Այլ

Սննդամթերքի որ տեսակներն են նպաստում քաղցկեղի զարգացմանը

Ամերիկացի ուռուցքաբան Նիկոլ Էնդրիւսի խօսքով՝ վերամշակւած մսի եւ ալկոհոլի գործածութիւնը կարող է բարձրացնել քաղցկեղի զարգացման հաւանականութիւնը։ Այս մասին յայտնում է Healthnews-ը։ Ինչպէս պարզաբանել է բժիշկը, ալկոհոլի բոլոր տեսակները պարունակում են էթանոլ, որը լուրջ մուտագէն գործօն է եւ վնասում է բջջային ԴՆԹ-ն։ Էնդրիւսի խօսքով՝ մարդու մարմնի բջիջներն ամէն օր վնասւում են, քանի որ սա բնական ծերացման գործընթացի մասն է, սակայն, այնուամենայնիւ, ալկոհոլի օգտագործման հետեւանքով նման վնասների կուտակումը բարձրացնում է լեարդի, կրծքագեղձի, հաստ աղիքի, ստամոքսի, կերակրափողի, բերանի խոռոչի եւ կոկորդի քաղցկեղի զարգացման վտանգը:

Ինչ վերաբերում է վերամշակում անցած մսին, ապա այն բարձրացնում է կոլոռեկտալ քաղցկեղի (հաստ աղիքի քաղցկեղ) զարգացման հաւանականութիւնը։ Վերամշակւած միս է համարւում՝ կենդանական ծագման այն մթերքը, որը ստացւում է աղով մշակման, պահածոյացման, ծխեցման կամ պահպանման ժամկէտի աւելացմանն ու համի բարելաւմանն ուղղւած այլ գործընթացների արդիւնքում: Բանն այն է, որ երշիկի, նրբերշիկի կամ խոզապուխտի պատրաստումը ենթադրում է բարձր ջերմաստիճանի տեւական ազդեցութիւն եւ պահածոյացնող նիւթերի գործածութիւն, իսկ դրանք քաղցկեղածին գործօններ են։

Բացի այդ ուռուցքաբանը յաւելել է, որ վտանգաւոր կարող է համարւել նաեւ կարմիր միսը (խոզի միս, տաւարի միս եւ գառան միս)։ Բանն այն է, որ կարմիր միսը պարունակում է հեմային երկաթ, որը եւս քաղցկեղածին ազդեցութեամբ օժտւած տարր է։

Tert.am

Related Articles

Back to top button