ուշադրութիւնը:
Բացի այդ, այս միջատները կենտրոնանում են նաեւ մարդու մաշկից արձակւող հոտերի վրայ, որոնց պատճառը մաշկի մակերեսին ապրող մանրէներն են։ Սա է պատճառը, որ շատ կարեւոր է մաշկի առողջութիւնն ու օրգանիզմի ընդհանուր վիճակը վերահսկելը, քանի որ գոյութիւն ունեն բազմաթիւ հիւանդութիւններ, որոնք յանգեցնում են մանրէաբանական կազմի փոփոխութեան:
Բժշկի խօսքով՝ մոծակների յարձակումների ու խայթոցների հաւանականութիւնը նւազեցնելու համար հարկաւոր է կրել բաց գոյնի հագուստ եւ խուսափել մոծակներին ձեռքով վանելու փորձերից, քանի որ կտրուկ շարժումներն ազդանշան են միջատների համար, որ մօտակայքում որս կայ:
Ինչ վերաբերում է մոծակի խայթելու հաւանականութեան վրայ մարդու արեան խմբի ազդեցութեանը, ապա այս դէպքում հետազօտութիւնները միանշանակ չեն։ Այնուամենայնիւ որոշ հարցումներ ցոյց են տւել, որ արեան որոշակի խումբ ունեցող անձանց մոծակներն աւելի յաճախ են խայթում։