Ատրպատական

Թաւրիզի հայոց ազգային դպրոցը նշել է ձմեռնամուտը

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Դեկտեմբերի 1-ին, ծնողների, ուսուցիչների, հոգաբարձութեան եւ տեսչութեան միացեալ աշխատանքով եւ մեծ թւով թաւրիզահայերի մասնակցութեամբ նշել է ձմեռնամուտը, խանդավառելով մեծերին ու փոքրերին:

Առաւօտեան ժամը 11:00-ից մինչեւ կ. յ. ժամը 16:00 տեւած ձմեռնամուտի ծրագրի հովանաւորն էր Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը Թեմական խորհրդի հետ միասին: Ճաշկերոյթին ներկայ են եղել նաեւ Պատգամաւորական ժողովի անդամներ, գլխաւորութեամբ ատենապետուհի Արմինէ Վահրամեանի եւ ատենադպրուհի Անահիտ Յակոբեանի: Ծրագիրը տեղի է ունեցել ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, խանդավառ մթնոլորտում, որը առաջին ազդանշանն է եղել թեմում տեղի ունենալիք ամանորեայ հաւաքոյթների:

Կէսօրից յետոյ ժամը 13:00-ին սրահ ժամանելով, Սրբազան Հայրը օրհնել է սեղանը եւ իր գնահատական խօսքն ուղղել տեսչութեանը եւ բոլոր օժանդակողներին:

Ծնողական խորհրդի ժրաջան անդամների եւ բոլոր ծնողների կողմից պատրաստւած համադամ կերակրատեսակների վաճառք է տեղի ունեցել, որին ընդառաջել են թաւրիզահայերը՝ իրենց առատաձեռնութեամբ, քաջալեր հանդիսանալու համար քաղաքի հայոց հնադարեայ կրթարանին եւ այնտեղ ջամբւող հայեցի դաստիարակութեանը:

«Համազասպ Ոսկանեան» սրահի տնօրէնութիւնը, գլխաւորութեամբ տէր եւ տիկին Գրիգոր եւ Սօսէ Բահադորեանների, երաժշտական յարմարութիւն է դասաւորել, որը ե՛ւ ճաշի, ե՛ւ խանդավառ պահերին մնայուն ներկայութիւն է եղել սրահում: Սեղաննեը յարդարւել են գունագեղ փուչիկներով, տօնական յաւելեալ մթնոլորտ ստեղծելով:

Յատուկ դասաւորում է կատարւել նաեւ խաղանկիւններ ստեղծելու սրահում, որտեղ տարբեր տարիքի անհատներ, իրենց յարմար խաղերը ունէին սեղանների վրայ դրւած՝ ճատրակ, նարդի, նետախաղ, օձախաղ եւ այլ սեղանախաղեր, որոնցից իւրաքանչիւրը իր շուրջ համախմբել է իր տարիքի յարմար խաղացողներին:

Տեսչուհի Սիլւա Աշըղեանը ողջունել է Սրբազան Հօրը եւ նրա ընկերակիցներին, յայտնելով, որ սոյն ծրագիրը նախասկիզբն է Թաւրիզի հայոց ազգային «Հայկազեան-Թամարեան-Սահակեան» դպրոցի ամանորեայ հաւաքոյթների, որոնք հերթաբար տեղի են ունենալու դեկտեմբեր եւ յունւար ամիսներին:

Թաւրիզի հայոց ազգային դպրոցում երեւացող աշխուժութիւնը եւ դրա մեծ ընտանիքի աշխատունակ ոգին բացայայտ էր սրահում, որի մասին իրենց գնահատական վկայութիւնն են տւել բոլոր մասնակիցները: Սա առիթ է հանդիսացել նաեւ նւիրատւութիւնների, Թեմական խորհրդից սկսեալ մինչեւ մասնակիցներից շատեր: Տեղի է ունեցել նաեւ վիճակախաղ, որի բախտաւոր է հանդիսացել Քեւին Սաֆարեանը:

Related Articles

Back to top button