Այլ

Սուրճի չափաւոր օգտագործումը կարող է զգալի օգուտ բերել առողջութեանը

Օրական երեք բաժակ սուրճն օգտակար կարող է լինել առողջութեան համար, այս մասին վկայում է նոր հետազօտութիւնը,- գրել է HealthDay-ը։

Journal of Clinical Endocrinology & Metabolism ամսագրում հրապարակւած հետազօտութիւնը յայտնաբերել է, որ սուրճի օգտագործումը օրական 200-300 գրամի չափով կարող է իջեցնել սրտի հիւանդութիւնների, ինսուլտի, երկրորդ տեսակի դիաբետի վտանգը,- գրել է «Ֆոկուս»-ը։

Հետազօտութիւնում, որն իրականացւել է դոկտոր Չաոֆու Կէի գլխաւորութեամբ (Չինաստան, Սուչժոուի համալսարան), ուսումնասիրւել են 37-73 տարեկան աւելի քան 500000 մարդու տւեալները, որոնք մասնակցել են UK Biobank հետազօտական նախագծին։ Նրանցից 172000 տեղեկութիւն է տրամադրել կոֆէինի օգտագործման մասին, մօտ 188 000-ը ներկայացրել է սուրճի կամ թէյի օգտագործման իր սովորութիւնները։

Հետազօտողները յայտնաբերել են, որ սուրճի կամ կոֆէինի օգտագործման ցանկացած մակարդակ նպաստում է կարդիոմետաբոլիկ հիւանդութիւնների վտանգի նւազմանը, ընդորում՝ երեք բաժակը օպտիմալն է։ Այդ քանակութեամբ սուրճ օգտագործողների մօտ 48 տոկոսով նւազում է սիրտ-անօթային կամ մետաբոլիկ հիւանդութիւնների առաջացման վտանգը նրանց համեմատ, ովքեր սուրճ չեն օգտագործում։ 200-300 գրամ կոֆէին օգտագործողների մօտ այդ վտանգը նւազում է 41 տոկոսով նրանց համեմատ, ովքեր այն աւելի քիչ են օգտագործում։

Ստացւած արդիւնքներն արժանի են ուշադրութեան, յատկապէս նկատի ունենալով սուրճի մեծ տարածւածութիւնն աշխարհում։ Դոկտոր Կէն ընդգծել է, որ դրա չափաւոր օգտագործումը կարող է օգտակար դիետիկ սովորութիւն դառնալ։ Այնուամենայնիւ, հետազօտութեան հեղինակները խորհուրդ չեն տալիս, որ բոլորն օգտագործեն կոֆէին՝ խոստովանելով, որ սուրճի օգտագործումը պէտք է որոշւի առողջութեան անհատական յատկութիւններով։

Սուրճի ազդեցութիւնը մարդու առողջութեան վրայ ուսումնասիրւած է բաւական լայնօրէն։ Օրինակ, նախորդ հետազօտութիւնները վկայում են այն մասին, որ սուրճի չափաւոր օգտագործումը կարող է նւազեցնել սրտային անբաւարարութեան վտանգը 12 տոկոսով։ Կոֆէինի դերը մտաւոր ակտիւութեան բարձրացման գործում նոյնպէս հաստատւած է փաստերով, ինչն էլ աւելի մեծ հիմքեր է տալիս այն առողջ ապրելակերպում ընդգրկելու համար։

News.am

Related Articles

Back to top button