Վերջին 30 տարում երիկամների քրոնիկական հիւանդութիւնների դէպքերի թիւը կանանց շրջանում աւելացել է երեք անգամ
Նոր ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ վերջին երեք տասնամեակում երիկամների քրոնիկական հիւանդութիւնների թիւը կանանց շրջանում եռակի աւելացել է ողջ աշխարհում։ Բացի այդ, 2-րդ տեսակի դիաբետը եւ հիպերտոնիան դարձել են այդ հիւանդութիւններից մահւան հիմնական պատճառները կանանց մօտ։
Հետազօտութեան արդիւնքները ներկայացւել են ASN Kidney Week 2024 միջոցառման ժամանակ հոկտեմբերի 23-27-ին,- գրել է Medical Xpress-ը։
Ուսումնասիրութեան հիմքում ընկած են «Հիւանդութիւնների գլոբալ բեռը 2021» հետազօտութեան տւեալները, համալիր աշխատանք ամբողջ աշխարհում առողջութեան կորստի քանակական գնահատականների վերաբերեալ որոշակի ժամանակահատւածում։ Հետազօտութիւնում ներառւած է տեղեկութիւն 204 երկրներից եւ տարածքներից։
1990-2021 թթ. երիկամների քրոնիկական հիւանդութիւնների տարածւածութեան միջին տարեկան տոկոսային փոփոխութիւնը կանանց շրջանում աւելացել է 2,10 տոկոսով, մահացութիւնը՝ 3,39 տոկոսով, իսկ կեանքի տարիների քանակութիւնը հաշմանդամութեան հաշւառմամբ՝ 2,48 տոկոսով։
Նշւել են նաեւ զգալի տարբերութիւններ մահացութեան եւ հիւանդացութեան մակարդակի միջեւ՝ կապւած երիկամների քրոնիկական հիւանդութիւնների հետ, ընդորում՝ նկատւում է աճ, մասնաւորապէս, Լատինական Ամերիկայում, Հիւսիսային Ամերիկայում եւ տարեց մարդկանց շրջանում։
Հետազօտութիւնը վերջին տասնամեակում ցոյց է տւել մահացութեան տագնապալի աճ՝ կապւած ռիսկի մետաբոլիկ գործօնի հետ, 2000-2010 թթ. ոչ մեծ նւազումից յետոյ։
«Առանց օպերատիւ միջոցների ընդունման երիկամների քրոնիկական հիւանդութիւնների հետագայ աճը առողջապահութեան համակարգը կը ծանրաբեռնի եւ կը յանգեցնի հիւանդացութեան եւ մահացութեան աւելացման ամբողջ աշխարհում»,- նշել են գիտնականները։