Նկարչուհի Ծաղիկ Յովսէփեանի հաւաքական ցուցահանդէսը Ուրմիայում
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հինգշաբթի՝ յունւարի 9-ի ժամը 2:00-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի ձեռամբ պաշտօնական բացումը կատարւեց ուրմիահայ նկարչուհի՝ արւեստագէտ Ծաղիկ Յովսէփեանի ցուցահանդէսին:
Ուրմիայի արւեստից կենտրոնի գլխաւոր ցուցասրահի բացման ժապաւէն կտրեց Սրբազան Հայրը, կողքին ունենալով Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան գերատեսչութեան ընդհանուր տնօրէն դոկտ. Նորուզիին եւ արւեստագիտուհի Ծաղիկ Յովսէփեանին: Ներկայ էին արւեստագիտուհու աշակերտ-աշակերտուհիները, քաղաքի արւեստագէտներ եւ մեծ թւով հրաւիրեալներ:
Պատերին ամրացւած գեղանկարները ներկայացնում էին Յովսէփեանի հին եւ նոր գործերից օրինակներ, ինչպէս նաեւ նրա ղեկավարած արւեստի դպրոցի աշակերտական նկարչութիւններից օրինակներ:
Գեղանկարչուհին իւրաքանչիւր ցուցանմոյշի մասին բացատրութիւններ տւեց պաշտօնական հրաւիրեալներին, իսկ աշակերտական ցուցանմոյշների մասին բացատրական խօսքերով հիւրերին ներկայացան գեղանկարիչ ուսանողները իրենք: Հետաքրքիր էր, որ սոյն բաժնում տեղադրւած գեղանկարների հեղինակները բոլոր տարիքի անձեր էին, կանայք եւ տղամարդիկ, որոնք առօրեայ հոգսերից բացի, արւեստի միջոցով իրենց հոգեկան ծալքերն էին բացել, բնութեան եւ այլ տեսարանների գեղանկարներով:
Հայերէն եւ պարսկերէն լեզուներով ներկաներին ողջունեցին, աշակերտուհի Նարինէ Մեջլումեանը, ինչպէս նաեւ արւեստագիտուհին՝ Ծաղիկ Յովսէփեանը:
Առաջնորդ Սրբազանը պաշտօնական խօսքով իր բարձր գնահատանքը յայտնեց գեղանկարչուհուն, յատկապէս շեշտելով արւեստի բարերար դերակատարութիւնը մարդկութեան կեանքում. «Այն ինչ որ մենք չենք տեսնում, բնութեան, մարդկային զգացական աշխարհում եւ ուրախալի ու տխուր իրավիճակներում, գեղանկարչութիւնը կարդում է այս ամէնի մասին, տեսնում է այն ինչ որ ծածկւած է մնում տեսողութիւնից»,- ասաց Սրբազան Հայրը: Նա գնահատեց յատկապէս Յովսէփեանի ջանքը, իր արւեստը ուրիշներին եւս փոխանցելու համար: Սրբազանը յիշեց նաեւ այն կրօնական բնոյթի իւղանկարները, որոնք Ծաղիկ Յովսէփեանի վրձինին պատկանելով, զարդարում են Ուրմիայի հայկական տարբեր եկեղեցիների սրբապատերը:
Մշակութային հիմնարկութեան տնօրէն դոկտ. Նորուզի, իր հերթին գնահատական խօսքով հանդէս եկաւ, իր ուրախութիւնը եւ միաժամանակ քաջալերանքը արտայայտելով արւեստագիտուհուն: Նա գնահատեց յատկապէս նրա ձեռամբ արւեստի ջահը այլոց փոխանցելու անձնական ջանքը: Յայտնենք նաեւ, որ Ծաղիկ Յովսէփեանի աշակերտական խմբին մաս էին կազմում հայ քրիստոնեայ եւ մուսուլման կրօնների հետեւորդ աշակերտուհիների պատկանող, որոնք իրենց ուսուցչուհու կողմից եւ բարձրաստիճան հիւրերի ձեռամբ գնահատագրեր ստացան: Ցուցահանդէսի մի անկիւնում նաեւ կային ձեռարւեստի պատկանող նմոյշներ, դրանք կերտող հայերի կողմից բացատրութիւններով ճոխացած:
Ցուցասրահում մատուցւած հիւրասիրութեան ընթացքին, բոլոր ներկաները մօտկից նայեցին ցուցադրւած պատկերներին, հաղորդւելով դրանց նիւթերին եւ դէմքերի արտայայտութիւններին: