Այլ

Սննդաբաժնում ֆասթֆուդի առկայութիւնը կարելի է որոշել արեան եւ մեզի անալիզների օգնութեամբ

Արեան եւ մեզի անալիզները կարող են օգնել պարզել, թէ ձեր սննդակարգի որքան մասն է կազմւած արդիւնաբերական արտադրութեան մթերքներից, նշւել է նոր հետազօտութիւնում: Քիմիական նիւթերը, որոնք արտադրւում են, երբ օրգանիզմը վերամշակւած սնունդն ու խմիչքը վերածում է էներգիայի, կարող են յայտնաբերւել մարդկանց արեան եւ մեզի մէջ, երեքշաբթի PLOS Medicine ամսագրում յայտնել են հետազօտողները:

Գիտնականները յայտնաբերել են, որ այս քիմիկատների որոշակի խմբեր, որոնք յայտնի են որպէս մետաբոլիտներ, փոխկապակցւած են մարդու կողմից օգտագործւող ուլտրավերամշակւած սննդի քանակի հետ:

Այս մետաբոլիտների վրայ հիմնւած արդիւնքները «թոյլ են տալիս կանխատեսել ուլտրավերամշակւած սննդի ընդունումը եւ կարող են նոր պատկերացումներ տալ գերմշակւած սննդի դերի մասին մարդու առողջութեան համար»,- գրել է թիմը, որը գլխաւորել է Քաղցկեղի ազգային ինստիտուտի մետաբոլիկ համաճարակաբանութեան աւագ հետազօտող Էրիկա Լոֆթֆիլդը:

Նոր հետազօտութեան համար գիտնականները վերլուծել են 718 տարեց մարդկանց արեան եւ մեզի նմուշները, ինչպէս նաեւ սննդի օրագրերը՝ բացայայտելու համար գերմշակւած սննդի հետ կապւած մետաբոլիտները: Գործընթացը տեւել է մէկ տարի, եւ մասնակիցները տարւայ սկզբին, կէսին եւ վերջում արեան նմուշներ են յանձնել:

Ընդհանուր առմամբ, հետազօտողները յայտնաբերել են արեան մէջ 191 եւ մեզի մէջ՝ 300 մետաբոլիտ, որոնք զգալիօրէն փոխկապակցւած են ուլտրավերամշակւած սննդի օգտագործման հետ: Դրանցից նրանք ընտրել են 28 մետաբոլիտ արեան եւ 33 մետաբոլիտ մեզի մէջ՝ աւելի ճշգրիտ «հաշւարկի» համար, որպէսզի գնահատեն, թէ որքան ուլտրամշակւած սնունդ է կերել մարդը:

Հետազօտողներն այնուհետեւ փորձարկել են իրենց բացայայտումները լաբորատոր փորձի ժամանակ՝ 20 մարդու նշանակելով երկու տարբեր սննդակարգ, որոնցից մէկը պարունակում էր 80 տոկոս ուլտրավերամշակւած սնունդ, իսկ միւսը՝ ընդհանրապէս չէր պարունակում: Իւրաքանչիւր մարդ երկու շաբաթ հետեւել է իրեն նշանակւած սննդակարգին, որից յետոյ վերցւել են արեան եւ մեզի նմուշներ։

Արդիւնքները ցոյց են տւել, որ յայտնաբերւած մետաբոլիտներն իսկապէս համապատասխանում են ուլտրամշակւած սննդի քանակին, որը մասնակիցներն օգտագործել են նախորդ երկու շաբաթւայ ընթացքում: Չորս հոգուց բաղկացած փոքր խումբը ցոյց է տւել, որ թեստերը կարող են նաեւ տարբերակել դիետաները, որոնք պարունակում են 30 եւ 80 տոկոս ուլտրավերամշակւած սնունդ:

Հետազօտողների խօսքով՝ նմանատիպ թեստերը կարող են լուրջ խթան հանդիսանալ մարդու առողջութեան վրայ ուլտրավերամշակւած սննդանիւթերի ազդեցութիւնը հասկանալուն ուղղւած ջանքերում։

news.am

Related Articles

Back to top button