Ատրպատականի թեմի առաջնորդը ընդունեց Ասորական եկեղեցու ներկայացուցիչներին
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Կիրակի, օգոստոսի 4-ին, երեկոյեան ժամը 4:30-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեան, ազգային առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց այցելութիւնը Ուրմիայի շրջանի ասորական եկեղեցու երկարամեայ հովիւ Դարւայուշ քհնյ. Ազիզեանին: Նրան ընկերակցում էին Աբրահամ քահանայ Միրզային եւ Օգին Ազիզեանը:
Հիւրերը սրտանց ողջունեցին Սրբազան Հօրը, որը երեք ամիսներից յետոյ նոր էր վերադարձել Ատրպատականի հայոց թեմ: Նրանք անդրադարձան անցած երկար տարիների այն աշխատանքներին, յատկապէս մտաւորական կեանքով նրա ցուցաբերած գործերին, որոնք հրատարակութիւնների ճամբով մնայուն հետք են թողնելու թեմի պատմութեան էջերում:
Սրբազան Հայրը շնորհակալութիւն յայտնեց հոգեւորականներին, նրանց միջոցով իր եղբայրական ողջոյնը հաղորդելով նաեւ նրանց հոգեւոր առաջնորդ՝ Մար Ներսահին եւ եկեղեցականաց դասին:
Յայտնենք, որ ասորական եկեղեցին, յատկապէս Ուրմիայում եղբայրական սերտ յարաբերութեան մէջ միշտ, Ուրմիայի հայ համայնքի պատասխանատուների հետ, Պատգամաւորական ժողովի անդամներից սկսեալ մինչեւ Գործակալական խորհրդի կազմի հետ: