Գիտնականները փոխադարձ կապ են յայտնաբերել սենեակի օդի ջերմաստիճանի եւ տարեցների կոգնիտիւ ունակութիւնների միջեւ
Նորարարական հետազօտութիւնը էական փոխադարձ կապ է յայտնաբերել սենեակի օդի ջերմաստիճանի եւ տարեցների կոգնիտիւ ունակութիւնների միջեւ, որը լոյս է սփռում այն բանի վրայ, թէ ինչպէս կաող է կլիմայի փոփոխութիւնը բարձր վտանգ ներկայացնել կոգնիտիւ առողջութեան համար։
Հինդայի եւ Արթուր Մարկուսի ծերացման հետազօտութիւնների ինստիտուտի եւ Հարւարդի բժշկական դպրոցի ոչ առեւտրային Hebrew SeniorLife հետազօտական ստորաբաժանման գիտնականների իրականացրած հետազօտութիւնը ցոյց է տւել, որ տարեցները նշել են ուշադրութիւնը պահելու ամենաքիչ դժւարութիւնների մասին, երբ իրենց տան ջերմաստիճանը միջինը եղել է 68-75 աստիճան ըստ Ֆարենհէյթի (Ցելսիուսի 20-24 աստիճան):
Այս միջակայքի սահմաններից դուրս ուշադրութեան հետ կապւած խնդիրների հաւանականութիւնը կրկնապատկւել է՝ երկու ուղղութեամբ 7°F (4°C) փոփոխութեամբ: Հետազօտութեան ընթացքում վերահսկւել է տան ջերմաստիճանը եւ գնահատւել են ուշադրութեան խնդիրները 65 եւ աւելի բարձր տարիքի 47 մասնակիցների մօտ, մէկ տարւայ ընթացքում:
Հետազօտութեան, որը հրապարակւել է Journal of Gerontology: Medical Sciences ամսագրում, արդիւնքները վկայում են այն մասին, որ նոյնիսկ ներկայ կլիման վտանգի տակ է դնում տարեց մարդկանց, քանի որ շատերը զգում են սենեակի ջերմաստիճանի փոփոխութիւնները, որոնք կարող են խաթարել նրանց կոգնիտիւ ունակութիւնները:
«Մեր բացայայտումներն ընդգծում են հասկանալու կարեւորութիւնը, թէ ինչպէս են շրջակայ միջավայրի գործօնները, ինչպիսին է սենեակի ջերմաստիճանը, ազդում ծերացող բնակչութեան կոգնիտիւ առողջութեան վրայ»,- ասել է Հետազօտութեան առաջատար հեղինակ, Մարկուսի ինստիտուտի երկրորդ գիտաշխատող եւ տարեց մարդկանց համար կլիմայի փոփոխութեան ազդեցութեան գծով առաջատար փորձագէտ Ամիր Բանիասադին: Հաղորդում է News.am-ը: