Ուրմիայի պետական բարձրաստիճան գործիչները այցելեցին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Երկուշաբթի, յուլիսի 29-ին, առաւօտեան ժամը 11:00-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը ընդունեց Ուրմիայի շրջանից ժամանած պաշտօնական հիւրերի, որոնք եկել էին բարի գալուստ մաղթելու առաջնորդ Սրբազան Հօր: Հիւրերի սոյն խմբին մաս էին կազմում ուրմիահայ ազգային բարերար Էդիկ Մեջլումեանը, ինչպէս նաեւ Գործակալական խորհրդի ատենապետ՝ Վանիկ Յակոբեանը:
Հանդիպմանը ներկայ գտնւեցին Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը, անդամներ Ալէն Սայեադեանը եւ Հենրիկ Աբրահամեանը: Ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում կայացած հանդիպմանը ողջունելով բոլորին, առաջնորդ Սրբազան Հայրը շնորհակալութեամբ բարի գալուստ մաղթեց բարձրաստիճան հիւրերին՝ Մշակոյթի հաստատութեան ընդհանուր տնօրէն Նորուզիին, Փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատու՝ Միրսադրին եւ ընդհ. փոխանորդ Իսմայիլզադէին, ինչպէս բարձրաստիճան անձնաւորութիւններ՝ պետական բարձրագոյն կառոյցներից:
Հանդիպումը առիթ հանդիսացաւ, որ թեմի արեւմտեան շրջանին առնչւած նիւթեր քննարկւեն, առաջարկւած լուծումները երկուստեք ուսումնասիրւեն, եւ համայնքի կեանքի ծաղկեցնելու համար միջոցներ որոնւեն:
Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը, ինչպէս նաեւ անդամները մանրամասնութիւններ տւեցին ներքին աշխատանքներից, որոնք կալւածային եւ շինարարական կարեւոր ներդրումներ են թեմի համար, ե՛ւ Արեւելեան, ե՛ւ արեւմտեան շրջաններում Ատրպատականի:
Առաջնորդ Սրբազան Հայրը բարձր գնահատեց Իրանի Իսլամական Հանրապետութեան ներդրումի յատկապէս փոքրամասնութիւնների կեանքում, եղբայրական խաղաղ հովանաւորութիւններով: Ապա, նա նշեց բարերար տէր եւ տիկին Էդիկ եւ Սանդրա Մեջլումեանների մնայուն նւիրաբերումները Իրանին եւ հայ համայնքին, դպրոցների կառուցումներով եւ հայ համայնքի կառոյցներին հոգածու վերաբերմամբ:
Պաշտօնական հանդիպման աւարտին, հրաւիրեալները յիշատակի նւէրներ յանձնեցին Սրբազան Հօրը: Ապա նրանք առիթ ունեցան շրջագայելու ազգային առաջնորդարանում, յատկապէս հնատիպերի բաժանմունքում, որտեղ Սրբազան Հայրը մանրամասն բացատրութիւններ տւեց հարիւրաւոր տարիք ունեցող ձեռագիր եւ տպագիր հատորների մասին, մինչեւ իսկ Սալմաստի Տէր Թոդիկի ծանրակշիռ գրքի մասին, որոնք Ատրպատականի հայոց թեմի պատմամշակութային հարստութիւնն են կազմում: Ապա բոլորը ազգային առաջնորդարանում կէսօրւայ ճաշի սեղանակիցը դարձան առաջնորդ Սրբազան Հօրը եւ Թեմական խորհրդին: Հիւրասիրութիւնից յետոյ, նրանք հրաժեշտ տւեցին Սրբազան Հօրը եւ Թեմական խորհրդին, եւ վերադարձան Ուրմիա: