
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Շաբաթ՝ հոկտեմբերի 11-ին, Հայ Մշակոյթի օրւայ առիթով, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում, թեհրանահայ եւ պարսիկ արւեստի գործիչների եւ թաղամասի արւեստասէրների ներկայութեամբ իր 2 օր տեւողութեամբ տեղի ունեցաւ ճրտ. Պարթեւ Յակոբեանի արւեստի հաւաքածոյի ցուցահանդէսը: Ցուցահանդէսի առաջին օրւայ երկրորդ կէսին, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թ. Հ. Թ. ՊԺ ատենադպիր Արփի Ալավերդեանի, Տ. Խաչատուր քհնյ. Յարութիւնեանի եւ Հ. Մ. «Սիփան» միութեան վարչութեան նախագահ Հայկազ Շիրւանեանի ձեռամբ յուշանւէրներ յանձնւեցին ցուցահանդէսին ներկայ արւեստի գործիչներ Պարթեւ Յակոբեանին եւ Պերճիկ Յարութիւնեանին: Իրադարձութիւնը տեղի էր ունենում «Սիփան» միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ:
Ցուցադրութեան հանւած Պարթեւ Յակոբեանի ձեռամբ կատարւած արծաթի վրայ քանդակների, գորգերի նախշերի, եւ ուրարտական ցայտաքանդակաների հիման վրայ ներկայացւած պատումներով գծագրւած ցուցանմուշների կողքին ցուցադրութեան էր հանւել նաեւ նրա քրոջ Պերճիկ Յակոբեանի կտորի վրայ կատարած մանրասեղնագործութիւնները, այդ թւում ուրարտական զարդանախշերով աշխատանաքները:
«Նայիրի» սրահի հիւսիսային անկիւնը յատկացւել էր Պարթեւ Յակոբեանի դստեր՝ Թալին Յակոբեանի գեղանկարներին: Յիշեցնենք, որ Թալինի ստեղծագործութիւններից է նաեւ «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» մարզադահլիճի մուտքին փակցւած գեղանկարը:
Պարթեւ Յակոբեանի գորգանախշերի մասին կարելի է նշել, որ այն- ինչպէս հայկական գորգագործութեան դէպքում է իր տիպաբանութեան մէջ կրում է ե՛ւ վիշապագորգերին, ե՛ւ Արծւագորգերին, եւ վերջապէս ե՛ւ Օձագորգերին բնորոշ յատկանիշեր:
Այնպէս, որ Վիշապագորգը, սովորաբար, ունենում է վիշապների, Կենաց ծառի, փիւնիկի պատկերներ, նաեւ եռանկիւնաձեւ, ատամնաւոր շեղանկիւնով ու յաւերժութեան նշանով զարդանախշեր: Իսկ Արծւագորգերն ուղեկցւում են արծիւների սիմւոլիկ պատկերներով։ Օձագորգի դէպքում՝ օձի պատկերներ՝ մէջտեղում արեւի սկաւառակի նշաններով: Նշւած երեքն էլ առկայ են Պարթեւ Յակոբեանի «Ուրատու» գորգի նախշերում, որը թէեւ ցուցահանդէսով չցուցադրւեց, չնայած Պերճիկ Յակոբեանի «Ուրատու» ասեղնագործւած եւ չափսերով 3-ով 3 սփռոցում, նոյնութեամբ կրկնւել էր այն, ինչը հանդիսատեսի ուշադրութեանն էր արժանացել:
Ցուցասրահի մէկ այլ անկիւնում ատեղադրւած սեղանների վրայ աչքի էին ընկնում այն ալբոմները, որոնցում պահպանւում են Պարթեւ Յակովեանի գծած նախշերը, իրական չափսերով ու գոյններով: Դրանցում են պահւում նաեւ իրանական մինիատուրային (մանրանկաների) աշխատութիւնները, որոնք իրանցի գորգի վարպետների ձեռամբ, մետաքսէ թելերով հիւսւել եւ դարձել են արւեստագէտի բացառիկ հաւաքածոյի անբաժանելի մասը:
Պարթեւ Յակոբեանի աշխատութիւննեից եւ ոչ մէկը վաճառքի ենթակայ չէր: Դրանք պահւում են անձնական արխիւում:
Նրա արծաթի վրայ կատարած աշխատութիւնն ու փորագրութիւնները ցուցահանդէս այցելած արծաթագործ վարպետների հաւաստմամբ նմանը չունեցող աշխատանքներ են:
Ցուցասրահի ճակատային հատւածում՝ բեմի շքամուտքին էր տեղադրւած Պարթեւ Յակոբեանի պատրաստած վերջին գորգի լուսանկարը, որով արւեստագէտը Շահ Աբբասին է պատկերել իր պալատական երեկոյթի պահին՝ արքունիքի մասին ամբողջական պատումով:
Գորգի շնորհանդէսը շուտով տեղի կունենայ Սպահանի մշակութային կենտրոններից մէկում:
Յատկանշական է, որ «Նայիրի» սրահի ցուցահանդէսը, թէեւ ցուցանմուշների առումով բացառիկ հնարաւորութիւն էր հայկական մշակոյթով ու արւեստով հետաքրքրւողների համար, այնուամենայնիւ, ակնյայտ էր կազմակերպիչների արհեստավարժ մօտեցման բացը:
Նման մակարդակ ու որակ ներկայացնող ցուցահանդէսները նաեւ ապահովում են մասնագէտների եւ արւեստով հետաքրքրւած արհեստավարժ դէմքերի ներկայութիւնը, այդ թւում արւեստի անւանի գործիչների, Բուհական ու ակադեմիկ կենտրոնների դասախօսների ու ուսանողների, որոնց առաջինը հետաքրքրում է ցուցահանդէսի մասին արւեստագէտի հրապարակած «սթէյթմենթը» (յայտարարութիւն), իւրաքանչիւր ցուցանմուշի մասին պատմող նկարագրութիւնով: Այն ինչ այս դէպքում, այցելուն ոչ միայն չգիտէր որտեղից եւ ինչից ու ինչ մօտեցմամբ սկսել շփումը ցուցանմուշների հետ, այլեւ պարզ չէր, թէ քանի արւեստագէտի եւ նրաց գործերի հետ գործ պիտի ունենայ: Էլ չասենք, որ անձնական հանդիպումների ժամանակ տրւած հարցերից էր պարզւում միային, որ ցուցանմուշներից մի քանիսը ներկայ երեք արւեստագէտներից եւ ոչ մէկի աշխատանքը չէր: Դրանցից մի քանիսը Հայաստանից բերւած գործեր էին՝ Պարթեւ Յակոբեանի հաւաքածոյում իրենց ուրոյն տեղն զբաղեցնելով:
Երկրորդ, բայց ոչ պակաս կարեւոր խնդիրը՝ այցելուների կողմից ցուցանմշուներին ազատօրէն դիպչելը, կամ գորգերի խաւն ստուգելու համար շարունակ ձեռքով գորգերին դիպչելն ու գործերը քաշքշելն էր… մեղմ ասած՝ «մենք» երբեմն ցուցահանդէսը չենք զանազանում տօնավաճառից…
Պարսիկ արւեստագէտ, անւանի քանդակագործ եւ համալսարանի դասախօս դոկտ. Մորթեզա Մոթթաղին «ԱԼԻՔ»-ի լրագրողի հետ զրոյցում նշեց, որ ցուցահանդէսն իր էութեամբ եւ ցուցադրւող ցուցանմուշներով բացառիկ էր ողջ Իրանի մակարդակով: «Սակայն հայերը, ցաւօք, ինքնամփոփ են դարձել եւ նման բարձրորակ իրադարձութիւնների հաճոյքը չեն կիսում միւս իրանցիների հետ: Այս խնդիրը պէտք է խմբագրել: Առաջին քայլում՝ պարսիկ արւեստագէտների եւ ցուցասրահների հետ ծանօթացումը կը լինի, երկրորդը՝ ձեր սրտի ու ցուցասրահների դռները միւս իրանցիների վրայ բացելը»:
Պարթեւ Յակոբեանը եւս թերթիս լրագրողի հետ կիսւելով նշեց, որ ցուցահանդէսն արդէն թւով 1031-րդն է: Իսկ ցուցանմուշների ու գործերի քանակի մասին նա նշեց, որ դրանք այնքան շատ են, որ կարելի է տարբեր թեմաներով ցուցահանդէսներ անել:
Պերճիկ Յակոբեանն «ԱԼԻՔ»-ին յայտնեց նաեւ, որ Նոր Ջուղայում ուսանած Թեհրանից կամ միւս շրջաններից ուսանողների մեծ մասն ուսանողական շրջանն անց է կացրել Յակոբեան ընտանիքի Նոր Ջուղայի օջախի յարկի ներքոյ:
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ







