Ուրմիայի «Նայիրի» կրթարանի 2025-2026 տարեշրջանի բացման հանդիսութիւնը

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Շաբաթ, սեպտեմբերի 27-ի առաւօտեան ժամը 10:00-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը ժամանեց Ուրմիա, եւ պաշտօնապէս մուտք գործեց ՀՕՄ-ի «Նայիրի» մանկապարտէզ-նախակրթարանը: Մուտքին հաւաքւած աշակերտութիւնը աղուհացով եւ ծաղկեփունջով դիմաւորեց Սրբազան Հօրը:
Դիմաւորութիւնը կազմակերպւել էր միութեան վարչութեան եւ Կրթարանի տեսչութեան միջոցով, գլխաւորութեամբ ՀՕՄ-ի ատենապետուհի Լալա Ֆարհադեանի: Երեխաները մեծ ուրախութեամբ եւ մանկական քաղցր ժպիտով ու ցնծութեամբ դիմաւորեցին Սրբազան Հօրը, որի ընկերակցում էին Պատգամաւորական ժողովի դիւանի անդամ Սարինէ Մեջլումեանը եւ Ուրմիայի Գործակալական խորհրդի ատենապետ՝ Վանիկ Յակոբեանսը: Ներկայ էին նաեւ նախկին տնօրէնուհի Ռոնիկ Մեջլումեանը եւ երեխաների ծնողները:
Կրթարան մուտք գործելուց յետոյ, Սրբազանը տեղ գրաւեց նախ երեխաների կողքին, եւ հաճոյալի զրոյց ունեցաւ նրանց հետ: Նրանց ներկայութեան առաջին օրը եղաւ առաջին դասապահը, երբ առաջնորդ Սրբազանը հարցեր ուղղեց եւ կրթական ուղղութիւններ տւեց երեխաներին: Երգերով եւ արտասանութիւններով յագեցաւ առաջին հանդիպումը, որի աւարտին Վարչութեան հիւրասիրութիւնը սկսեց Կրթարանի հաւաքավայրում:
Բարի գալստեան խօսքով ելոյթ ունեցաւ ՀՕՄ-ի վարչութեան ատենապետուհի Լալա Ֆարհադեանը, երախտագիտութեան խոր ապրումներով ողջունելով Սրբազան Հօր հայրական հովանաւորութիւնը Միութեան, եւ այն բոլոր աշխատանքներին, որոնք ՀՕՄ-ը կատարում է ի նպաստ ուրմիահայութեան:
Սրբազան Հայրը իր բարձր գնահատանքը յայտնեց բոլոր վարչականներին, ուսուցչական կազմին եւ պաշտօնէութեան, որոնք հարազատ տան կարգավիճակ են ստեղծել բոլոր երեխաների համար: Ի վերջոյ բարի տարի մաղթեց նա բոլորին, յատկապէս ուսուցչական կազմին, որը իր հոգուց ու սրտից բաժին է հանում երեխաների դաստիարակութեան նւիրական գործին: Սրբազանը այս առիթով նւէրներ բաշխեց երեխաներին, ուսուցչական կազմի անդամներին եւ պաշտօնէութեան:
Տնօրէնութիւնը բոլոր ներկաներին հիւրասիրեց խմորեղէնով, սուրճով ու թէյով, ընկերական հաճելի պահ ստեղծելով բոլորի համար: