Ասեղնաբուժութիւնը վերացնում է ցաւի ախտանիշը նստանեարդի բորբոքման ժամանակ
Պեկինի համալսարանի չինական բժշկութեան ոլորտի գիտնականներն ապացուցել են, որ ասեղնաբուժութիւնը թեթեւացնում է գօտկատեղի ցաւը իշիասի՝ նստանեարդի բորբոքման ժամանակ։ Հետազօտութիւնը հրապարակւել է JAMA Internal Medicine (JAMA IM) գիտական ամսագրում։
Իշիաս ունեցող մարդիկ յաճախ տառապում են ցաւից, թուլութիւնից եւ թմրածութիւնից մարմնի ստորին մասում։ Այդ ախտանշանները կարող են առաջանալ ինչպէս հէնց նեարդի բորբոքումից, այնպէս էլ միջողային սկավառակի ճողւածքից։ Այս ախտորոշումն ունեցող պացիենտներին յաճախ նշանակում են ցաւազրկողներ եւ ֆիզիոթերապիա, իսկ ծանր դէպքերում խորհուրդ են տալիս վիրաբուժական միջամտութիւն։
Նոր հետազօտութիւնում գիտնականներն ընտրել են իշիաս ունեցող 220 մարդու։ Պացիենտներին բաժանել են երկու խմբի։ Առաջինն ստացել է իշիասի բուժման 10 սեանս ասեղնաբուժութեան օգնութեամբ չորս շաբաթւայ ընթացքում, իսկ երկրորդը նման միջամտութիւններ է անցել, բայց առանց ասեղների բժշկական էֆեկտի։
Խմբերի միջեւ տարբերութիւններն ակնհայտ են դարձել երկրորդ շաբաթ։ Երկու խմբերը նշել են ցաւի մակարդակի նւազման եւ ամենօրեայ ֆունկցիայի բարելաւման մասին, բայց իսկական ասեղնաբուժութիւն անցած խումբն աւելի լաւ է զգացել իւրաքանչիւր ստուգման դէպքում։
Հեղինակները եկել են այն եզրայանգման, որ այդ կայուն արդիւնքը վկայում է, որ ասեղնաբուժութիւնը պէտք է դիտարկել որպէս միջողային սկավառակի ճողւածքով պայմանաւորւած քրոնիկական իշիաս ունեցող մարդկանց բուժման տարբերակ։