Ատրպատական

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի եւ Թեմական խորհրդի հանդիպումը՝ Թաւրիզի դպրոցի տեսչութեան եւ հոգաբարձութեան հետ

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի հրաւէրով, երկուշաբթի, նոյեմբերի 27-ին, ազգային առաջնորդարանի ժողովասենեակում յատուկ ժողով գումարւեց, որին մասնակցեցին Թաւրիզի հայոց ազգային դպրոցների Հոգաբարձական կազմը եւ տնօրէնութիւնը:

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի նախագահութեամբ տեղի ունեցած ժողովին ներկայ էին «Հայկազեան-Թամարեան-Սահակեան» դպրոցի նորանշանակ տեսչուհի Սիլւա Աշըղեանը, Հոգաբարձական կազմի ներկայացուցիչ անդամներ՝ Հենրիկ Սայեադեանը, Արթուր Գէորգեանը, Անիտա Գէորգեանը եւ Այիդա Յարութիւնեանը:

Բացման խօսքով, Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը ընդհանուր շրջագիծը պատկերելով, ցոյց տւեց այն կարեւոր դերակատարութիւնը, որը վերապահւած է հայոց դպրոցին, համայնքի գոյատեւման իմաստով, այլապէս անիմաստ ջանք եւ ուժի անտեղի սպառում է լինելու ազգային իշխանութեան կատարած աշխատանքը, որքան էլ որ յաջող գործ լինի այն:

Սրբազան Հայրը իր օրհնութեան խօսքում փառք տւեց Աստծոյ, որ նոր տեսչութեան միջոցով կրթական այս սրբազան գործը շարունակւում է: Նա գնահատեց նախկին տեսչուհի Արմինէ Վահրամեանի վաստակը, յոյս յայտնելով, որ Սիլւա Աշըղեանը նոր եռանդով կը նւիրւի նոյն աշխատանքի շարունակմանը:

Այնուհետեւ Հոգաբարձական կազմի անդամները ողջունելով նոր տեսչուհու աշխատանքը, բարի առաքելութիւն մաղթեցին նրան: Կազմը իր անցեալի փորձառութեամբ ներկայացրեց նիւթականի ապահովման ծրագրերը, մտահոգութիւն յայտնելով յատկապէս ներկայ տնտեսական ճգնաժամի մէջ հայերէնագիտական մասնագէտ-դասատուների աշխատավարձի անբաւարար լինելը հաստատելով: Միշտ ապաւինելով Թեմական խորհրդի հոգածու վերաբերմունքին, Հոգաբարձական կազմը յայտնեց, որ հնարաւոր բոլոր միջոցները ի գործ է դնելու, աւելի արժանապատիւ ձեւով վարձատրելու վերոյիշեալ նիւթերը դասաւանդող ուսուցիչներին:

Սրբազան Հայրը եւ Թեմական խորհրդի անդամները միանգամ եւս կրկնեցին իրենց գործնական զօրակցութիւնը հայոց դպրոցի կարիքների բաւարարման առումով:

Տեսչուհի Սիլւա Աշըղեանը իր նոր փորձառութիւնը կիսեց ժողովականների հետ, յայտնելով աշակերտների առօրեայ կեանքին վերաբերող նորութիւնները, որոնք յատուկ ծրագրաւորումով իրականացւում են իր եւ իր գործակիցների համեստ միջոցներով: Աշակերտների հետ արագ մտերմանալը, նրանց կեանքին ու դժւարութիւններին մօտկից հաղորդ դառնալու լաւագոյն միջոց համարելով, նա փորձում է դպրոցում ամէն տեղ ներկայութիւն լինել, պահպանելու համար կրթարանի մեծ ընտանիքի հասկացութիւնը, որը անցեալից է ժառանգւել:

Ժողովական այս նիստը առիթ է հանդիսացել նոր ծրագրերի մշակման:

Related Articles

Back to top button