Այլ

Ատամի խոզանակների վրայ հարիւրաւոր վիրուսներ են ապրում. փորձագէտները սա լաւ լուրն են համարում

Տաք ցնցուղը ոչ միայն մարդիկ են սիրում. վիրուսները եւս տաք ջրում իրենց բաւականին յարմարաւէտ են զգում:

Միացեալ Նահանգներում անցկացւած հետազօտութիւնը, որի արդիւնքները հոկտեմբերին հրապարակւել են Frontiers in Microbiomes հանդէսում, ցոյց է տալիս, որ ցնցուղի ջրցիրների վրայ վարակիչ ազդակների զանազան համակեցութիւններ են ձեւաւորել:

Եւ ոչ միայն այնտեղ։ Մեր լոգարանների բոլոր մակերեսները, պատկերաւոր ասած, պատւած են կենսաթաղանթով, որտեղ բազմազան վիրուսներ են վխտում:

Թւերը տպաւորել են անգամ հետազօտողներին. յայտնաբերւել է աւելի քան 600 տեսակ, եւ դրանք առանձնապէս շատ են ցնցուղի ջրցիների վրայ, ինչպէս նաեւ ատամի խոզանակների մազերի վրայ:

«Անհաւանական է, թէ որքան միկրոօրգանիզմներ ենք մենք յայտնաբերել»,-նշում է Իլինոյսի Հիւսիսարեւմտեան համալսարանից մանրէաբան Էրիկա Հարթմանը, որը ղեկավարում էր այդ ծրագիրը: Նրա թիմը յայտնաբերել է վիրուսների երկու տեսակ, որոնց մասին քիչ բան է յայտնի եւ որոնք միանգամայն նոր բան են գիտութեան համար,- գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։

«Զարմանալի է, թէ որքան շատ չհետախուզւած կենսաբազմազանութիւն կայ մեր շուրջը: Եւ հեռու գնալ պէտք չէ, այն հէնց մեր քթի տակ է»,-նկատում է գիտնականը: Այս յայտնագործութիւնը թերեւս կօգնի, դիցուկ, դեղորայքակայուն միկրոօրգանիզմների դէմ պայքարի նոր եղանակները որոնելիս։

Գիտնականներն իրենց նախագիծը սկսել են սոսկ հետաքրքրասիրութիւնից դրդւած։ Նրանք ուզում էին իմանալ՝ մեր բնակարաններում ինչ մանրէներ կարելի է հանդիպել: «Երբ խօսքը վերաբերում է ներքին տարածքներին, սեղանների եւ պատերի պէս մակերեսներին միկրոօրգանիզմների համար կեանքի անբարենպաստ պայմաններ կան»,- պարզաբանում է Հարթմանը: Փոխարէնը, նրանք նախընտրում են ջրով միջավայրեր, օրինակ՝ ցնցուղի ջրցիրներն ու ատամի խոզանակները լոգարանում: Քանի որ ինչպէս Միացեալ Նահանգներում, այնպէս էլ Եւրոպայում մարդկանց մեծամասնութիւնն իր կեանքի մօտ երկու երրորդն անցկացնում է առանձնատներում կամ բնակարաններում, եւ գիտելիքները նրա մասին, թէ այդ տարածքներում ինչ մանրէներն են ապրում, անչափ օգտակար է:

Պարզւում է՝ միկրոօրգանիզմների խմբի կազմը հնարաւոր է՝ խիստ տարբերւի՝ կախւած դրա գտնւելու վայրից։ Ատամի խոզանակների վրայ այդ մանրէներն անհամեմատ աւելի շատ են, եւ դրանք աւելի բազմազան են, քան ցնցուղի ջրցիրների վրայ: Խոզանակների վրայ հիմնականում յայտնաբերւում են մարդու բերանից գաղթած մանրէներ, իսկ ցնցուղների ջրցիրների վրայ՝ շրջակայ միջավայրից:

Գիտնականները միաժամանակ յայտնաբերել են քաղաքային ջրամատակարարման համակարգերում ապրող եւ յայտնի պաթոգէններ պարունակող միկրոօրգանիզմներ, որոնք, իրենց հերթին, անվերահսկելի կերպով բազմանալու դէպքում կարող են սպառնալ մարդու առողջութեանը: Յայտնաբերւած մանրէների բազմազանութիւնն այնքան մեծ էր, որ նոյնական կազմով երկու համակեցութիւններ չգտնւեցին ո՛չ ցնցուղի ջրցիրների, ո՛չ էլ ատամի խոզանակների վրայ:

Մանրէներն իրենց կենսագործունէութեան բոլոր փուլերն ինքնուրոյն ապահովելու ունակ միաբջիջ կենդանի օրգանիզմներ են։ Վիրուսները, իբրեւ կանոն, չեն կարող ինքնուրոյն գոյատեւել, հետեւաբար վերարտադրւելու համար այլ՝ մարդկանց, կենդանիների եւ նոյնիսկ բոյսերի բջիջներ են օգտագործում: Սակայն ոչ բոլոր վիրուսներն են մարդկանց համար պաթոգէն, եւ, միաժամանակ դրանք գիտութեանը կարող են օգտակար լինել:

Միկրոօրգանիզմները, որոնք հետազօտողները կարողացել են նոյնականացնել, իրենցից նաեւ բակտերիոֆագներ են ներկայացնում: Դրանք բնական ճանապարհով բակտերիաների տարածումը սահմանափակող վիրուսներ են, որոնք ընդունակ են ընտրողաբար ոչնչացնել պաթոգէն տեսակները՝ առանց նորմալ միկրոֆլորան կամ բջիջները վնասելու: Դրանք Երկրի վրայ ամենատարածւած վիրուսների խմբերից են եւ մարդկանց համար վտանգաւոր չեն։ Հաշւի առնելով հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների աճող դիմադրութիւնը, յոյս կայ, որ յայտնաբերւած բակտերիոֆագները բակտերիալ վարակների կանխարգելման եւ բուժման համար կօգնեն նոր հնարաւորութիւններ բացել:

Ընդորում, այս բնական ազդակները կարող են կիրառւել մաքրող միջոցներ ստեղծելու համար: «Որքան շատ էք յարձակւում մանրէների վրայ ախտահանիչներով, այնքան մեծ է հաւանականութիւնը, որ դրանք դիմադրողականութիւն կը զարգացնեն կամ դրանց ոչնչացնելն աւելի դժւար կը լինի,- պարզաբանում է Հարթմանը: -Մենք պէտք է պարզապէս ընդունենք դրանց գոյութեան  փաստը։ Մանրէներն ամենուր են, եւ դրանց ճնշող մեծամասնութիւնը մարդկանց չի հիւանդացնում»։

Այն, որ ջրային միջավայրերը կենսալից են, նորութիւն չէ: Տրամաբանական է, որ խոնաւ լոգասենեակներում մանրէները, սնկերը եւ վիրուսները բնակութիւն են հաստատում եւ զարգանում են այնտեղի բոլոր մակերեսների վրայ։ Հարթմանի խումբը միաժամանակ հետազօտել է այս հարցն իրենց վերջին ուսումնասիրութիւնից առաջ: Մասնաւորապէս, գիտնականները պարզել են՝ արդեօք մանրէներն ատամի խոզանակների վրայ յայտնւում են աերոզոլային սիւնից, որը ձեւաւորւում է բաց կափարիչով լւացւող զուգարանակոնքին: Հետազօտելով 34 նմուշ՝ փորձագէտները պարզել են, որ խոզանակների միկրոբիոմներում (որոշակի միջավայրում բնակւող միկրոօրգանիզմների ամբողջութիւն) դեռեւս գերակշռում են բերանի խոռոչի եւ մաշկի տարբեր ազդակներ, մինչդեռ շրջակայ միջավայրից յատուկ շտամներն աւելի քիչ են: Աւելին, արդիւնքները համարժէք էին, անկախ նրանից՝ խոզանակը լւացարանին դրւած բաժակի մէջ է, թէ փակ պահարանի դռնակի հետեւում է թաքնւած։

Էրիկա Հարթմանն ընդգծում է, որ ատամի խոզանակի վրայ ապրող մանրէները չպէտք է մեզ անհանգստացնեն: Եւ եթէ ատամնաբոյժն այլ յանձնարականներ չի տալիս, չարժէ օգտագործել հակամանրէային ատամի մածուկներ սովորականի փոխարէն, քանի որ դրանով ազատւում ենք մանրէներից, միեւնոյն ժամանակ ստիպում ենք վերապրած մանրէներին յարմարւել եւ հակամանրէային նիւթերի նկատմամբ դիմադրողականութիւն զարգացնել:

2018-ին անցկացւած հետազօտութիւնը, որն ուսումնասիրում էր ցնցուղի ջրցիրների միկրոբիոմը, ցոյց է տւել, որ յատկապէս Միացեալ Նահանգներում, այն շրջաններում, որտեղ ցնցուղի գլխի ջրցիրների վրայ որոշակի մանրէներ են յայտնաբերւել, բակտերիալ թոքաբորբի դէպքերի աճ է արձանագրւել:

Բարեբախտաբար, ըստ Էրիկա Հարթմանի խմբի վերջին հետազօտութեան, լոգարաններում յայտնաբերւած բակտերիոֆագները սովորաբար հէնց այս վնասակար միկրոօրգանիզմների դէմ են պայքարում:

«Մենք կարող ենք պատկերացնել այս բակտերիոֆագների օգտագործումը ջրային համակարգերից պաթոգէնները հեռացնելու համար»,-ասում է Հարթմանը:

«Բացի դրանից, խօսքը յայտնաբերւած վիրուսների բոլոր գործառոյթներն ուսումնասիրելու եւ դրանց կիրառման վայրերում յայտնաբերելու մասին է»,- համոզմունք է յայտնել  միկրոկենսաբանը։

News.am

Related Articles

Back to top button